Ուզո՞ւմ ես լուսանկարել

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

1940 թիվն էր, երբ ծնվեց տատիկս: Դե երևի պատկերացնում եք` ինչ ժամանակներ էին: Ես տատիկիս մայրիկին էլ եմ տեսել, ով արդեն բավականին մեծ էր, երբ ես արդեն այն տարիքում էի, որում ինձ հիշում եմ: Տատիկիս մայրիկն ու հայրիկը Երգի և Պարի պետական անսամբլից էին: Հենց այնտեղ էլ հանդիպել են, սիրահարվել, ամուսնացել: Հիմա ինձ համար այդ ժամանակները սև-սպիտակ այն ֆիլմերի նման են, որտեղ դեռ վայրկյանում 16 կադր էր, ու մարդիկ արագ-արագ էին շարժվում (չնայած այդ ժամանակ կինոյում արդեն վայրկյանում 24 կարդ էր), ինչպես Չապլինի համր ֆիլմերում (որպեսզի պատկերացնեք):
Ես այս պատմությունը շատ եմ սիրում, չնայած չափազանց տխուր է:
Մեծ տատիկս ու պապիկս` Եվգենյան ու Պողոսը, ամուսնանում են: Արդեն երկու երեխա ունեին. ինչպես ասում էի` 40 թվին ծնվեց տատիկս, իսկ 41-ին մեծ պապիս տարան պատերազմ: Տխուր է, չէ՞: Ավելի տխուր է, որ նրան տանելուց մի քանի օր անց պաշտոնական հրաման է գալիս, որ Երգի պետականից ոչ ոքի չտանեն պատերազմ:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Պապիս կռվել է Թամանյան դիվիզիայում: Այն, որ հաղթանակից հետո Բեռլինում քոչարի էին պարում:
Ֆրոնտում լինելու ժամանակ պապիկս անընդհատ նամակներ է ուղարկել: Նամակներից մեկում էլ եղբորը գրել էր, որ երեխեքին լավ նայի մինչև գա:
Երկար նամակագրությունից հետո գալիս է սև թուղթ, ըստ որի, պապիս համարում են անհետ կորած: Իր հետ կռվողներից մեկն էլ պատմել է, որ Կերչի ազատագրական մարտերի ժամանակ խեղդվել է:
Շատ եմ լսել այս պատմությունը, տատիկս էլ շատ է սիրում պատմել, չնայած միշտ հուզվում է: Ես էլ եմ հուզվում ու հպարտանում եմ: Իմ համր ֆիլմում նա մնացել է Գերմանիայում, կամ մի ուրիշ տեղ, երեխաներ ունեցել ու ծերացել-մահացել է, միայն ոչ զոհվել: Տատիկս բոլոր այդ նամակները տվել է բարեկամներից մեկին, որ հանձնի թանգարան, և այդպես կորել են այդ նամակները, պապիս և տատիս նկարներով աֆիշները, ֆոտոները…

Հիմա կինոն վայրկյանում  24 կադր է, բայց կարող է նաև լինել 25 կադր, բայց այ, 26, կամ օրինակ 23 կադր լինել չի կարող, պարզ կնկատվի, շարժումները ռոբոտային կդառնան կամ ավելի վատ:
Հիմա կասեք ինչ կապ ունի այս ու մնացած այն բաները ֆոտոյի հետ:
Այսօրվա իմ ֆոտոյի նյութը այն 25-րդ կադրիկի մասին է, որը աննկատ, հենց այնպես, շատ սովորական կարող է ուղղակի լինել, նույն կերպ ինչպես մի ֆոտոն` մի ակնթարթը շատ աննկատ, անիրական ու գոյություն չունեցող ժամանակում կարող է փաստ դառնալ, ապացույց, փաստաթուղթ: Այնպես, ինչպես պապիս մեկնելուց առաջ նկարեցին որդուն գրկած, ու դա դարձավ միակ ֆոտոն, որը մնացել է իրենից: Ապացույց, որ նա եղել է:
Այստեղ հիշում եմ Գոդարի խոսքերը. «Լուսանկարը ճշմարտություն է, իսկ կինոն ճշմարտություն է` վայրկյանում 24 անգամ»:
Հիմա մտածում եք, որ մենք կարող ենք օրվա մեր ամեն պահը վավերագրել: Ինչպես շնչեցինք, արտաշնչեցինք, կանգնեցինք, նստեցինք: Ու հավանական է, որ այդ ֆոտոներից մեկն ու մեկը միակ ապացույցը կդառնա մեր մասին: Չեմ կարծում:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Դրա համար մի շարք մարդիկ կարծում են, որ ֆոտոն կորցրել է իր արժեքը, մեր կամ մեկ ուրիշի պատճառով:
Ես կարծում եմ, որ ֆոտոների ու սելֆիների այդ խառնաշփոթը հենց այն ժամանակն է, որտեղ ֆոտոն ամենաարժևորվածն է: Ուշադրություն` լավ ֆոտոն: Միշտ էլ ֆոտոների այդ շատության մեջ առանձնանում է այն միակը, ուրիշը: