Ուղեկիցներ. Բաճկոնը

gori nyutՕդանավի կողքերով առաջ վազեցին թռիչքի գոտու ոսկեգույն լույսերը` օդում որսալով անկանոն պարով տարված ձյան փաթիլները. ինքնաթիռը դանդաղ պտույտ գործեց տեղում ու կանգնեց` հսկային վայել համբերությամբ տաքացնելով շարժիչները, մինչև ճանապարհը կազատվեր:

-Հարգելի ուղևորներ, հիշեցնում ենք, որ թռիչքի պահին ամրագոտիներն արձակելն ու բազկաթոռներից վեր կենալը չի թույլատրվում` ձեր իսկ անվտանգության համար,- լսվեց ուղեկցորդուհու քնկոտ, բայց առույգ ձևացող ձայնը,- թռիչքի գոտու ծանրաբեռնվածության պատճառով մեր թռիչքն ուշանում է մի քանի րոպեով, ներողություն ենք խնդրում պատճառած անհանգստության համար:

Պատուհանից երևում էին օդանավակայանի բազմագույն լույսերը, որոնք թարթում ու սահում էին հորիզոնով մեկ հյուսիսային բևեռափայլի պես: Օդանավի կողքին միջատների պես այս ու այն կողմ էին գլորվում ծառայողական մեքենաները:

Ուղևորներից մի քանիսը ծուլորեն զրուցում էին, շատերն արդեն հասցրել էին քնել, մյուսները զանգահարում էին օդանավակայանում իրենց ճանապարհող բարեկամներին` օգտվելով ուշացումից:

-Հարգելի ուղևորներ, մեր ավիաընկերությունը ևս մեկ անգամ շնորհավորում է ձեզ գալիք Ամանորի առիթով և հիշեցնում է, որ տոների կապակցությամբ ձեզ սպասվում են մեծ զեղչեր ու հաճելի անակնկալներ…

-Ուֆ, դե զզվացրեց, է, էսքան խոսալ կլինի, որ էսի ա խոսում,- բարձրաձայն բողոքեց իմ կողքին նստած պապիկը` բութ մատով ու ցուցամատով տրորելով վերին շրթունքը, ինչպես սովորաբար անում են բեղեր ունեցողները,- հլը չենք թռել, իսկ էսի արդեն շան հացը կտրեց:

-…Նոր տարվան մնացել է ընդամենը մի քանի ժամ, և մենք ուրախ ենք տեղեկացնելու, որ ձեր ձմեռային արձակուրդները կարող եք վայելել մեր ավիաուղիների հետ` ուղևորվելով…

-Ասա` ինչի՞ պիտի ես ուզենամ իմ ձմեռային արձակուրդները վայելեմ ձեր ավիաուղիների հետ, դու ինձ կարա՞ս բացատրես, բալամ:

Ես մի փոքր ուշացումով հասկացա, որ հարցն ինձ է ուղղված: Ծերուկն ուղղեց հին, յուղոտ գլխարկը, սեղմեց շրթունքներն ու ունքերը բարձրացրած նայեց ինձ` սպասելով պատասխանի:

- Դե… Ռեկլամ ա, էլի, հո լուրջ չի ասում:

-Ձմեռային արձակուրդներս,- բառերը ծամծմելով սկսեց բացատրել նա,- ես անցկացնելու եմ իմ տղու մոտ: Հասկացա՞ր, տղա ջան: Տղես, հեսա, ինձ տոմս ա առել, որ գնամ իրա մոտ:

Նա շտապեց գրպանից հանել արդեն ճմրթված տոմսն ու ցուցադրել ինձ, թեև այն փաստը, որ նա նստած էր ինքնաթիռում, արդեն իսկ պարզ վկայում էր տոմսի առկայության մասին:

-Իսկ իրանք ստեղ իրեք ժամ կանգնած չեն թռնում,- շարունակեց նա,- բա որ Նոր տարին գա անցնի՞: Առաջին անգամ եմ թռնում, գիտես հե՞շտ ա: Արձակուրդ: Ասում ա` արձակուրդ: Իմ սաղ կյանքը հիմա արձակուրդ ա էլի, գործիս անունը ի՞նչ ա: Բայց դե մի քիչ վախում եմ էլի, առաջին անգամ եմ էս սամալյոտը նստում, էս էլ խոսում ա, խոսում ա… Մի տեղ գնալու համար մարդուն քաշ են տալիս, հանվացնում, հագցնում, պպզացնում, բա ես է՞դ տղեն եմ:

Բարձրախոսը կրկին թխկթխկաց:

-Հարգելի ուղևորներ,- փոքր-ինչ ուրախ ձայնով հաղորդեց ուղեկցորդուհին,- ուրախ ենք հայտնելու, որ թռիչքուղին բաց է:

-Ըհը, Աստված տա` մի թազա բան չհնարեն հիմա,- փնթփնթաց ծերուկը` վախվորած պատուհանից դուրս նայելով:

Ինքնաթիռը դանդաղ պոկվեց տեղից, հետո կտրուկ ոռնաց բոլոր շարժիչներով ու սլացավ գոտու վրայով: Ձյան փաթիլները մոռացան իրենց պարն ու սուրացին մեր շարժմանը հակառակ ուղղությամբ:

-Ուֆ, ուֆ,- կիսաձայն հառաչում էր պապիկն ու պարբերաբար խաչակնքում:

Եվ այն պահին, երբ լուսամուտից այն կողմ հորիզոնը սկսեց շուռ գալ, նա կտրուկ վեր կացավ տեղից ու սկսեց հանել բաճկոնը:

Սրահի առջևից ու հետևից հնչեցին ուղեկցորդուհիների անհանգիստ ճիչերը, որոնք պահանջում էին, որպեսզի ծերուկն ուշքի գա ու զբաղեցնի իր տեղը:

Պապիկն արհամարհանքով նայեց շուրջը, շարունակեց անշտապ հանել բաճկոնը, և, ինչպես սպասելի էր, չկարողացավ պահպանել հավասարակշռությունն ու կարճ, բայց տպավորիչ թռիչք կատարեց դեպի ինքնաթիռի պոչը:

Ուղեկցորդուհիներն ամեն կողմից վազեցին դեպի տուժվածը` օգնելով նրան բարձրանալ տեղից ու հասնել իր բազկաթոռին:

Պապիկը մի կերպ հասավ նստատեղին, արժանապատվորեն ուղղեց թիկունքը, թափ թվեց շալվարն ու անշտապ նստեց:

-Ախր, մի քիչ զգույշ պետք ա լինեք, դրա համար են չէ՞ իրանք ասում, որ մարդիկ մնան նստած թռնելու պահին,- ասացի ես` օգնելով նրան տեղավորել բաճկոնը:

-Տղա ջան,- կրկին բառերը ծամելով բացատրեց նա,- տենց մարդ չկա, որ ինձ ասի, թե ես երբ իմ պենջակը հանեմ, իսկ երբ` չէ, ուզում ա` տասը միկրաֆոնով ասի: Սովետի վախտ չեն կարացել, հիմա էլ չեն կարա: Դե հիմա մի հատ օգնի էս չանգյալը քցեմ:

Ես, պատասխան չգտնելով, օգնեցի նրան կապել ամրագոտին, ինչից հետո իմ ուղեկիցը զարմանալիորեն խորը քուն մտավ` չարթնանալով մինչև թռիչքի վերջը: