Պա՜հ, տեսար դու

2015 թվականի օգոստոս ամսից սկսվեց և այս տարի մոտավորապես նույն ժամանակ ավարտվեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը։ Ի ուրախություն մեզ՝ Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներիս, մեր համալսարանն ու ՎՏԿ-ն իրարից բաժանված են միայն մի պատով, իսկ եթե պատի մեջ մի դուռ էլ բացենք, էլ բաժանված չեն լինի։ Իսկ մինչ նոր շենքի շինարարությունը կավարտվեր, ՎՏԿ-ն գործում էր մեր լսարաններում։ Մի խոսքով՝ ՎՏԿ-ն ծնվեց մեր աչքի առաջ, ու մենք եղանք դասընթացների ամենաառաջին շրջանավարտները։

Այսօր՝ 2016 թվականի հոկտեմբերի 29-ին, կայացավ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի պաշտոնական բացումը։ Ես էլ, որպես ամենաառաջին շրջանավարտներից մեկը, ներկա էի։ Նրանց համար, ովքեր գուցե բազմիցս լսել են, բայց դեռևս ամբողջական պատկերացում չունեն կենտրոնի վերաբերյալ, մեջբերում եմ. «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ) ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: ՎՏԿ-ի առաքելությունն է` Վանաձորը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը:»

Հիմա չգիտեմ էլ նյութս որ ուղղությամբ տանեմ. նախագահի այցի՞ց պատմեմ, բացման արարողությունի՞ց, մարդկանց շրջանում տարածված իրարանցումի՞ց, թե՞ քաղաքի զգաստ տրամադրությունից։

Ցավում եմ, որ Վանաձորում շատերը չգիտեն, նույնիսկ տեղյակ չեն իրենց համար ստեղծված նոր հնարավորությունների մասին, ու իրենց համար առավել ուշագրավ է ոչ թե հենց կենտրոնի գործունեությունն ու բացման արարողությունը, այլ ավելի շատ՝ նախագահի այցը։ 

Բացման արարողությունից հետո քայլում եմ փողոցում, երկու հոգի իրար հանդիպեցին ու առանց գոնե իրար բարևելու.

-Ասըմ են նախագահն ստե ա։

-Լա՜վ է՞։

Ու շարունակեցին իրենց ճանապարհները։ Քիչ էր մնում՝ շրջվեի, ասեի. «Հա՜, հա, բարևում էր»։ Տո՛, դուք ձեր նոր աշխատատեղերի համար ուրախացեք ու էդպես հուզվեք, թե չէ` նախագահի այցից ի՞նչ օգուտ ունեք, նախագահն եկավ, մտավ ՎՏԿ սիրուն շենքը, նա ոչ ձեր կարգավիճակը տեսավ, ոչ էլ ձեր քարուքանդ փողոցներով քայլեց։ Նախագահի այցից ձեր հոգսերը չթեթևացան, ընդհակառակը՝ մի քանի փակ փողոցներ ավելացան, բջջային կապերը կորան, շրջակայքի շենքերի խաղաղ բնակչությունն անհանգստացավ «սրտացավ» ոստիկանների աշխատանքից։ Իհարկե՝ այս ամենը զուտ անվտանգության համար… Չգիտեմ՝ ո՞ւմ։

Մի տեսնեիք՝ ինչ օրինապահ ենք մենք։ Ամեն փողոցում կարգով սահմանված ոստիկանների քանակ, ճիշտ է՝ միայն մի քանի ժամով, երեկվանից՝ մաքրություն բոլոր փողոցներում։

Տուն գալիս կամրջի վրա ավտովթարի հանդիպեցի։ Էնքան մարդ էր հավաքվել, որ պարոն նախագահի «թիկնազորից» երկար շարասյուն էր կազմվել։ Մտածեցի՝ երևի նախագահն է անցել, ուշքները տվել են նրան ու էդպես իրար հետևից շարվել։

Չէ, ես իմ քաղաքի չուզողը չեմ, ես կուզեմ, որ նախագահը շատ հաճախ աշխատանքային այց կատարի, որ միշտ լավ առիթներով գա, միշտ նոր օգտակար կառույցների բացումը շնորհավորի։ Բայց, ախր, կուզեմ, որ մեր քաղաքն անկախ ամեն ինչից մաքուր, կարգապահ ու «կոստյումավոր» լինի, ես կուզեմ, որ իմ ժողովուրդը իր հարազատ քաղաքի կարևոր փոփոխությունների մասին նախագահի այցով չտեղեկանա, ու ինձ մոտ տպավորություն չստեղծվի, որ եթե նախագահը չգար, քաղաքը ՎՏԿ-ի մասին չէր էլ իմանա։

Ես ուզում եմ, որ մենք սկսենք գիտակցել մեր շահը, օգուտ քաղենք մեզ ընձեռված լավ հնարավորություններից ու չդառնանք մենակ ընտրություններով, միջոցառումներով ու «մեծ» մարդկանց գալով մեր քաղաքը սիրող, խնամող քաղաքացիներ, մենք չլինենք այսպիսին.

-Էսինչ երգիչն եկավ Վանաձոր, իմացա՞ր։

-Յա՜, տես է՞։

Քաղաքի կյանքը բարելավող մի բան եղավ.

-Պա՜հ, տեսա՞ր դու, էդ ի՞նչ ա որ։

Լուսանկարները՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ֆեյսբուքյան էջից