lilit khlghatyan portret

Ուղղակի փոխվել եմ

Բարև: Այսօր էլի կգրեմ հազարերորդ բարևը, որից հետո չեմ շարունակել, գոնե հարցնեի՝ ոնց ես։ Կներես ինձ, հա՞, դու, որ գուցե հազար անգամ նկատել ես, որ փոխվել եմ, բայց լռել ես։ Նաև դու, որ հորդորել ես հետ գնալ դեպի հինը, որովհետև քեզ այնտեղ ավելի շատ էի դուր գալիս: Կրկին ասում եմ՝ կներես, փոխվել եմ…

Կար մի ժամանակ (արդեն կնշեմ «ժուկով ժամանակով» տարբերակը), երբ ամեն ինչ ուրիշ էր, չէ, ես չունեի վարդագույն ակնոց, հիմա էլ չեմ նվնվա ու չեմ ասի, որ աչքերիցս ընկել է վարդագույն ակնոցը:

Ժուկով ժամանակով ես կյանքին այլ կերպ էի նայում, ինձ թվում էր, թե ամենամեծ խնդիրները ունեմ ես, այն պատճառով, որ իմ տեսադաշտը փոքր էր, իմ կյանքը մի քառակուսու մեջ էր, որտեղ գրեթե բոլորը քիչ թե շատ երջանիկ էին։ Իսկ հիմա հասկանում եմ, որ նույն խնդիրը կարող են ունենալ մի քանի մարդիկ, բայց նրանցից յուրաքանչյուրը այն տարբեր կերպ կզգա:

Զգում եմ, որ կյանքը շատ անարդարություններ ունի, բայց նաև հասկանում եմ, որ դրանք կյանքի անքննելի օրենքներն են։ Ասում են՝ երեխան ծնված օրվանից անմեղ է մինչև այն պահը, երբ մոտենում ես համբուրելու, իսկ նա հարվածում է:

Նրանցից մի քանիսը իսկապես անմեղ են: Նա, ով ծնվեց ու աչքերը բացելով՝ մոր դեմքը տեսնելու փոխարեն միայն խավար տեսավ և դրա մեջ գրեթե աննշմարելի մի լույս։ Այսօր այդ խավարի մեջ լույսը մեծացել է, այդ լուսավորը հենց նա է։ Իսկ այն մեկն արդեն տարիքն առած պառկել է անկողնում ու անիծում է Աստծուն, որ մարդկանց էլ առաջվա պես լավ չի տեսնում: Ու հասկանում եմ, որ մենք չենք գնահատում, ու սիրտս էլի սկսում է ցավել։

Ու անմեղ է նաև այն մեկը, որ ծնված օրվանից մահի հետ կռիվների մեջ է, նա տեսնում է, բայց չի հարվածում։ Այն մեկն է նա, որ իր կարճ՝ 1 տարվա կյանքի 10 ամիսն անցկացրեց հիվանդանոցում՝ բժիշկների ձեռքում՝ ճակատագրի դեմ կռվելով։ Ու նրանք ծնվել են ոչ թե հարվածելու, այլ կյանքից հարվածներ ընդունելու համար:

Բայց նրանք ուժեղ են, դիմանում են ու լռում՝ կարծես թե ոչինչ էլ չի եղել։ Իսկ ես կամ դու կարող ենք նվնվալ ամենահասարակ խնդրի պատճառով՝ չգիտակցելով, որ մեր հնարավորությունները չափից շատ մեծ են։

Տխրում եմ նաև նրա համար, ով պետք է դեռ շատ երկար ապրեր, բայց արդեն երկար տարիներ չկա։ Ջահել էր, իսկ ես կարտասվեմ նրա յուրաքանչյուր հարազատի հետ, երբ իրենց ցավը հիշելով կտխրեն: Ու կարտասվեմ նաև նրա հետ, ով անհագ խմում է, որ ցավերը խեղդի շշի մեջ ու մոռանա։

Ու ես հասկանում եմ, որ կյանքը դաժան է, բայց և կուզեի աչքերիցս մի փոքր տալ նրան, որ գոնե ինձ ավելի լավ տեսնի, ու առողջությունիցս տայի մյուսին, որ այլևս հիվանդանոց չընկնի, կյանքիցս տայի նրան, որ մի փոքր երկար ապրեր։ Երևի մի բան կփոխվեր:

Ու ես դրան զուգահեռ հասկանում եմ, որ ոչինչ էլ տալ կարող չեմ, մենք ոչինչ էլ չենք կարող տալ, բայց կարող ենք սիրել, անընդհատ սիրել, իսկ դա և՛ լավատես աչքեր կտա, և՛ առողջություն, և՛ կյանք։

Իսկ ես էլի տխրում եմ, ու դու մի օր դա կզգաս ու կհարցնես պատճառը, բայց չնեղանաս, եթե ոչ մի կոնկրետ բան չասեմ։ Ես ինքս էլ չգիտեմ։

Ուղղակի փոխվել եմ: