Lilit vardanyan

Ո՞նց թե, պատվաստվա՞ծ ես

-Տատ, արի գնանք պատվաստվելու,- առաջարկում է եղբայրս։

-Պատվաստվելը ինչի՞ս ա պետք,- ամեն անգամ պատասխանում է տատիկը։

Մոտ 4 ամիս է, ինչ Հայաստանում կան պատվաստանյութեր, բայց շատ քիչ մարդ գիտեմ, ովքեր արդեն պատվաստվել են։ Պատվաստանյութերի նկատմամբ անվստահությունը բոլոր երկրներում է, բայց Հայաստանում կորոնավիրուսը արդեն վաղուց մոռացված հիվանդություն է։

Պատվաստանյութերի առաջացումը բերեց նոր օրենքներ և նոր սահմանափակումներ, որոնք ոչ բոլորին են դուր գալիս։ Իսկ ինչու՞ լինել պարտավորված պատվաստվել ճանապարհորդելու համար, ինչու՞ դիմակ կրել, եթե պատվաստված չես, ինչու՞ պատվաստվել, եթե վարակն ուղղակի հիվանդություն է։

-Լիլիթ, նախագիծ կա, որ ուսանողները կա՛մ պետք ա պատվաստված լինեն, կա՛մ էլ երկու շաբաթը մեկ թեստ հանձնեն։

-Պապ, բայց մի քիչ ու՞շ չի։ Գոնե ամառային արձակուրդների ընթացքում որոշումը կայացնեին։ Համարյա վստահ եմ, որ ոչ մեկը չի ուզի պատվաստվել,-պատասխանեցի ես։

Լինեմ անկեղծ, բավականին ուրախ էի՝ լսելով այդպիսի նախագծի հնարավոր լինելը, բայց միաժամանակ պատկերացրի համալսարանում տիրող խառնաշփոթն ու բողոքները․ մի ամբողջ գլխացավ։

Պատվաստվելու մասին ես մտածել էի այդ նախագծի մասին լսելուց շատ ժամանակ առաջ։ Բայց մինչ այդ ես չէի ունեցել ժամանակ կամ էլ առիթ պատվաստվելու համար, որովհետև որքան էլ վճռական լինեի, միևնույն է, ունեի որոշ պատճառներ և կասկածներ չպատվաստվելու համար։

Ընտրությունը շատ չէր։ Քանի որ հայրիկս շատ է ճանապարհորդում, իսկ հորեղբորս աղջիկը պետք է գնա Կանադա, նրանք արդեն պատվաստվել էին Աստրա Զենեկայով։ Ինձ այդքան էլ դուր չէր գալիս այդ Աստրա Զենեկայով պատվաստվելու միտքը, որովհետև կողմնակի էֆեկտները ինձ դուր չեն գալիս։ Սպուտնիկը միանգամից բացառվեց միայն ռուսական լինելու պատճառով (որոշ չափով էլ Աստրայի նման կողմնակի էֆեկտների)։

Վերջնական որոշումս դարձավ Կորոնավակը, որովհետև իմ որոնումների արդյունքում պարզվեց, որ մարդիկ չեն ունենում ջերմություն և թեթև են տանում պատվաստումը։

Մեգամոլի դիմացի պատվաստման կետում հերթ էր՝ մասնավորապես պարսիկներից կազմված։ Անիմաստ չսպասելու համար հարցրինք՝ Կորոնավակի միայն երկրորդ դեղամիջոցից կար։

-Կարո՞ղ եք էրեխեքին պատվաստել,- հարցրեց հայրիկը պոլիկլինիկայում։

-Երեխաներին չենք պատվաստում,- ասաց բուժքույրը՝ ենթադրելով, որ ես ու եղբայրս դեռ երեխա ենք։

Հայրիկը դեռ չէր հասցրել հասկանալ, թե ինչ է կատարվում, երբ ես, սովորության համաձայն, միանգամից պատասխանեցի․

-Բայց մենք էրեխա չենք։

Մի քանի րոպե սպասելուց և սենյակները պարզելուց հետո, մենք արդեն գրանցվում էինք՝ Կորոնավակով պատվաստվելու համար։

-Առաջինը աղջիկը,- ասաց մեզ ստուգող բժիշկը։

-Չէ, թող առաջինը ինքը լինի,- ասացի ես՝ մտածելով, որ գրանցվելուց հետո միանգամից պատվաստելու են։

Ամբողջ ամառվա ընթացքում այդքան ժամանակ ունեի պատվաստվելու, բայց երբեք չէի պատկերացրել ինձ պատվաստվելուց։

-Ճնշումը՝ 110/70,- ասաց ինձ ստուգող բժիշկը, որը ինձ բավականին զարմացրեց, որովհետև դեռ կես տարի առաջ 90/60 էր։

-Ծերանում եմ էլի,- կատակեցի ես։

Առաջին անգամ իմացա սատուրացիայի մասին, որը բավականին բարձր էր։

Պատվաստման սենյակում մեզնից առաջ 4 հոգանոց ընտանիք էր։ Կինը և տղամարդը սպասում էին մյուս երկուսին։

- Չե՞ք պատվաստվում,- հարցրեց բժիշկը։

Նրա տոնից երևում էր, որ առաջին անգամը չէր տալիս այդ հարցը։

-Սպասենք մյուսներն էլ գան, որ բոլորով միասին պատվաստվենք,- ասաց կինը, որի աչքերում մի փոքր վախ կար։

Որոշ ժամանակ անց ես և եղբայրս նրանցից առաջ անցանք։ Պատվաստողը բարեհամբույր և ժպտերես 50-ն անց կին էր։ Նա նույնպես սկսեց ինչ-որ թղթեր լրացնել։

-Հիմա մեր սիրուն աղջկանը,- ասաց նա, երբ վերցրեց իմ թղթերը,- բա դուք պատվաստվե՞լ եք, որ ձեր էրեխեքին ռիսկով բերում եք պատվաստվելու,- հարցրեց նա հայրիկիս։

-Ես շուտ եմ պատվաստվել,- պատասխանեց հայրիկս և ցույց տվեց իր սերտեֆիկատը։

-Առաջինը դու ես,- ասացի ես եղբորս՝ շատ լավ գիտակցելով, որ միևնույն է, հաջորդը ես եմ լինելու։

Չունեմ վախ բժիշկներից կամ պատվաստվելուց, բայց պատվաստանյութի ազդեցության մասին քիչ տեղեկությունը կամ էլ տեղեկության պակասը անհանգստացնող է։

-Իսկ կարո՞ղ եք ձախ ձեռքը պատվաստել,- հարցրի ես, որովհետև սիրում եմ աջ կողմի վրա քնել և աջլիկ եմ։

-Իհարկե, իմ սիրուն աղջիկ։

Մի փոքր ավելի ցավոտ էր, քան պատկերացնում էի (իսկ ես մտածում էի, որ չի ցավի)։

Պատվաստանյութի առաջին դեղաչափից ոչ մի կողմնակի էֆեկտ չզգացի, բացի պատվաստված ձեռքի մի փոքր ցավից։ Երեկոյան չափեցի ջերմությունս՝ 36,5 էր։

«Էրեխեք, ուսանողների պարտադիր պատվաստման մասին տեղյա՞կ եք»,-կարդացի ես, երբ մտա կուրսի չատ։

-Սկսվե՜ց,- ասացի ես՝ հիշելով կորոնայի պատճառով անցած ուսումնական տարվա խառնաշփոթը։

Հ․Գ․- Պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալու եմ դասերը սկսելուց մի շաբաթ անց։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի, և թեթև կտանեմ։