izaAstsatryan

Ուշքի արի

Մենք միայն երազում ենք, երազում ենք թռչել, անտեսանելի դառնալ, ուրիշի մտքերը կարդալ, որովհետև դրանք միայն ֆիլմերում ենք տեսել և ուզում ենք առօրյայում կիրառելի դարձնել, բայց չէ, դրանք միայն երազանքներ են, ուրիշ ոչինչ, դու դրանց մասին կարող ես անվերջ երազել, բայց չես կարող իրականություն դարձնել…

«Իսկ եթե կա միջոց, որով կկարողանամ երազանքներս իրականացնել, կամ դարձնել իրականին մո՞տ… մի փոքր մոտ»: Այսպես մտածել եմ և կշարունակեմ մտածել, քանի որ եթե կա ցանկություն, պետք է միջոց գտնել այն քեզ մոտ դարձնելու համար:

Այո՛, ես այդպիսին եմ: Ես սիրում եմ նստել և տարօրինակ թեմաների շուրջ իմ ֆանտաստիկ պատկերացումներն ունենալ։

Վերջերս (վերջերս ասելով՝ հասկանում եմ վերջին 3 տարին) սկսել եմ դադարել անվերջ նստել և երազելուց, կամ էլ երազանքն իրականացնելու համար անհույս միջոցներ որոնելուց: Այո՛, ես հասկացել եմ մի պարզ բան, որ երազանքին կարելի է նպատակի աչքերով նայել, որովհետև նպատակը մեր կյանքի հուսալի ուղին է, և մենք դրան հասնելու համար ձգտում ենք, ձգտում ենք անգամ անվերջանալի ճանապարհին նայելով, մենք աշխատում ենք դրա ուղղությամբ, երբեմն՝ անհույս, երբեմն էլ՝ հույսով:

Ես ունեմ շրջապատ, որտեղ կան տարբեր մասնագիտությունների, տարբեր բնավորությունների, կարճ ասած՝ տարբեր խառնվածքների մարդիկ: Մարդիկ, որոնք ապրում են ուտելու համար, մարդիկ, որոնք ուտում են ապրելու համար, և ես, որին շատերը փոքր համարելով կարծում են, որ ինչ-որ երևութ հասկանալու և իմ ճիշտ լուծումն առաջարկելու համար չափից շատ փոքր եմ: Սակայն, եթե ես լինեի, օրինակ՝ 30 տարեկան և նույն երևույթի մասին նույն կարծիքս արտահայտեի, բոլորը կսկսեին մտածել՝ գուցե ճի՞շտ է։ Բայց չէ, քանի դեռ փոքր ես, պարտավոր ես լինել մեծերի ենթական, պարտավոր ես լռել՝ անկախ նրանից, թե դու ինչ ես մտածում։ Եթե քեզ տեսնում են դրսում գունավոր գուլպաներով և գժական սանրվածքով, մտածում են. «Էս գիժն ո՞վ ա, չնայած՝ սա ո՛չ դարդ ունի, ո՛չ ցավ»։ Նրանք քո արտաքինից փորձում են եզրակացություններ անել։

Միշտ հետաքրքրել է՝ ինչո՞ւ է բոլորին թվում, թե իրենք ավելի շատ են մտածում քո կյանքի մասին, քան դու։ Պետք է պնդեմ, որ չէ՛, ուղղակի դուք չափից դուրս շատ եք սիրում ուրիշի կյանքով ապրել, փորձեք ձեր կյանքով ապրել, գուցե ձերն ավելի հետաքրքի՞ր է:

Դպրոցում, երբ դասարանցիներով հավաքվում էինք, միշտ սկսում էինք որևէ մեկի մասին խոսել, նրա հագուկապը քննարկել, բայց հիմա, մի տեսակ ձանձրացել եմ այդ քննարկումներից ու մտածում եմ. «70-ից ավելի տարեկան տատիկները ե՞րբ են դադարելու սրա-նրա կյանքը քննարկելուց, բայց երբ դադարեն ու փորձեն իրենց կյանքով ապրել, կտեսնեն, որ շատ ուշ է, և ինչքան տարիներ են իրենք կորցրել՝ իրենցը մի կողմ դնելով՝ ուրիշինով ապրելով»:

Ընկերներս հաճախ են ինձ դիմում տարբեր հարցերով և անկախ նրանից, թե ես ինչ հոգեվիճակում եմ՝ փորձում եմ օգնել… Չէ՛, գլուխ չեմ գովում, ասում եմ այն, ինչ կա և խորհուրդ եմ տալիս, որ դուք էլ այդպես անեք:

Ուրախ առիթների ժամանակ սիրում եմ կենացներ ասել, խոսքս միշտ ավարտում եմ այս բառերով՝ երբեք կորուստներ չունենանք։ Մի անագամ, երբ կենացս ավարտեցի, դասընկերներից մեկը՝ Դավիթը, ասաց.

-Իզա, ամեն անգամ նույն կենացն ես ասում:

Չէ՛, ես ամեն անգամ նույն կենացը չեմ ասում, որովհետև ամեն անգամ կենաց ասելիս նույն էմոցիաները չեմ ունենում, որովհետև ես անկեղծ եմ խոսում, ասում եմ սրտինս, իսկ դա նույնպես չես կարող շարադրել և անգիր անել, և առհասարակ, այս կյանքում երկու հատ նույն բանից կարո՞ղ ես գտնել… Ո՛չ (ամեն դեպքում, ես այդպես եմ մտածում):

Իսկ կենացիս մեջ նշված բառերը ասում եմ՝ իմանալով, թե ինչ ծանր է, երբ հարազատիդ կորցնում ես: Այո, կյանքը շարունակվում է, բայց դա չի նշանակում, որ նրա մահից հետո պետք է մոռանաս նրան և նրա արածները, չէ՞ որ նա շարունակում է քեզ հետ լինել, ճիշտ է, միայն հոգեպես, բայց…

Գիտե՞ք՝ ես մահից չեմ վախենում, ո՛չ էլ մթությունից կամ մենակ մնալուց։ Եթե մի ժամանակ մտածում էի, որ աշխարհն առանց ինձ չի կարող, ապա հիմա մտածում եմ, որ յուրաքանչյուրս ունենք մի ժամանակահատված, երբ պետք է մեր բարի կամ վատ գործերն անենք և թողնենք աշխարհին, իսկ ժամանակի լրանալուն պես մենք պարզապես հեռանում ենք, որովհետև նոր «կադրեր» են պետք աշխարհին։

Հ. Գ. Երկար ժամանակ է՝ չեմ գրում, որոշեցի նստել և այս ամիսների ընթացքում իմ մեջ կուտակվածը գրել, շարունակել գրելս նոր շնչով: