Ոչ միայն զենքով, այլև արվեստով․․․

Միշտ ցանկացել եմ նկարել իմանալ, բայց չեմ կարողացել: Հիշում եմ միայն, որ միշտ ցածր էի ստանում նկարչություն առարկայից, որովհետև չէի կարողանում գեղեցիկ նկարել: Վերջերս մի միտք էր ինձ տանջում` նկարիչներ ծնվո՞ւմ են, թե՞ դառնում: Սկսեցի որոնել մեկին, ով լավ նկարում է ու կպատմի, թե ինչպես սովորեց նկարել: Ուրախությամբ նշեմ, որ երկար չփնտրեցի։ Պարզվեց եղբորս ընկերը նկարիչ է, բայց նաև պարզվեց, որ բանակում է ծառայում, այն էլ` Ղարաբաղում: Տխրեցի, մտածեցի, որ հարցազրույցը չի ստացվի, բայց փորձեցի նրա ընտանիքի անդամների հետ կապնվել: Նախ զրուցեցի նրա ընտանիքի անդամների հետ։ Եղբայրը պատմեց Վահե Բաղումյանի մասին, ցույց տվեց նրա նկարները: Զարմացած նայում էի։ Փաստորեն`նկարիչ ծնվում են, որովհետև այն նկարները, որոնք ցույց էին տալիս, նկարել էր փոքր ժամանակ: Հարցազրույց լիարժեք չկարողացա անել, քանի որ տղան ծառայում էր, բայց նրա ասած քիչ տեղեկությունները, լսածս ու տեսածս կփորձեմ ներկայացնել:

Հաճախել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը: Բանակում այժմ մասնակցում է համաբանակային մրցույթների, պատվոգրեր ունի: Մինչ բանակ գնալը դասավանդել է Սուրբ Ստեփանոս կենտրոնի կազմակերպած լուսանկարչական դասընթացներում: Իր սաների հետ մասնակցել է տարբեր մրցույթների, գրավել է մրցանակային տեղեր: Մինչ բանակ գնալը ունեցել է նաև անհատական ցուցահանդես Երևանի բնության պետական թանգարանում: Վահեն մանկուց է սիրել նկարել: Վահեի եղբայրը հիշում է, որ երբ ծնողները հարցրել են Վահեին, թե ինչ է ուզում դառնալ, նա լուռ նրանց դեմքին է նայել, բայց մի օր, երբ ծնողները տանը չեն եղել, վերցրել է մայրիկի շպարի պարագաները և սկսել է նկարել: Երբ ծնողները եկել ու տեսել են Վահեի նկարը, հասկացել են` որդին նկարիչ է դառնալու և տարել են նկարչության դասերի: Ծնողներն ասացին, որ դպրոցում էլ ամբողջ օրը նկարում էր։

-Վահեն որոշել է դառնալ գեղանկարիչ ու այդպես էլ անելու է,- ասաց եղբայրը: Երազում է արտասահմանում բարձրագույն կրթություն ստանալու մասին, տեսնենք` ինչպես կլինի: Ամեն դեպքում, նա նկարիչ դառնալու համար է ծնվել: Մի օր ինձ ասաց, որ բանակում ծառայելով հասկացել է, որ ոչ միայն զենքով, այլև արվեստով և մշակույթով պետք է հայրենքիդ ծառայես: Այդպես էլ անում է:

Թեպետ էդպես էլ չկարողացա զրուցել Վահեի հետ, բայց հասկացա, որ իրոք տաղանդավոր մարդիկ շատ կան։ Իսկ ես չէի իմանա Վահեի մասին, եթե չլիներ իմ հետաքրքրասիրությունը: Տաղանդավոր մարդ դառանալու համար շատ աշխատել է պետք և սիրել այն գործը, ինչով զբաղվում ես: Վահեն սիրում է նկարել, իր նկարներից երևում է, թե ինչ սիրով են դրանք նկարված: