Ով պետք է մտածի

Լուսանկարը՝ Աստղիկ Դավիթավյանի

Լուսանկարը՝ Աստղիկ Դավիթավյանի

Իմ գյուղը` Օձունը, շատ հին է, դեռ մ.թ.ա. անհիշելի ժամանկներից: Օձունը Հայաստանում իր մեծությամբ երկրորդ գյուղն է: Այստեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ, այսինքն, պահում են կով, ոչխար, հավ և այլ կենդանիներ: Օրինակ, մարդիկ կովերին և ոչխաներին կթում են, կաթը մշակում, պանիր սարքում ու վաճառում, որպեսզի հոգան իրենց օրվա հացի ծախսը, բայց վերջին շրջանի թանկացումների պատճառով, դա արդեն շատ քիչ է: Այդ իսկ պատճառով մարդիկ թողնում են հարազատ գյուղը և մեկնում արտագնա աշխատանքի` խոպան: Այս վերջին շրջանում անընդհատ խոսում էին էլեկտրաէներգիայի մասին: Երիտասարդները իրենց ձայնը բարձրացրեցին, ու առայժմ կարծես թե մենք բարձր չենք վճարում, սակայն երբ գազի գինը բարձրացավ, այդպես միաձայն չբողոքեցին, դրա պատճառով էլ մարդիկ գյուղերում սկսեցին գազից չօգտվել: Որտեղ անտառ կա, ծառահատումների թիվն ավելացավ, որպեսզի դրանով ջեռուցեն տունը: Իսկ որտեղ վառելափայտ չկա, տները ջեռուցում են աթարով: Չեմ հասկանում, ինչո՞ւ ժողովրդի մասին չեն մտածում, մարդկանց սոցիալական վիճակի մասին, թե ոնց են գոյատևելու այս բարդ իրավիճակում: