anna sahakyan

Չերազած մասնագիտությունը

Երբ փոքր էի, սիրում էի հագնել մայրիկի շորերը, նստել հայելու առաջ և վարել հաղորդումը, որ ես էի հորինել: Բայց չէի մտածում, որ կորոշեմ լրագրող դառնալ:

Սկզբում երազում էի երգչուհի դառնալ: Այնքան էի տարվել այդ մտքով, որ ուրիշ մասնագիտության մասին լսել չէի ուզում: Մի օր էլ հասկացա՝ կան երազանքներ, որոնք այդպես էլ մնում են ուղղակի երազանքներ:

Հետո որոշեցի, որ պիտի հնագետ դառնամ (երևի հին քաղաքների ավերակների մասին ֆանտաստիկ ֆիլմեր շատ էի դիտել): Բայց այս շրջանը երկար չտևեց: Հետո սկսեցի մտածել կենսաբան դառնալու մասին. դպրոցում ամենաշատը կենսաբանություն առարկան էի սիրում ու երևի միայն այդ դասերն էի հաճույքով սովորում: Բայց ոգևորությունս շուտ անցավ ու էլի սկսեցի փնտրել, փնտրել մի բան, որ իսկապես կսիրեի, որից չէի ձանձրանա, որ ամբողջ կյանքի համար կլիներ: Փնտրեցի, փնտրեցի ու այդպես էլ ոչինչ չգտա:

Ամեն դեպքում, պետք էր մասնագիտություն ընտրել. շուտով ավարտելու էի դպրոցը: Բոլորը խորհուրդ էին տալիս բանասեր դառնալ: Իսկ ես միշտ էլ սիրել եմ հակաճառել մարդկանց: Մի օր էլ ասացի.

-Ուզում եմ լրագրող դառնալ:

Ես այդ մասնագիտությունն ընտրեցի առանց երկար-բարակ մտածելու, ընտրեցի՝ չգիտակցելով, թե ինչ է լրագրությունը:

Դեռ համալսարան չեկած՝ հասկացա, որ սխալ ընտրություն եմ կատարել, բաց ոչինչ չփոխեցի. արդեն հանձնել էի քննությունները և ընդունվել:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետ մտա առանց ոգևորության: Հենց առաջին օրը հարցրի ինքս ինձ՝ ի՞նչ գործ ունեմ այստեղ:

Այդ կուրսում կար մոտ ութսուն հոգի, այդտեղ մարդիկ էին, որոնք սիրում էին լրագրությունը, ոմանք արդեն աշխատում էին որպես լրագրող: Իսկ ես նրանց մեջ ինձ մենակ ու օտար էի զգում: Այո՛, հենց առաջին օրվանից փշրվեցին բոլոր երազանքներս:

Երբեք այնքան ձանձրացած ու զզված չեմ եղել կյանքիցս, ինչքան առաջին կուրսում: Ատում էի մասնագիտական բոլոր առարկաները: Ինձ համար ամենադժվարը մարդկանցից հարցազրույց վերցնելն ու նյութեր գրելն էր: Ես ինձ անզոր էի զգում, ես հասկանում էի, որ ուղղակի մի ամաչկոտ աղջիկ եմ, որը երբեք էլ չի դառնալու լավ լրագրող, չի կարողանալու հետաքրքիր հոդվածներ գրել կամ հաղորդումներ պատրաստել: Միջանկյալներին ու քննություններին պատրաստվում էի միայն լավ գնահատականներ ստանալու համար. չէի ուզում հիշել այն ամենը, ինչ սովորում էի լրագրության մասին: Միակ մխիթարությունս պատմության դասերն էին: Հիշում եմ, թե ինչքան էի սիրում երեքշաբթի օրերը. այդ օրերին ունեինք պատմություն և մասնագիտական ոչ մի առարկա։

Կոտրված, հիասթափված, հուսահատված ավարտեցի առաջին կուրսը:

Երկրորդ կուրսում հաշտվել էի այն մտքի հետ, որ սովորում եմ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, բայց ոչ այն մտքի հետ, որ դառնալու եմ լրագրող: Մտածում էի՝ մի կերպ կգլորեմ մնացած երեք տարին, կավարտեմ, իսկ մագիստրատուրայում կընտրեմ այնպիսի մասնագիտություն, որը չեմ ատի:

Այդ շրջանում արդեն այնքան էլ օտար ու մենակ չէի զգում, երբեմն նույնիսկ ոգևորվում էի, ուրախանում էի, երբ մի հարցազրույց կամ հաղորդում լավ էր ստացվում: Բայց էլի մի բան պակաս էր:

Այդպես մի տարի էլ անցավ։ Հետո եկավ երրորդ կուրսը: Այս սեպտեմբերին ես մտա համալսարան՝ մտածելով, որ ոչինչ չի փոխվելու, որ սա հերթական ձանձրալի տարին է լինելու… Իսկ իրականում ինչ-որ բան փոխվեց: Չգիտեմ՝ ինչն է պատճառը. միգուցե երկու տարվա ընթացքում լրագրությունը հասցրել է հարազատ դառնալ, միգուցե այս տարվա առարկաներն են ավելի հետաքրքիր… Այս տարի ես սկսեցի չատել լրագրությունը:

Սա արդեն մեծ առաջադիմություն է, սա նշանակում է, որ երկու տարվա անորոշությունից ու անտարբերությունից հետո ես վերջապես գտել եմ մի բան, որը հետաքրքիր է ինձ, որը կարծես թե սկսում եմ սիրել:

Առաջին կուրսում մասնագիտական առարկաներն ատող աղջիկը հիմա ամենաշատը երկուշաբթին ու հինգշաբթին է սիրում, որովհետև այդ օրերի դասացուցակներում կան իր սիրելի մասնագիտական առարկաները, առաջին կուրսում հարցազրույցներ վերցնելուց ու նյութեր գրելուց խուսափող աղջիկը հիմա երազում է իր սիրած թերթում հոդվածներ գրելու մասին, առաջին կուրսում բոլոր հաղորդումներից ձանձրացող աղջիկը հիմա ամեն օր անհամբեր սպասում է իր սիրելի հաղորդմանը, առաջին կուրսում ուրիշ մասնագիտության մասին երազող աղջիկը հիմա երազում է իր սիրած լրատվամիջոցում աշխատելու և իր սիրելի լրագրողի նման պրոֆեսիոնալ դառնալու մասին…

Երբեք չեմ մտածել, որ լրագրող կդառնամ. ինքս էլ չեմ հասկանում՝ ինչու եմ այդպես որոշել: Որոշելուց հետո էլ երբեք չեմ հավատացել, որ կսիրեմ այս մասնագիտությունը. ինքս էլ չեմ հասկանում՝ ինչպես եմ սկսել սիրել: Իսկ հիմա մտածում եմ, որ մի ժամանակ հայելու դիմաց նստող ու մայրիկի շորերը հագին՝ հաղորդում վարող փոքրիկ աղջիկը գուցե մի օր իսկական ստուդիայում տեսախցիկների առջև նստած՝ կվարի իր հեղինակային հաղորդումը։