eva harutyunyan 2

Շարունակելին

Ժպտասեր արևը շռայլորեն ջերմություն էր փոխանցում, լուսինը զարդարում էր գիշերային թագավորության անթերի խավարը, անձրևն իր շաղակրատող կաթիլներով հանդարտ քայլում էր մեզ հետ, քամին թափահարում էր մեր հույզերն ու գլխապտույտ պարի հրավիրում, օդը շնչելու հնարավորություն էր տալիս, մարդիկ էլ անթիվ  իրարամերժ, փոխադարձ ու անփոխադարձ զգացմունքներ ունեին։ Կյանք կար մի ժամանակ։

Կյանքը հիմա հավատարմորեն շարունակում է իր անկանգ ընթացքը  ժամանակի մեջ, ապրում է, զգում է, գործում է, իսկ մենք․․․ Մենք հանկարծակի դուրս մնացինք նրա սահմաններից ու մինչ օրս փորձ ենք անում վերականգնել մեր տեղը, բայց չի ստացվում։ Կռիվը կյանքից ուժեղ գտնվեց։

2020-ի սեպտեմբերի 27․ հերթական աշունը անդարձ ու եսասիրաբար կիսում է շունչը ամենաանհավասար մասերի։ Ու մի պահ ուզում ես փակել իրականության արյունոտ աչքերը, կողպված մնալ քո իսկ ստեղծած միանձնյա կառավարվող աշխարհում, փակել նրա ճերմակ պատուհանները, որ ուրիշի աղտոտված գոյության որևէ մասնիկ ներս չթափանցի, որ անցանկալի ճշմարտության ձայնը լսելի չլինի քեզ համար, որ չնայես այն աչքերին, որոնք դեռ ԿՅԱՆՔ պիտի տեսնեին, բայց չտեսան։ Մեղքի զգացում, անբացատրելի զգացում կա, որ ուրվականի պես հետապնդում է անընդհատ։

«Գիտե՞ս, որ Արցախում կռիվ է սկսել։ Քեզ զանգե՞լ է, որտե՞ ղ են հիմա, ինչպե՞ս են։ Ասում են՝ այս անգամ վիճակը շատ լուրջ է։ Արդեն զորահավաք են հայտարարել։ Տանում են, բոլորին տանում են։ Ի՞նչ է լինելու»։

Մղձավանջի հիմնական մասը 44 օր է տևում, բայց միևույնն է, այն չի ավարտվում։  «Մի քանի ամսից պիտի ավարտեր ծառայությունը։ Խոստացել էր, որ կգա, բայց․․. Ընկերոջ կյանքը փրկելիս զոհվեց։ Որոշել էին, որ ծառայությունից հետո ամուսնանան։ Ինչպե՞ս պիտի ապրենք առանց մեր միակի։ Ոչ ոք չի կարող փոխարինել նրան։ Զինադադարից ընդամենը մի քանի ժամ առաջ զոհվեց։ Շատ պլաններ ուներ ծառայությունից հետո։ Շատ էր սիրում երգել։ Ուզում էր արտերկրում սովորել։ Արվեստով էր ապրում»։

Տարավ, տարավ առանց սպասելու, առանց հարցնելու, առանց հրաժեշտի, ուղղակի տարավ։ Մի վերջին անգամ չլսեցինք նրանց ձայնը, չգրկեցինք ամուր, չտեսանք իրար։ Մենք կյանքի դեմ ԱՆԿՅԱՆՔ մնացինք։

Աննպատակ թափառող ենք դարձել։ Թափառում ենք անգին հիշողությունների անվերջ շղթայում, թափառում ենք բազում հարցերի անպատասխան խավարում, ուզում ենք ելք գտնել անլուծելի գաղտնիքների անվերջ թվացող լաբիրինթոսից, խեղդվում ենք անշունչ նկարներից մեզ նայող ամենաանկեղծ հայացքից, կծկվում ենք ամեն վայրկյան հոգին կրծող ուժգին ցավից, գոռում ենք դառն արցունքների կույտի միջից, ջանք ենք թափում վերջին անգամ գոյատևելու հնար գտնել,  փախչում ենք մեզ պատած անխուսափելի իրականությունից։

Մեզ շատ բան չմնաց՝ կորցրած հայրենիք, ոտնակոխ արած հպարտություն, զոհեր, գերիներ, անհայտ կորածներ, վիրավորներ, բազում եռաբլուրներ, ցավ ու տառապանք, անասելի կարոտ ու անչափելի ափսոսանք։

Ինչո՞վ, ինչպե՞ս կամ ինչու՞ է պետք ապրել։ ԱՊՐԵԼ է պետք, որովհետև նրանք մեզ թողեցին ամենաթանկը՝ ԿՅԱՆՔԸ՝ նախընտրելով երկինք բարձրանալ հանուն մեզ։  Իմաստավորված ու արժանի կյանքով է պետք ապրել՝ նրանց հիշատակը հավերժ մեր սրտում պահելով։  Ապրել է պետք, որովհետև մեր կողքին հիմա ապրում են հերոսները՝ հենց մեր աչքերին նայելով։

Անշուշտ, ավելի հեշտ է ինչ-որ բառեր շարել կողք կողքի, քան իրականում գործել, բայց հաճախ անելիքների իրականացումը հենց մեր մտքերից, պատկերացումներից, ցանկություններից ու խոսքերից է սկսում։ Ցավն ու կարոտը  անգործությամբ, անվերջ լացով կամ անտարբերությամբ հնարավոր չէ ծածկել, դա ոչինչ չի վերադարձնելու, ընդհակառակը վերջնականապես խլելու է այն, ինչ դեռ մնացել է։ Դժվար է վերականգնվելը, կրկին արևով ժպտալը, լուսնով ու աստղերով հիանալը, անձրևով ու քամով խելագարվելը, զգալու ունակությունը վերադարձնելը, մեր անդեմ էության ու գոյության համար իմաստ ու արդարացում գտնելը, բայց նաև ծանր է գորշ դատարկության պատերը ողջ ուժով անվերջ ճանկռելը, ամենօրյա ռեժիմով մեր ուղեղը անպատասխան հարցերով լցնելը, մռայլությամբ պատած անդունդի խորքում այդքան ցանկալի հանգստություն փնտրելը։

Սիրտն այժմ ոչ թե ժպտում, այլ ակնդետ զննում է, հոգին ոչ թե զգում, այլ  անշունչ քարանում է, հայացքը ոչ թե ցույց է տալիս, այլ հնարավորինս թաքցնում է, աչքերը ոչ թե խոսում, այլ խորհրդավոր լռում են։

Մահը կյանքի հոմանիշն է դարձել, կորցնելը՝ հանդուրժելի օրինաչափություն։ Տեսնես մենք երբևէ կհասկանա՞նք  կյանքի՝ երբեմն անհամաչափ գործողությունների ու արարքների հաջորդականության, նրա մատուցած անակնկալների իրական իմաստը։

ժպտասեր արևը շռայլորեն ջերմություն է փոխանցում, լուսինը զարդարում է գիշերային թագավորության անթերի խավարը, անձրևն իր շաղակրատող կաթիլներով հանդարտ քայլում է մեզ հետ, քամին թափահարում է մեր հույզերն ու գլխապտույտ պարի հրավիրում, օդը շնչելու հնարավորություն է տալիս, մարդիկ էլ անթիվ  իրարամերժ, փոխադարձ ու անփոխադարձ զգացմունքներ ունեն։ Կյանք կա հենց հիմա։