inqnatir

Ուղեկիցներ. Թերթերի հետևում

-Ոչ, շնորհակալություն, ես սուրճ չեմ խմում,-ժպտաց կոստյումով տղամարդը` միևնույն ժամանակ կրկին ու կրկին փորձելով հարմար տեղավորվել ինքնաթիռի նեղ բազկաթոռի մեջ,- նարնջի հյութ ունե՞ք:

Ուղեկցորդուհին շտապեց գտնել կիսադատարկ տուփը:

-Նարնջի հյութը թռիչքների ժամանակ ամենաշուտն է վերջանում,- ներողություն հայցող ժպիտով բացատրեց նա` ուղևորին փոխանցելով կիսով չափ լցված պլաստիկ բաժակը:

-Մի անհանգստացեք,- տղամարդը հայացքը կրկին իջեցրեց թերթին` հերթական անգամ տեղում անհանգիստ այս ու այն կողմ գնալով, ասես ուզում էր պոկել նստարանը: Զարմանալի չէր` նա հաղթանդամ էր, ինչպես երկու միջին կազմվածքի տղամարդիկ` միասին վերցրած: Նույնքան խոշոր գլուխը ծածկված էր կարճ, զինվորական ոճի կանոնավոր սանրվածքով:

Չնայած խոշոր մարմնին ու տարիքին` առնվազն երեսուն-երեսունհինգ տարեկան, նրա դեմքի կառուցվածքը բավականին մանկական էր` փոքր, կճատ քիթ, կլոր, զարմացած աչքեր ու կարմիր այտեր: Դեմքը մանկական էր թվում նաև այն պատճառով, որ այն հստակ արտահայտում էր այն ամենը, ինչ տղան մտածում էր:

Նրա կոստյումը, ինչպես նաև ձեռքի ժամացույցը բավականին թանկարժեք տեսք ունեին, բայց ինչ-որ բան նրան ստիպում էր շարունակ բարկացած քաշել թևքերը, հետ ու առաջ ձգել պիջակը, կոճկել ու կրկին արձակել կոճակները, շուռումուռ գալ, ինչպես թակարդն ընկած արջը:

Նրա կողքի նստարանին խրձով թերթեր էին դրված, որոնք նա հերթով վերցնում էր, անմիջապես բացում սպորտի բաժինն ու մեծ հետաքրքրությամբ ծայրից ծայր կարդում` շշնջոցով արտաբերելով առանձին բառեր ու պարբերաբար թերթը թեքելով դեպի պատուհանը, որպեսզի ավելի լավ ուսումնասիրի լուսանկարները: Նրա դեմքի արտահայտությունը փոխվում էր ամեն տողի հետ` նա մեկ անձայն ծիծաղում էր` ձեռքով թույլ հարվածելով նստարանի բազկատեղին, մերթ կնճռոտում էր դեմքը, երբեմն էլ բողոքում ու դժգոհում` մատն օդ տնկելով:

Հերթական թերթը մի կողմ դնելուց հետո նա վերցրեց սեղանին դրված բաժակը, մի փոքր խմեց, կարճ շունչ քաշեց, հետո փոքր ումպերով խմեց ամբողջ հյութը` ամեն կումից հետո բաժակն իջեցնելով ու շունչ քաշելով:

Բաժակը մի կողմ դնելով` նա զգաստ նստեց` նայելով դիմացի բազկաթոռի թիկնակին: Կրկին ժպտաց ինքն իրեն` ինչ-որ բան հիշելով, ծիծաղեց` մի կողմի վրա թեքելով գլուխը: Ժպիտը դանդաղ հալվեց` վերածվելով թույլ ծամածռության: Աչքերը մի պահ կորցրին կիզակետը` փայլելով ապակե սնամեջ խաղալիքների պես: Նա լուռ ինչ-որ բան քրթմնջաց, քմծիծաղ տվեց: Թափ տալով ձեռքը` նա մի քանի անգամ արագ-արագ խորը շունչ քաշեց, բացուխուփ արեց բերանը` փորձելով բացել խցանված ականջները: Հետո կտրուկ վեր կացավ, երկու քայլ արեց դեպի միջանցքի վերջը, երբ նրա ձախ ոտքն աննկատ թուլացավ, ասես թղթից լիներ: Տղամարդու ձեռքն անմիջապես սեղմեց բազկաթոռներից մեկի թիկնակը:

Ինքնաթիռը դանդաղ կիսապտույտ կատարեց իր առանցքի շուրջ, և մի թևի բոլոր պատուհանները բռնկվեցին արևի թեք լույսով: Ուղևորի մի կիսադեմը լուսավորվեց դեղին, հիվանդոտ գույնով` խորը ստվերներ գցելով աչքերի կողքին հայտնված կնճիռների վրա: Քարացած ժպիտի ուրվականը ուժգին ջղաձգվեց` աղավաղելով տղամարդու դեմքը: Աչքերը կծկվեցին` խորացնելով կնճիռները: Շրթունքները մի պահ ձգվեցին` ցույց տալով իրար սեղմած ատամները: Քունքին շողաց քրտնքի փոքրիկ, համարյա անտեսանելի մարգարիտը: Թիկնակից կառչած մատները սպիտակել էին լարվածությունից: Լույսը մի ակնթարթ անասելի ուժգնացավ` այրելով ուղևորի մի կիսադեմը, ինչպես ամեն լուսաբացին այրում է մթնոլորտից զրկված, ցավից անձայն մռնչացող միայնակ մոլորակի մակերեսը:

Օդանավը հավասարակշռվեց` վերևում թողնելով արևը: Տղամարդու դեմքին բռնկված կրակը մարեց մարզադաշտի` հերթով անջատվող լուսարձակների պես: Կնճիռները ներծծվեցին, կոպերը բացվեցին: Տղամարդու գունատ ու ծեր դեմքն աստիճանաբար հետ բերեց իր մանկական փայլը: Ուղևորը ձգվեց, ուղղեց կոստյումը, խորը շունչ քաշեց, անհանգստացած նայեց շուրջը: Համոզվելով, որ իր` մի քանի վայրկյան տևած թուլությունը ոչ ոք չի նկատել` նա զգուշությամբ առաջ դրեց թուլացած ոտքը: Այնուհետև ավելի համարձակ քայլեց զուգարանների ուղղությամբ: Ոչ ոք ուշադրություն չդարձրեց, որ նա հազիվ նկատելի կաղում է:

Մի քանի րոպե հետո իմ ուղեկիցը վերադարձավ ու կրկին նստեց իր բազկաթոռին: Նրա նոր լվացված դեմքը կրկին առույգ էր ու պարզ, այտերը կարմիր էին, մազերը` խոնավ: Նա զգուշությամբ առաջ դրեց ոտքը, հենվեց թիկնակին ու գլուխը թեքեց դեպի պատուհանը: Թերթերին նա այլևս ձեռք չտվեց: