ella mnacakanyan yerevan

Ուրախ, փոքր ավտոբուս

-Մի՛ ծխեք, էլի,- դիմացս նստած կնոջ կնճռոտված երեսին բացահայտ տհաճություն է ուրվագծվում:

-Վա՜յ, քուրս, բա շուտ ասա,- պատասխանում է վարորդն ու հանգցնում հենց նոր վառած ծխախոտը՝ ի զարմանս ինձ ու հակառակ սպասածս ոչ այնքան ականջահաճո բանավեճին, որ սովորաբար ծագում է նման դեպքերում, ու որոնց ժամանակ միակ բանը, որ ուզում ես անել, ականջակալներումդ հնչող երաժշտության ձայնն առավելագույնի հասցնելն է:

Ես, փոքրիկ «սկանդալից» խուսափած, ակամա և թեթևակի ժպտում եմ, ու պարզվում է՝ այս անգամվա երթուղայինն ամենևին էլ սովորականներից չէ: Ու երթևեկն էլ, կանխատեսում եմ, սովորականներից չի լինելու, որովհետև ինչ-որ տարօրինակ օրինաչափությամբ, այս քաղաքի ամենակոլորիտային մարդկանց ու ամենաանհավատալի իրավիճակներին հենց հասարակական տրանսպորտում ես հանդիպում:
-Խոսացե՛ք, է՜, ժող ջան,- վարորդը չի կարողանում երկար պահպանել լռությունը,- ի՞նչ կա, իմա՞լ եք,- լեզվական ակցենտը միանգամից մատնում է իր ծագումը,- երկիր փոխվե՞ց-չփոխվե՞ց:
-Դու էս երկրի՞ց չես, հոպա՛ր,- անմիջապես արձագանքում է մի երիտասարդ, որովհետև մնացած կանայք, կարծես, խուսափում են երկխոսության մտնելուց:
-Էս երկրից եմ:
-Քյավառից ա,- ծիծաղելով վրա է բերում միջին տարիքի մի կին:
Նրա խոսքն անմիջապես շարունակում է այս պատմության առաջին հերոսուհին.
-Փոխվեց, բայց վարորդներն էլի ծխում են:
-Ի՞նչ են անում,- վարորդն իսկապե՞ս չի լսում, թե՞ չլսելու է տալիս կնոջ ասածը:
-Ծխում են,- բոլորն արդեն ասում են միահամուռ, որովհետև բոլորին էլ, կարծես, դա դուր չի գալիս: Բոլորին՝ բացի մեկից:
-Լա՜վ դե, ծխում են թո՛ղ ծխեն, ամբողջ օրն ավտոյի մեջ են էս խեղճ մարդիկ,- պաշտպանում է երիտասարդը:
-Բայց էդ ավտոյի մեջ կանայք կան, երեխաներ, հիվանդներ,- կինը, ոնց որ թե, հաստատակամ է տրամադրված:
-Է՜հ, դրան որ նայենք, փողոցում էլ պիտի չծխեն, փողոցում էլ կան:
«Բա պիտի չծխեն, կողքինները պարտավոր չեն էդ ծուխը շնչել»,- ուզում եմ մեջ ընկնել ես, բայց հետո հասկանում եմ, որ ավելի լավ է՝ լուռ նշումներ անեմ այս ոչ սովորական «ճամփորդությունից»:
-Դու էլ ես աչքիս ծխում, որ տենց պաշտպանում ես,- կինը քննախույզ հայացքով նայում է երիտասարդի աչքերին: Վերջինս վստահորեն բացասական պատասխան է տալիս, ինչը, սակայն, չի համոզում ինձ ու կարծես կասկածամիտ կնոջը նույնպես (ախր, մի տեսակ շատ շահագրգռված էր պաշտպանում):
-Հարի, հարի, հառեջը նստի,- մարդամոտ վարորդը երիտասարդին կանչում է իր կողքին նստելու՝ գուցե նրա համար, որ կանխի սկսվող բանավեճը, կամ ուղղակի որովհետև տեղ էր ազատվել իր կողքին, չէր ուզում, որ դատարկ մնա,- բայց դեմը 200 դրամ ա, իմանո՞ւմ եք, չէ՞ :
-Հա, հա,- բոլորը կրկին պատասխանում են միահամուռ, որովհետև այս մեկը տարածված կատակ է, նույնիսկ ես եմ լսել:

Երիտասարդը փոխում է տեղը, իսկ վարորդը րոպեական լռությունից հետո շարունակում է.
-Ուրախ, փոքր ավտոբուս ա իմը,- չնայած, որ իրականում այսպես կոչված «գազել» է,- ի՞նչ անենք՝ ջեբներս դատարկ ա, կարևորը սրտներս լիքը լինի…

Ու մենք շարունակում ենք երթևեկել մեր ուրախ, փոքր ավտոբուսում՝ առանց ծխախոտի ծուխը շնչելու ու լիքը սրտերով…