Պապիկիս այգու օրհնությունը

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Ուզում եմ ձեզ մի պատմություն ներկայացնել: Պատմությունը պապիս այգում բնակվող կատվի մասին է:

Ուրեմն մի ամառային օր պապիս իր համար նստած է լինում այգում ու  հանկարծ կատվի մլավյուն է լսում: Վեր է կենում, գնում ու ինչ տեսնում` այգու կողքին արկղի մեջ մի կատու նվնվում է: Պապիս էլ սկսում է խեղճ կատվի վրա գոռգոռալը, բայց դե, խղճում է ու բերում ներս: Բերում-դնում է այգու մեջ:  Էս կատուն էլի սկսում է նվնվալը: Պապս բարկանում է, թողնում գալիս տուն:

Առավոտը գալիս է, տեսնում կատուն պառկած տեղից վեր է կացել, ուղիղ կանգնել ու թաթիկներով ցույց է տալիս, թե` նայի կուկուներ ունեմ: Վա~յ,  պապս սկսում է ուրախանալ: Գնում է, տեղ է սարքում կատվիկների համար:  Մինչև մեկին տանում է, որ դնի տեղի մեջ, հետ է գալիս մյուսին տանի, տեսնում է մեծ կատուն գնացել է ու հետ բերել իր ձագուկին: Ուզում է  ասի, որ իր  տարածքը սա է, ու այստեղից ոչ մի տեղ չպիտի տանենք իրենց:

Դե, ես էլ հենց ո իմացա, որ այգում կատուներ են հավաքվել, գնացի նրանց տեսնելու:

Գիտեք, ես  այսքան հոգատար կենդանի չէի տեսել: Ուրեմն մեր խելոք կատուն իր գիրկն է հավաքում ձագուկներին, ու երբ ձագուկները ուզում են շարժվել, իր թաթիկով խփում է ու չի թողնում: Իր ձագերի համար անհանգստանում է: Ձագուկներն էլ աչուկները չեն բացում, փոքր են դեռ:

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Պապս ասում է, որ ձագերի մաման հեռու տեղեր չի գնում: Միայն գնում է մի քիչ ման է գալիս, երևի որս է անում ու վերադառնում ձագերի մոտ: Ու գնալուց էլ ձագերին ծածկում է կտորով ու նոր գնում:

Պապս կատուների համար լավ պայմաններ է ստեղծել, ամեն օր ուտելու բան է տալիս: Ասում է, որ իր այգու «ղսմաթն» են այս կատուները:

Դե ես ու քույրիկներս էլ անհամբեր  սպասում ենք, թե երբ են կատուները մեծանալու: