Շնորհավոր ծնունդդ, որտեղ էլ որ լինես

….կարևոր չի, թե հիմա սա ով կկարդա, կարևորը` որ հետո դու կարդաս:

Դատարկ խաչմերուկում ոչ ոք չկա: Միայն երբեմն ինչ-որ կանայք են անցնում: Ձեր տուն են գնում գալիս: Ես չգիտեմ նրանք ինչպես են նայում ձերոնց աչքերին, չգիտեմ ինչ են խոսում նման դեպքերում, ինչ են հարցնում: Ես միայն մի բան գիտեմ, ու մի բան եմ տեսնում` խաչմերուկը դատարկ է, դատարկ, ինչպես լինում էր ամառվա կեսօրին:

Գիտե°ս, շունդ երբեմն հայտնվում է էս դատարկ ու տխուր բակի փողոցներում: Գալիս ուղղակի պտտվում ու հետ է գնում: Առաջ միշտ հենց շունդ գալիս էր, հասկանում էինք, որ ուր որ է` դու էլ կհայտնվես: Գալիս էիր քո ծանր քայլվածքով, ու ոչ ոք չէր ենթադրի, որ էս բակում ամենալավը դու ես վազում, որ էս գյուղում ամենալավը դու ես ֆուտբոլ խաղում, որ էս գյուղում միայն դու ես կարող բրեյք դանս պարել: Գալիս էիր ու սուր խոսքերովդ ամեն մեկին բարևի հետ մի մակդիր կպցնում ու ոգևորված պատմում, թե երեկվա ֆուտբոլը ոնց վերջացավ, թե քաղաքական դաշտում ինչ կա-չկա, թե գիտնականները նոր ինչ են բացահայտել:

Նոր եմ հասկանում` ինչքան բանից էիր խոսում: Գիտե՞ս, երբ խոսում էինք, բոլորին տալիս էիր իրենց պատասխանը: «Լեզվով օձին բնից կհանի», մայրդ էր ասում: Մենք էլ սուսուփուս համաձայնվում էինք, որովհետև դա ճիշտ էր այնքան, ինչքան այն, որ այսօր ծնունդդ է:

Դու ձեր տան միջնեկն ես, միջնեկներից միշտ ավելին են պահանջում, որովհետև նրանք պիտի անեն այն, ինչ մեծերը չեն արել, ու լինեն այն օրինակը, որին ուզում են հասնել փոքրերը: Դու իսկական միջնեկ ես, որ կաս: Բոլորն ասում են` հատուկ ես, դրա° համար հատուկջոկատային դարձար…

Գիտե°ս, մենք բոլորս ունենք դեռ այն, ինչ կոչվում է հույս, ինչ որ տեղ, բոլորս պահել ենք մեր հույսը: Եղբայրդ աղոթում է: Ասաց, որ բարկանում է այն երեխաների վրա, որոնց թվում է, թե եկեղեցում վառված մոմը տորթի վրայի մոմ է, ու փչում են: Երեխա են` չեն հասկանում, իսկ դու եղբորդ մեծ դարձրեցիր ավելի, քան կար:

Գիտե°ս, ես չեմ ուզում, որ մեր խաչմերուկում հավերժ այրի արևը, ու այն դատարկ մնա, չեմ ուզում շանդ տեսնել ու մտածել թե չես գալու նրա հետևից:

Մենք սպասում ենք:

Այս գյուղը, այս թաղը լուռ է, տներից միայն թանձր ու սպիտակ ծուխ է բարձրանում, բարձրանում է սպիտակ ցուրտը ու խառնվում սպիտակ լռության հետ: Այս գյուղում, այս բակում սպիտակ սպասում է:

Գիտե°ս, ուզում եմ, որ այս ամենը մեր խաղի նման լինի, ուղղակի` հալամոլա, ու դու, ինչպես միշտ` լավ թաքնված լինես, փնտրենք անընդհատ, հետո, ինչ որ տեղից դուրս թռչես, փախչես բոլորից ու գաս, ձեռքի ափով խփես պատին ու գոռաս` հալամոլա, Արման:

Շնորհավոր ծնունդդ, որտեղ էլ որ լինես: