Լուսանկարը` Հռիփսմե Եղիազարյանի

Ողբերգություն

Վարդավառ, բանակի քեֆ, երգ, պար և ուրախություն: Պարում էի մորաքրոջս երեխաների հետ, ու մեկ էլ մայրս անհանգիստ ձայնով ինձ կանչեց և ասաց.

-Ան, քո դասարանի Արմինեի համարը տուր:
Անկեղծ, մտահոգվեցի ու մտածեցի, թե ինչո՞ւ է մայրս ուզում Արմինեի համարը: Պարզվեց, որ կորել էր քավորիս երկամյա տղան: Սկսեցի իրար խառնվել, արագ զանգեցի նրան, բայց ոչ մի նորություն չուներ: Զանգեցի այն ծանոթներիս, ովքեր ապրում էին նրանց հարևանությամբ, և ոչ ոք ոչ մի նորություն չուներ երեխայից, փոքրիկ Նվերիկը չկա ու չկա: Անհանգիստ սպասում էի մի նորության, սպասում էի, թե ով կզանգի ու մի լուր կհայտնի: Աղոթում էի, որ երեխային ինչ-որ տեղ քնած գտնեն, որ ոչ մի բան պատահած չլինի: Էլ աչքիս չէր երևում ոչ՛պարը, ոչ՛երգը, ոչ մեկ: Մեկ էլ մայրս եկավ ու ասաց, որ երեխային գտել են: Անկեղծ շատ ուրախացա, բայց երբ ասաց շարունակությունը, որ մահացած են գտել, մի պահ տեղումս սառեցի ու աչքերիցս արցունքներ հոսեցին:

Մայրս ասաց, որ երեխային գտել էին առվակի միջից: Ընկել է ջուրը խեղդվել ու հասել բաղնիքի դուռը: Չհավատացի: Ինչպե՞ս կարող է երկու տարեկան երեխան ընկնել առվի մեջ ու գյուղի սկզբից հասնել գյուղի վերջը:

Հաջորդ օրը մերոնք բարեկամներով գնացին քավորի տուն՝ ցավակցելու: Նրանց տնից վերադառնալուց հետո բոլորն սկսեցին պատմել, որ երեխային վրաերթի են ենթարկել, հետո դրել առվի մեջ և հեռացել:
Մեր գյուղը սարսափից սառել է: Ինչպե՞ս կարող էին… Խիղճ չե՞ն ունեցել: Գոնե առաջին օգնություն ցույց տային… Չգիտեմ՝ ինչպե՞ս կարող է մարդն այդքան դաժան լինել, ինչպե՞ս է հիմա գլուխը հանգիստ դնում բարձին, նա իր հանգիստը չի՞ կորցրել:

Գիտեք, մտածում եմ նաև, որ այդ մարդը կարող է նաև մեր գյուղից լինել…

Ամբողջ օրը տառապում եմ: Փոքրիկ Նվերիկ, դու մեզ նվեր էիր ուղարկված, բայց մենք արժանի չեղանք…