Լուսանկարը` Լիլիթ Կարապետյանի

Ուղեկիցներ

Ես ճամփորդում եմ ոչ այնքան հաճախ, որքան կուզեի, բայց, այնուամենայնիվ, անում եմ դա  ավելի հաճախ, քան իմ ծանոթներից շատերը, և դա իմ ընտրած աշխատանքի բազմաթիվ առավելություններից մեկն է: Ճամփորդությունների ամենահետաքրքիր բաղկացուցիչներից մեկը ինքնաթիռներում ու օդանավակայաններում անցկացրած ժամանակն է: Շատերը դա ժամանակի կորուստ են համարում, իսկ ինձ համար դա գերագույն հաճույք է: Այստեղ կարելի է հանդիպել չափազանց տարբեր մարդկանց` հավաքված միևնույն տեղում, ու հենց այստեղ նրանց մասին կարելի է շատ ավելին իմանալ, քան որևէ այլ պայմաններում:

Մի հարցում իմ բախտը միշտ բերում է. ես ամեն քայլափոխի հանդիպում եմ հետաքրքիր մարդկանց: Ամենուր, ամեն իրավիճակում, գրեթե ամեն օր: Ձանձրալի ու անհետաքրքիր մարդկանց ես հանդիպում եմ նույնքան հազվադեպ, որքան դուք` դինոզավրերի: Բայց հենց ճամփորդելիս է հնարավոր նրանց հանգիստ ուսումնասիրել:

Ինքնաթիռ նստելիս ես աշխատում եմ ներս մտնել մյուսներից առաջ, որպեսզի կարողանամ հետևել, թե ինչպես են ուղևորները շարժվում նեղ միջանցքով, ինչպես են դասավորում իրերը, փնտրում իրենց նստատեղերը, տեղավորվում: Օդանավակայաններում ես նախընտրում եմ նստել երկրորդ հարկում (եթե, իհարկե, դրա համար սրճարանների ագահ սեփականատերերն ավելի շատ գումար չեն պահանջում), որտեղից ավելի լավ են երևում իրենց թռիչքներին սպասող ուղևորները: Եթե մի օր ինքնաթիռում կամ որևէ օդանավակայանում տեսնեք մեկին, որն ուշադիր հետևում է ձեզ ու հեռախոսի մեջ նշումներ անում, ապա դա, ամենայն հավանականությամբ, ես եմ: Պարզապես ձևացրեք, թե չեք նկատում:

Ուղեկիցների իմ հավաքածուն շատ մեծ է ու բազմազան, ու հենց այդ պատճառով որոշել եմ պարբերաբար այստեղ պատմել նրանցից որևէ մեկի մասին: Հուսով եմ` ձեզ կհետաքրքրի: Իսկ եթե չհետաքրքրի` պահ, այ քեզ բան:

 

 

Սիրելի Լիմային

 

Միջին տարիքի տղամարդը ինքնաթիռ ներս մտավ ամենավերջիններից մեկը: Մի պահ կանգ առավ` շունչը տեղը բերելու, ինչով առաջացրեց հետևում կանգնած ուղևորների դժգոհությունը: Տղամարդը ժպտալով ներողություն խնդրեց, երեխայի անփութությամբ թափ տվեց գանգուր և անկանոն մազերն ու աշխույժ քայլերով, գրեթե ցատկոտելով, շարժվեց դեպի իր նստատեղը: Վայրէջքի կտրոնը ատամներով բռնելով` նա վարժ շարժումով` առանց նույնիսկ վերև նայելու, բացեց պայուսակների դարակի փեղկն ու նետեց այնտեղ կաշվե բավականին մաշված, բայց թանկարժեք տեսք ունեցող պորտֆելը, այնուհետև խնամքով տեղավորեց այնտեղ շագանակագույն գլանը, որի մեջ սովորաբար գծագրեր են տեղափոխում: Նստելուց առաջ անհոգ դեմքով նայեց շուրջը: Նրա մոխրագույն աչքերը շողում էին ջրում արտացոլվող աստղերի պես: Այդպիսի փայլը սովորաբար բռնկվում է մարդու աչքերում դեռ ծնված օրից ու չի մարում, եթե աչքերի տերը կարողանում է այն պահպանել:

Տղամարդը թափ տվեց մուգ մոխրագույն պիջակի ճմրթված թևքերը` վայր գցելով հեռախոսը: Նստեց պատուհանի մոտ` անգիր արած շարժումով կապելով ամրագոտին, ու միայն այդ ժամանակ նկատեց միջանցքի հատակին ընկած հեռախոսը: Կծեց շրթունքը, հետո ժպտալով կիսաձայն խնդրեց հարևանին փոխանցել այն:

Հետ նստեց, խորը շունչ քաշեց, որոշ ժամանակ նայեց պատուհանից դուրս` պարբերաբար շրթունքների ծայրով ժպտալով: Մի ձեռքի մատներով նա գրեթե աննկատ թխկթխկացնում էր նստարանի հենակին, ասես ինչ-որ մեղեդի էր փորձում նվագել: Մատնեմատին արծաթագույն մատանի կար, որի վրա ինչ-որ բառ էր փորագրված:

Երբ ինքնաթիռն արդեն ամպերից վեր էր բարձրացել, ուղևորը քթին դրեց պիջակի գրպանից հանած բարակ ակնոցը, ծոցագրպանից հանեց մաշված կազմով երկարավուն մի նոթատետր ու սկսեց թերթել` քթի տակ ինչ-որ բան մրթմրթալով: Էջերը ծածկված էին գրիչի ու մատիտի անկանոն խզբզանքով, մերթ ընդ մերթ հանդիպում էին անավարտ երկրաչափական մարմիններ, գծագրերի հատվածներ: Գծագրերի կողքին պարբերաբար մանկական նկարներ էին երևում` տարօրինակ մարդուկներ` տարբեր երկարության ոտքերով ու ձեռքերով, ոչ մի կենդանու հետ նմանություն չունեցող արարածներ: Երևում էին էջերի արանքում դրված այլ թղթի կտորներ` բազմաթիվ նշումներով, այցեքարտեր, հին տոմսեր` ավտոբուսի կամ գնացքի, նամականիշեր: Էջերը բավականին ճմրթված էին, անկյունները ծալված կամ պոկված էին, տեղ-տեղ որոշ էջեր նույնիսկ պատռված էին` պատահմամբ կամ դիտմամբ, բայց տղամարդը թերթում էր դրանք այնպես, ասես առաջին անգամ էր տեսնում:

Վերջին էջին ինչ-որ փոքրիկ տեքստ կար, սակայն ձեռագիրը հասկանալն անհնար էր: Տղամարդը աչքի անցկացրեց այն ու անձայն ծիծաղեց` վերջին պահին շրջվելով պատուհանի կողմ, որպեսզի հարևանները չնկատեն: Հետո ձեռքը սովոր շարժումով տարավ դեպի ականջը, ասես ինչ-որ բան էր փնտրում, զարմացած շոշափեց գլուխը, հետո սկսեց քրքրել գրպաններն ու վերջապես մի գրիչ հանեց ու պտտեց մատների արանքում` շարունակելով նայել պատուհանից դուրս: Նոթատետրը հայտնվեց սեղանիկի վրա` բացված վիճակում, ու վերջապես երևաց անգլերեն տեքստի առաջին տողը. «Իմ սիրելի Լիմա»: Դա իմ տեսած եզակի նամակներից էր, որոնք գրված էին թղթի վրա:

Ճաշը մատուցելիս տղամարդը շտապեց սեղանից վերցնել նոթատետրը` միաժամանակ գրիչը դնելով ականջի հետևը: Մատուցված տուփի միջից նա հանեց միայն քաղցրավենիքը, իսկ մնացածը վերադարձրեց ուղեկցորդուհուն: Փոխարենը նա երկու անգամ սուրճ խնդրեց` ամեն անգամ ժպտալով ու բերանը ձեռքի ափով փակելով, ասես ամաչում էր իր խնդրանքից:

Սուրճի բաժակը ձեռքից ցած չդնելով` նա շարունակում էր նայել նոթատետրի մեջ ու քթի տակ ինչ-որ բան քրթմնջալ` պարբերաբար նայելով պատուհանից դուրս:

Կազմի տակ դրված էին երկու բավականին հին լուսանկար, ինչպիսիք մարդիկ սովորաբար կրում են իրենց դրամապանակներում: Մեկի վրայից լուրջ դեմքով նայում էր մոտ տասը տարեկան մի աղջիկ` գանգուր ու մուգ մազերով: Մյուսում նույն աղջիկը նոթատետրի տիրոջ գրկում էր, ու նրանք երկուսով մտածկոտ դեմք էին ընդունել` ցուցամատերը սեղմելով դնչներին: Տղամարդու մազերն այնտեղ դեռ սև էին: Լիմայի աչքերն անգամ լուսանկարի մեջ փայլում էին նույնքան հստակ, որքան իր հայրիկինը: Երկուսինն էլ թափառող գիսաստղերով աչքեր էին, որոնք միայն իրար են կարողանում հասկանալ:

Տղամարդը գրչի ծայրով տրորում էր ճակատը, անձայն շշնջում, ժպտում ինքն իրեն ու ինչ-որ բան ավելացնում թղթի վրա: «Իմ սիրելի Լիմա», ասես լսում էի նրա մտքերը, «Իմ սիրելի Լիմա»:

Նա կտրուկ շրջվեց իմ կողմ: Ինձ մի պահ թվաց, թե նա նկատել է իմ հետաքրքրասիրությունը, բայց մի քանի վայրկյան հետո հասկացա, որ նա չի նկատում ինձ: Ոչ ոքի չի նկատում, ուղղակի նայում է` տեսնելով լիովին այլ բան: Նրա աչքերի փայլը մի տեսակ սպիտակ էր ու առանձնացած ամեն ինչից, ինչպես հյուսիսային բևեռափայլը դատարկ ու սառը երկնքում: Նա կծեց շրթունքը` անթարթ ու երկար նայելով իմ միջով:

Ինքնաթիռը լքելիս իմ ուղեկիցը ժպտաց իր խցից դուրս եկած օդաչուին: Օդանավակայանի միջանցքում նա գլուխն այդպես էլ չբարձրացրեց: Անցնելով աղբարկղի մոտով` թղթի ինչ-որ կտոր գցեց այնտեղ: Երևի վայրէջքի կտրոնն էր: