diana karapetyan

Շնորհակալ եմ, Լիլիթ

Երկար ժամանակ է` չէի մտել 17.am-ի կայքը, ու ինձ մի տեսակ մեղավոր էի զգում: Ախր, այնտեղ նոր նյութեր կան, որոնք դեռ չեմ կարդացել:

Բացեցի կայքը ու սովորությանս համաձայն, սկսեցի սկզբում վերնագրերը կարդալ: Դե, եթե վերնագիրը հետաքրքրեց, ուրեմն նյութն էլ կհետաքրքրի:  Աչքս ծակեց մի նյութ` «Դիանա, սպասում եմ» վերնագրով: Մի տեսակ հետաքրքրեց, թե ում մասին է, և ինչ է այդ նյութի հեղինակը` Լիլիթը, սպասում այդ Դիանայից: Բացեցի ու սկսեցի կարդալ ու  չէի սպասում, որ այդ նյութի Դիանան ես կլինեմ, որ Լիլիթը իմ նոր նյութերին է սպասում: Աչքերս միանգամից արցունքով պատվեցին: Ես հպարտություն և ուրախություն էի զգում, ես չէի սպասում, որ կա այնպիսի մեկը, ում իմ նյութերը հոգեհարազատ են: Ոգևորվածությունս այնքան մեծ էր, որ անգամ մայրիկին ասացի, որ մի աղջիկ իմ մասին է նյութ գրել, որտեղ ասում է, որ շատ է հավանում իմ նյութերը, որ սպասում է իմ նոր նյութերին:

Լիլիթ, գիտե՞ս, ավելի ուրախացա, որ մենք նույն տարածաշրջանից ենք, ու գիտե՞ս, շնորհակալ եմ, որ կարդում ես իմ նյութերը, ու շնորհակալ եմ այդ նյութիդ համար: Այն ինձ շատ ուրախացրեց, իսկ նոր նյութեր դեռ շատ կլինեն և հուսամ, որ նրանք քեզ էլի դուր կգան: