Որ երկու տարին շուտ անցնի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Շուտով կսկսվի ամառային զորակոչը: Հանրապետության ողջ տարածքից բանակ կզորակոչվեն 18 տարին լրացած հազարավոր տղաներ: Կգնան մեր և իրենց հայրենիքը պաշտպանելու, կգնան, որ գիշերները չքնեն: Չէ՜, կգնան, որ մենք գիշերները հանգիստ քնենք: Նրանք կգնան, որ փոխարինեն մյուսներին, և նրանցից մեկն էլ կփոխարինի եղբորս: Որ տուն գան նրանք: Հաղթանակած:

Ու կգան զորացրվող տղաները մեկ կամ երկու ամսից, կգան մեծացած, հասունացած. պատերազմ տեսած: Կգան հպարտ. պարզ ճակատով են կանգնել մահվան առաջ, թշնամուն թիկունք ցույց չեն տվել: Կգան ժպտալով, որ մենք էլ ժպտանք: Կգան տղաները՝ բոլորի նման երկու տարի ծառայելուց հետո: Բայց ես գիտեմ, բոլորն էլ գիտեն, որ նրանց երկու տարին նման չէր մնացածին: Ուրի՜շ էր: Ավելի երկար: Ավելի դժվար: Ու եթե օրերի հաշվարկը չլիներ, կարող էինք ասել, որ նրանք երեք ու նույնիսկ չորս տարի են ծառայել:

Կգան, որ մոռանան զորամասի երկար, փոշոտ ու դժվար ճանապարհները: Որ էլ առիթ չունենան մտածելու այդ ճանապարհների մասին:

Եղբայրս էլ կգա, ու ես էլ երևի կմոռանամ չսիրած, բայց և հարազատ դարձած, ամեն ծառն ու թուփն անգիր արած ճանապարհը: Երևի ես էլ էլ առիթ չեմ ունենա մտածելու այդ ճանապարհի մասին: Երևի չեմ մտածի, թե ինչ էին մտածում տղաները, երբ գնում էին այդ ճանապարհով: Չեմ մտածի, թե այդ ճամփան անցած քանի տղայի համար այն միակողմանի եղավ, քանիսի համար էր այն հավերժության ճանապարհ: Բայց միշտ կմտածեմ նրանց ապրած ու չապրած կյանքի, նրանց երազանքների ու հույսերի մասին, որոնք իմ երազանքներն էլ են դարձել:

Նրա՜նք, ախր, նրանք այնքան շատ էին, շա՜տ՝ մեր փոքրիկ ազգի համար: Երևի չեմ հիշի բոլորի անունները, շատերը չեն հիշի, բայց նրանց անուններն ամեն երեկո, դեռ շատ երկար կհնչեն զորամասում՝ անվանակոչի ժամանակ. Ազատ, Արարատ, Արշակ, Էդուարդ … Բայց` անպատասխան…

Բայց հետո նրանց էլ փոխարինելու կգնան ուրիշները՝ ճանապարհի նույն մտքերով: Կգնան, ու Աստված մի արասցե, նրանցից մի քանիսի համար էլ ճանապարհը միակողմանի դառնա…

Ու նրանց փոխարեն էլ երևի էլի ինչ-որ մեկը՝ ինձ նման, կմտածի ճանապարհին, կմտածի նրանց չապրած տարիների, չապրած կյանքի մասին ու ինքն իրեն կխոստանա՝ ապրել նաև նրանց փոխարեն, այնպես, ինչպես մտածում էր նրանց փոխարեն:

Ու ես, ես էլ երևի չեմ մոռանա ոչինչ, ոչ մեկին: Ես էլ մյուս ծնողների ու քույրերի պես կաղոթեմ, որ գոնե այս անգամ նրանց երկու տարին շուտ անցնի…