Anahit Arshakyan

Շնչելու կարողություն

Ընդամենը մի քանի րոպե, և ես կապրեմ այն, ինչ պետք է: Ընդամենը մի քանի կանգուն րոպեներ: Ընդամենը որոշակի րոպեներ ու ոչ մի թուլություն, րոպեներ, ու ոչ մի պատմություն: Դատարկ հորիզոն, սպիտակականաչ լուսավորություն, գետի խշշոց ու ցուրտ: Կանգուն ու հաստատուն րոպեներ, և ես դրանք չեմ պահի, չեմ բռնի, չեմ փորձի հիշել: Րոպեներ, որոնք կլինեն ու կթափվեն բոլոր տերևների հետ:

Խորը շունչ. օդը պաղ է ինչպես անիրականությունը, մարմինը կանգ է առել սառնությունից ու անէանալուց: Եսը օդում չկա, չկա որևէ տեղ, ոչինչ չկա, բայց կա շնչելու կարողություն:

Ես քայլում եմ երկաթգծերով, սառնությունը տաքացնում է ինձ ու մնում է սառը: Շա՜տ ծառեր կան ու կան թռչուններ: Շուրջբոլորը չի տալիս, չի տանում, չի ուզում, չի գալիս, չի գնում, չի մնում, չի լքում, չի տանջում, չի սփոփում, չի լսում, չի խոսում:

Մի աղջիկ կա, ականջակալներով երգ է լսում, գնում գալիս է: Նայում եմ նրան ու սայթաքում եմ: Մի մարդ կա, վազում է, գնալով փոքրանում է, գնալով սևանում ու հեռվանում է ու էլ  չի երևում:

Իսկ դու գիտեի՞ր, եթե քայլես թրջված փայտի վրայով՝ կսայթաքես: Եթե երկար ժամանակ մի կետի նայես՝ այն կանհետանա: Կարող ես բարձր տեղ նստել և ընկնելուց չվախենալ: Կարող ես ջուրը մտնել ու թրջվելով՝ հանգստանալ ու խեղդվելու մասին չմտածել: Կարող ես տերևների մեջ թաղվել ու չվախենալ, որ այլևս ոչ ոք երբևիցե քեզ չի գտնի: Կարող ես նստել կանգնած գնացքն ու շարժվել:

Աներևույթ հորիզոն, զբոսնող աշխարհ, տաք արտաշունչ, թաց ճանապարհ:

Մեկ շունչ՝ ամեն ինչ, մեկ արտաշունչ՝ ոչինչ:

Ահա ես թունելի մոտ եմ: Այն սև է:

Սպիտակ լույս է երևում, ու երևի թե ցուրտ կլինի:

Չեմ մրսում: