meri antonyan

Ուզում ես

(տղայի անունից)

Երբ քեզ անվերջ ուղեկից տխրությանդ հետ էլ յոլա չես գնում, երբ մի երեկո մենակ ես մնում ինքդ քեզ հետ անտանելի կիսախավարի մեջ, ուզում ես, որ էդ պահին գոնե մեկը կողքիդ լինի։

Ուզում ես՝ մեկը լինի, որ ամենաուժեղ ցավիդ պահին ամուր գրկես, ու ցավն ինքն էլ մոռանա, որ կար։

Ուզում ես, որ երբ տղերքի հետ կերուխումից հետո տուն գնաս, մարմինդ շպրտես բազմոցին, մեկը լինի՝ զանգես, օրվա արկածներդ պատմես ու խմածդ բաժակների քանակը «զեկուցես», հեռախոսի մեջ կամացուկ, քո համար անհանգստացող ձայն լսես, որ պահանջի խոստանալ, որ էլ երբեք էդքան չես խմի ու մյուս անգամ հարբած մեքենայի ղեկին մոտ չես գնա։

Ուզում ես, որ մեկը լինի, որ իր համար թեյ պատրաստելուց միշտ մեկն էլ քո համար խոհանոցում թողնի, որ աշխարհում վերջապես գտնվի մեկը, որ քեզնից էլ լավ իմանա, թե սուրճն ինչքան շաքարավազով ես նախընտրում, որ հաճախ սեղանիդ քո սիրած քաղցրավենիքը թողնի ու կոնֆետների մեջ քո սիրածը գուշակելու հարցում երբեք չսխալվի։

Ուզում ես՝ լինի մեկը, ամբողջ օրը գնա-գա, մեկ՝ խառնված մազերդ կարգի բերի, մեկ՝ օձիքդ ուղղի, միշտ հոգ տանի քո մասին, իր ջերմությունը տա քեզ ու երբեք չհոգնի։

Ուզում ես, որ երբ ծխելուց լինես, մեկը՝ մի փոքր-մոքր մեկը, անսպասելի հայտնվի կողքիդ, կլորացած աչքերով քեզ նայի, ու դու ինքդ քեզ խոստանաս, որ գոնե էդ խոշոր աչուկների փայլի համար էս անգամ կփորձես ծխելը թողնել։

Ուզում ես, որ մեկը լինի՝ աշխատանքից հետո տուն ուղեկցես, դու էլ հետը քայլես, մեկի փափուկ ձեռքը ձեռքիդ մեջ՝ կտրվես օրվա ծանր մտքերից ու քեզ մի քիչ երջանիկ զգաս։

Ուզում ես, որ մեկի համար լինես ուժեղ, իսկական հերոս, ինքն էլ լինի քո աղջիկը, որ իրեն կողքիդ ապահով զգա, որ դու իր հայացքում անսահման վստահություն տեսնես, որ ինքդ էլ քեզ վրա զարմանաս, թե ինչքան ուժեղ կարող ես սիրել փոքրիդ․․․

Ուզում ես՝ մեկը լինի, որ դու էլ երբեք մենակ չլինես։