Շուտով էլի դպրոց

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Սեպտեմբերի մեկ՝ ոմանց համար սիրելի, ոմանց համար անտանելի դարձած օր: Ես պետք է առաջին անգամ դպրոց  գնայի ու գնացի: Ես սկսեցի սիրել դպրոցը առաջին իսկ օրվանից: Դե, բոլոր նրանք, ովքեր վաղուց հաճախում են դպրոց, պետք է որ արդեն իրենց որոշակի կարծիքն ունենան այդ վայրի մասին: Հավանաբար ես դպրոցը սիրում էի  դասընկերներիս ու ուսուցիչներիս շնորհիվ: Նրանք միշտ ինձ լավ էին վերաբերվում: Անցավ մի քանի տարի:
Ձմեռ էր, փետրվարյան մի պայծառ օր: Արդեն չորրորդ դասարանում էի: Դասերը ավարտվեցին: Ինձ տուն տանելու նպատակով դպրոց էր եկել մայրս: Հորս մահից հետո իմ կյանքի մռայլ գույներին նա էր վառ երանգավորում տալիս: Մենք որոշեցինք այցելել մեր ազգականներից մեկի տուն: Ես խաղում էի այդ տան փոքրիկի’ հինգամյա Զարուհու հետ: Միշտ շատ երկար էի ցանկանում մնալ նրանց տանը, իսկ այս անգամ մի տեսակ շտապում էի: Մորս խնդրեցի, որ գնանք տուն, պատճառաբանելով, թե դասերը շատ են: Դուրս եկանք նրանց տնից ու ճամփա ընկանք դեպի մեր տուն: Թեպետ օրը տաք էր, բայց սառը օդի առկայությունը ակնհայտ էր: Բոլորը հագել էին ճտքավոր կոշիկներ ու տաք վերարկուներ: Ես ամուր բռնել էի մորս ձեռքը, պատմում էի նրան, թե ինչ զավեշտալի դեպքեր են տեղի ունեցել դպրոցում, իսկ նա ուշադիր լսում էր:  Հետո ես դիմացս նկատեցի ձյուն: Բարկությամբ նայեցի այդ ձյան թմբին ու եսասեր աղջկա նման ասացի.
-Ինչո՞ւ պիտի ես քայլեմ այս սառը ձյան միջով:
Ախ, որքան հիմար եմ եղել ես, բայց զղջալու համար ուշ է արդեն: Ես բաց թողեցի մորս ձեռքը և վազեցի դիմացի ճամփեզր: Միայն ափսոս, ոտքս չհասցրի դնել ճամփեզրին: Հեռվից  մի մեքենա եկավ՝ կտրուկ արագություն հավաքելով,  տեղի ունեցավ վրաերթ: Այդ ամենից բացի ոչինչ չեմ հիշում ու չեմ էլ ուզում հիշել: Մեքենան գնացել է որոշ ճանապարհ , հետո վարորդը հասկացել է իր սխալը ու հետ վերադարձել: Նա ինձ իր մեքենայով հիվանդանոց էր տարել: Անելանելի վիճակ էր ստեղծվել: Բժիշկները հույսները կորցրել էին, թե կկարողանան ինձ փրկել: Վնասել էի գլուխս, աջ  ոտքս ամբողջությամբ փշուր-փշուր էր եղել: Նրանք մտածում էին, որ միայն հրաշքը ինձ կփրկի, հակառակ դեպքում ես կմեռնեմ: Ես  երեք օր գիտակցություն չունեի: Ընտանիքիս անդամներն ու հարազատներս  մինչև վերջին պահը աղոթում էին ինձ համար: Աստված ինձնից երես չթեքեց: Նա փրկեց իմ կյանքը: Ես հասկացա, որ կյանքում ինչ-որ կարևոր բան ունեմ անելու և  մինչև  չիրագործեմ այն, կյանքին հրաժեշտ չեմ տա: Ի վերջո ես իմ ընկուզագույն աչքերը բացեցի ու ասացի.
-Մեր դասղեկին ծաղիկ գնելու համար գումար ենք հավաքում, կտաք ծնողկոմիտեին:
Հետո իմանալով  այդ մասին, զարմանք ապրեցի, թե ինչու եմ հենց այդ խոսքերն ասել, զարմանում էի, բայց նաև  հպարտանում, որովհետև ես հավատարիմ աշակերտ լինելով եմ նրան հիշել: Դասղեկից զատ ես հիշում էի դասընկերներիս: Ես ամեն օր երազումս տեսնում էի դասարանս, դասընկերներիս, ուսուցիչներիս: Լիովին ապաքինվելուց հետո գնացի դպրոց: Քննություններս հանձնեցի: Այդ տարի դպրոցը ավարտեցի գերազանց առաջադիմությամբ: Եկավ ժամանակը արձակուրդ գնալու: Արձակուրդները անցան միապաղաղ, սակայն ես ոչինչ փոխել չէի կարող:
Էլի սեպտեմբերի մեկ, էլի ոմանց համար սիրելի, ոմանց համար անտանելի դարձած  օր: Ես դպրոց գնալով իմացա, որ մեր դասարանը պետք է ցրեն, քանի որ երեխաների քանակը քիչ էր: Դասարանը ցրելուց հետո մատյանում առաջինից ութերորդ համարը կգնա ա դասարան, իսկ դասարանի մյուս մասը  բ դասարան:  Ես հինգերորդ համարն էի, հետևաբար բարի գալուստ հինգի ա դասարան: Ինձ այդ դասարանի երեխաները առաջին իսկ հայացքից դուր եկան: Նրանց հետ բավականին շուտ մտերմացա: Նրանք բոլորն էլ շատ բարի, կատակասեր, խելացի և  ընկերասեր երեխաներ էին: Շատ սիրեցի նրանց բոլորին: Նրանք ինձ համար թանկ էին, ինչպես հարազատ քույր ու եղբայր: Բացի ընկերներից, ձեռք բերեցի անչափ բարի ուսուցիչներ: Դասղեկս շատ սիրալիր էր իմ հանդեպ ու մյուս դասընկերներիս: Մեր հայոց լեզվի ուսուցչուհու հետ այնքան կապվեցի, որ ինձ մոտ ցանկություն առաջացավ  ապագայում նրան նմանվել ու դառնալ հայոց լեզվի ուսուցչուհի: Ես մինչ այսօր էլ սիրում եմ նրանց բոլորին և  ցանկանում եմ, որ այս կյանքում բոլոր մարդիկ լինեն նրանց պես բարի:

Ուզում եմ ևս մի անգամ ասել իմ բոլոր դասընկերներին ու ուսուցիչներին ես բոլորիդ անչափ շատ եմ սիրում: