-Դեվուշկա, էս ձեր սամալյոտի մեջ խալադելնիկ կա՞:
-Ի՞նչ,-չհասկացավ ուղեկցորդուհին` որը շտապում էր ինքնաթիռի առջևում հերթական քմահաճ ուղևորին ջուր հասցնել:
-Խալադելնիկ էլի,-կրկնեց ուղևորը` թևքով սրբելով ճակատն ու փոքր-ինչ թուլացնելով «տոնական-ճանապարհորդական» մարզահագուստի շղթան, ասես սառնարանի առկայության դեպքում անձամբ գլխովին դրա մեջ էր նետվելու:
-Իսկ… Ձեզ ինչի՞ համար է սառնարան պետք,-ուղեկցորդուհին նույնիսկ չփորձեց թաքցնել զարմանքը:
Տղամարդը քմծիծաղ տվեց, ասես պատասխանն ակնհայտ էր:
-Արա դե էս ռսները խելք չսովորան էլի,-բացատրեց նա կողքին նստած ընկերոջը` միաժամանակ «Ադիբաս» պայուսակի միջից մերկացնելով խելքի առկայության գրավականը` «Դյութի-ֆրիից» գնված օղու ահռելի շիշը:
-Արաղ,-բացատրեց նա,-վոդկա: Մի թեթև, ոնց որ, սառացնենք էլի, դեվուշկա ջան:
Ուղեկցորդուհին շտապեց մի քանի կում ջուր խմել ձեռքում բռնած բաժակից:
-Տյոպլայա,-իր հերթին բացատրեց ուղևորի ընկերը` մատանիով թակելով շշի ապակուն:
-Ներեցեք… ըհըմ… ներեցեք, բայց ես չեմ կարող այն սառեցնել,-փորձեց արդարանալ երիտասարդ աղջիկը,-նախ` մենք սառնարան չունենք, երկրորդը` ախր ինչի՞ համար սառեցնենք:
Տղամարդը կրկին քմծիծաղ տվեց` վեր քաշելով մարզահագուստի շղթան:
-Նայի, քուր,-սկսեց նա,-էս իմ ախպերն ա: Բրատ, էլի:
Նա, խոսքն ավելի համոզիչ դարձնելու համար, թփթփացրեց ընկերոջ ուսին, իսկ վերջինս տմբտմբացրեց գլուխը` հաստատելով, որ խոսքը, իսկապես, հենց իր մասին է:
-Լավ ախպերն ա,-շարունակեց նա,-հիմա ես էթում եմ Մասկվա, ինքը` Չելյաբիս:
-Բայց դա ի՞նչ կապ ունի…
-…Ու էս արաղը առնվել ա հենց էդ կապակցությամբ,-ուղևորը նորից հետ իջեցրեց հագուստի շղթան,-բայց էդ այրապորտում սառը չկա էլի:
-Լսեք,-խորը շունչ քաշելուց հետո սկսեց ուղեկցորդուհին,-նույնիսկ եթե ես այն դնեմ սառնարանում, ինքնաթիռում արգելվում է օգտագործել դրսից գնված սպիրտային խմիչքներ:
-Հա-ա, դե նայի,-խորամանկ ժպտաց ուղևորը,-ես գիտեմ, որ դուք ունեք խալադելնիկ:
Նա շրջվեց ընկերոջ կողմն ու աչքով արեց, և վերջինս նույնպես ժպտաց` ցույց տալով մի քանի ոսկե ատամները:
-Ասա` ուրդուց:
Ուղեկցորդուհին չհասցրեց հարցնել, թե ուրդուց, քանի որ ուղևորի հարցը, ինչպես շուտով պարզ դարձավ, հռետորական էր, և պատասխանն իրեն երկար սպասեցնել չտվեց:
-Էդ ուտելիքները որ բերում եք, մարդկանց հյուրասիրում եք, էդի բա խալադելնիկի մեջը չե՞ք պահում:
Փաստարկն էլ ավելի անհերքելի դարձնելու նպատակով տղամարդը կրկին վեր քաշեց մարզահագուստի շղթան, իսկ նրա ընկերոջ դեմքին շողարձակում էր հաղթական ժպիտը:
Ուղեկցորդուհին դատարկեց ձեռքի բաժակն ու ցածրաձայն խոսեց.
-Կա սառնարան, թե ոչ, դա ամենևին էական չէ: Ես ասացի, որ ինքնաթիռում արգելվում է դրսից գնված ալկոհոլ օգտագործել:
-Արա ախպեր, թարգի,-խոսեց մյուս ուղևորը` թափ տալով ձեռքը,-տաք կխմենք, ռեստորան չի:
Նա ներողամիտ ժպիտով նայեց ուղեկցորդուհուն` հասկացնելով, որ իրենք չեն բարկանում նրա վրա և չեն պատրաստվում բողոքել ոչ մեկին:
Երբ երկու ժամից ինքնաթիռը վայրէջք կատարեց օդանավակայանում, իմ ուղեկիցը մանկական ոգևորությամբ բացատրում էր իր ընկերոջը, թե որոնք են Մոսկվայի հիմնական առավելությունները Չելյաբինսկի հանդեպ` պարբերաբար օդում ճոճելով օղու դատարկ շիշը: