Ուղեկիցներ. Ուշացածները

-Դուք ուշացել եք,-մեղադրող ձայնով հայտարարեց ավիաուղիների աշխատակցուհին` ժապավենով փակելով դեպի ինքնաթիռը տանող միջանցքը:

-Ես չեմ ուշացել, ձեր ինքնաթիռն է ուշացել,- պատասխանեցի ես` հասկանալով, որ վիճելն առանձնապես օգուտ չի տալու. պատուհանից այն կողմ արդեն երևում էր, թե ինչպես է ծանր օդանավը տեղում պտույտ կատարում` արևից փայլող քիթն ուղղելով դեպի թռիչքի հեռավոր գոտին:

-Սպասեք, սպասեք, մեզ սպասեք,- լսվեց ինչ-որ մեկի հայերեն բղավոցը:

Միջանցքի մուտքին վազքով մոտեցավ մոխրագույն մորուքով ցածրահասակ մի տղամարդ` շտապեցնելով իր հետևից վազող տասներկու-տասներեք տարեկան որդուն:

-Ուշացել եք,- կրկնեց աշխատակցուհին` աշխատանքային ժպիտը դեմքին:

-…Արման, ուշադիր լսի, որ մի բան եմ պատմում,- կրկնեց մորուքով տղամարդը, երբ մենք արդեն երկու ժամ է, ինչ կանգնած էինք ավիաուղիների գրասենյակի մոտ` սպասելով մեր նոր տոմսերին,- Փարիզի օդանավակայանն աշխարհի ամենահայտնիներից ա իր ճարտարապետությամբ, հասկանո՞ւմ ես:

Տղան գլխով արեց` տրորելով քնատ աչքերը, բայց բողոքել չհամարձակվեց` ամբողջ ուժով ջանալով լսել ու հասկանալ հոր դասախոսությունը:

-Պոլ Անդրեի գործն ա, ինչ գործ եմ ասել, է,- ոգևորված շարունակեց հայրը` մերթ ընդ մերթ անկախ իրենից քշտելով կանաչ սվիտերի թևքերը,- 70-ականներին ա կառուցվել, բայց մինչև հիմա ոչ մեկ էս ոճը չի կարացել կրկնի: Կներեք, էհ, էսկյուզե-մուա,- տղամարդը շտապեց ներողություն խնդրել անցորդներից մեկից, որին պատահմամբ հրեց իր ոգևորված շարժումներից մեկի ժամանակ,- ինչ համարձակ, ինչ հեղափոխական գործ, մարդու քեֆ ա գալիս: Արմա՞ն:

Տղան շտապեց գլխով անել, պատրաստակամ նայեց շուրջը` հետևելով հոր ոգևորված շարժումներին:

-Կմեծանաս` պապայիդ պես ճարտարապետ կդառնաս, այ էն ժամանակ դու էլ սենց մի բան կսարքես,- ավելացրեց տղամարդը, մի պահ մտածեց, գլխով արեց` ասես համաձայնվելով ինքն իր հետ,- ես քեզ ասել եմ` կսովորես, լավ կրթություն կստանաս, ոչ թե… Մենք էդ հնարավորությունները դե չունեինք, հո:

Արևն աննկատ թեքվեց դեպի հորիզոնը` ողողելով Պոլ Անդրեի հեղափոխական ու հակասական կառույցը նարնջագույն, կտրուկ լույսով, որի ճառագայթներն ուղիղ անկյուններով բեկվում էին միջանցքներում` այրելով օդում քարացած փոշու հատիկները, ասես օդանավակայանը ոչ թե հողի վրա էր կառուցված, այլ սավառնում էր տիեզերքում` Երկրի ուղեծրի վրա:

-Սա էլ կեր, Արման, հլը շատ պիտի սպասենք,- կարգադրեց հայրը` սրճարանի մետաղե սեղանի վրայով դեպի որդին սահեցնելով բուտերբրոդը,- հլը տես հա, քոնն էլ չես վերջացրել:

-Կշտացա,- մեղավոր ձայնով քրթմնջաց տղան` ափով խառնշտելով առանց այդ էլ քաոսային վիճակում գտնվող մազերը:

-Էդպես չի լինի, ուժասպառ կլինես, մի քիչ հետո կփակեն սրճարանը, ամբողջ գիշեր կմնաս…

-Կարա՞մ նայեմ,- աչքերը փայլեցնելով հանկարծ հարցրեց Արմանը` նայելով իմ առջև բացված համակարգչին:

-Արման,- խիստ ձայնով սաստեց հայրը,- ի՞նչ պետք ա ասես:

Տղան գլուխը շփոթված կախեց` կծելով շրթունքը:

-Խնդրում եմ, կարելի՞ ա նայեմ,- նորից հարցրեց նա:

Ես շտապեցի նրա կողմը հրել համակարգիչն ու աչքով անել տղային, երբ հայրը չէր նայում: Արմանը հազիվ նկատելի աշխուժացավ:

-Այ էս ապակուց միջանցքները, որ շենքի թևերն իրար են միացնում, ինչ գաղափար էր բայց, ոնց որ ֆանտաստիկ կինոյից հանած լինի…,- շարունակեց խոսել տղամարդը` պարբերաբար լռելով ու ոգևորված շուրջը նայելով:

…Ուշ գիշեր էր, երբ մենք նստած էինք դատարկ սպասասրահում` ոտքներս դրած ճամպրուկներին: Օդանավակայանի աշխատողը հավաքում էր այստեղ-այնտեղ թողած սայլակները` ճոճվելով ականջակալներից հոսող երաժշտության տակ: Սպասասրահում այնքան լուռ էր, որ ես հստակ լսում էի ֆրանսիական ռեպի իրար ձուլված նախադասությունները, որոնք շշուկով կրկնում էր աշխատողը:

Արմանը գլուխը դրել էր հոր ծնկներին ու չէր խոսում:

-Արման, դե ասա, Հռոմի ո՞ր շենքի ճարտարապետությունը քեզ ավելի շատ դուր էկավ,-անսպասելի խոսեց տղամարդը:

Որդին չպատասխանեց, որովհետև վաղուց արդեն քնած էր` բերանը կիսաբաց արած:

Հայրը մի անգամ էլ կրկնեց հարցը, հետո վերջապես հայացքն իջեցրեց որդու կողմը, կծեց շրթունքը, հազիվ լսելի հառաչեց:

-Կսովորի, մարդ կդառնա,- քրթմնջաց նա,- մեր ժամանակ սենց չէ՞ր հո: Հատուկ տարա, որ Հռոմը տեսնի, աչքը սովորի գեղեցիկին, որ մարդ դառնա, էլի: Չգիտեմ:

Նա մատները թաղեց մորուքի մեջ, տրորեց այտերը, նորից հառաչեց:

Ես նայեցի քնած Արմանի կճատ քթին ու կիսաբաց բերանին, մի պահ նախանձեցի, թե ինչքան խորն ու անվրդով է քնել:

Պատուհանից այն կողմ գետնից կտրվեց հերթական ինքնաթիռը, մի պահ ուժգին ճոճվեց, ասես հիմա կընկնի, բայց վերջին պահին բարկացած մռնչաց բոլոր շարժիչներով ու հրթիռի պես մխրճվեց սառը, սև ամպերի մեջ: