Anushik Mkrtchyan

Չորս օր, ու կյանքն էլ առաջվանը չի

Երեք տարի առաջ՝ ապրիլի մեկին, ես դեռ Էջմիածնում էի սովորում՝ 8-րդ դասարանում։ Սովորական օրերի նման, այդ օրն էլ մեզ համար ուղղակի դասի օր էր։ Լավ չեմ հիշում, բայց, կարծեմ, ժամը 11-ն էր կամ 12-ը։ Դպրոցում երեխաների շրջանում իրարանցում էր (թերևս ես աշակերտներին էի նկատել), ասում էին` կռիվ է։ Մեր դասարանի երեխեքը, այդ թվում ես, չհավատացինք ու կարծեցինք, թե ապրիլմեկյան կատակ է։ Աշակերտներից մեկը բարկանալով ասաց, թե էդպիսի հումորներ չեն անում։

Երբ եկանք դասարան, շուտով եկավ նաև ռազմագիտության ուսուցիչը՝ կապիտան Տերտերյանը։ Դասը ցրված էր պատմում, անհանգիստ էր, ու աշակերտներից մեկը հարցրեց.

-Ընկեր Տերտերյան, ի՞նչ է պատահել, Ձեզ լավ չե՞ք զգում:

-Սահմանին կրակոցներ են, ու չգիտենք, թե ինչքան կտևի։

Մենք զարմացանք, որովհետև մտածում էինք, որ մեզ խաբում են, բայց ընկեր Տերտերյանը էնպիսի ուսուցիչ է, որ էդպիսի հումոր չէր անի։ Ու մենք, վախեցած այդ նորությունից, շարունակում էինք դասը։

Երբ գնացի տուն, մայրս կլանված հեռուստացույց էր նայում։ Ես հարցեր էի տալիս, բայց նա կամ չէր պատասխանում, կամ էլ ասում էր` Անուշ, սպասիր:

Մենք տեսել ենք, թե ոնց են մարդիկ իրենց խանութներից ապրանքներ վերցնում ու վազում սահման գնացող զինվորների մեքենայի հետևից։ Մենք տեսել ենք, թե ոնց են էդ զինվորները հրաժարվում, բայց հետո վերցնում` չնեղացնելու համար։ Մենք տեսել ենք, թե ոնց են մարդիկ ամեն խանութում նայում հեռուստացույց, այլ ոչ թե հաճախորդին։ Մենք տեսել ենք, թե ոնց են մարդիկ վախենում, ոնց են հուզվում։ Ու ցավոք, բայց մենք տեսել ենք, թե ոնց են զոհված զինվորին տանում, ով Էջմիածնից էր։

Ես էս ամենը այդ ժամանակ չէի հասկանում, չէի գիտակցում։ Ինձ մոտ միայն երեխայական երևակայություն էր։ Կռիվ է, շուտով կավարտվի, մեր զինվորներն էլ կհաղթեն։ Այդքանը։ Իսկ հետո հասկացա, թե մենք ինչ կորուստներ ունեցանք։ Հասկացա հայրենասիրության գինը։ Չէ որ միայն հայրենասեր մարդիկ էդպիսի քայլերի կգնային։ Թողած ընտանիքը՝ կգնային կռվի։ Թողած իրենց երազանքները, նպատակները՝ նռնակով իրենց էլ հետը կպայթեցնեն։

Մենք բոլորս պետք է հարգենք նրանց վառ հիշատակը, որովհետև նրանք այդ քայլին գնացին մեզ համար, մեր հայրենիքի համար։ Պետք է նաև հասկանալ, որ մեզ զոհեր պետք չեն։ Մեզ պետք են տղաներ, ովքեր ծառայելուց հետո ողջ ու առողջ կգան, կստեղծեն ընտանիք ու էդպես արդեն կծառայեն հայրենիքին։ Մեզ պետք է խաղաղ երկինք, խաղաղ երկիր։ Մեզ պետք են առողջ ու հզոր սերունդներ։

Խաղաղություն բոլորին: