Պապիկիս ֆանտաստիկ պատմությունները…

Անդրադառնալով պապիկի պատմություններին, այս անգամ կպատմեմ նրա ֆանտաստիկ պատմություններից: Այդ պատությունների 80 տոկոսը հորինված են կամ ավելի ճոխացրած: Յուրաքանչյուրը, ով լսում է, առաջին իսկ նախադասությունից զգում է, որ դա հորինված է, բայց հետաքրքիրը այն է, որ պապիկը համոզում է բոլորին, թե այդ պատմությունը իրական է: Ահա, օրինակ, այդ յուրօրինակ պատմություններից, որ պապս պատմում է. 

«Մե անգամ եթաս եմ տաշտը, մենել տսնամ մե սամալյոտ շոֆեռ վերեն կանչել` Հայկազ, այ Հայկա~զ… Նայես եմ թեխ վեր, ետ շոֆեռը իմը ասել` իշթա՞ր եթամ Ղարաբաղ: Ես ասես եմ` ըտենց դուզ-դուզ քել, կխասնես: Բայց  հենց խասնես ետ սարի մոտ, մե քիչ պանցր կպախես սամալյոտի տակը չխփի, ափսոսի: Մենել տեսնամ ետ շոֆեռը երկու պաշկը պապիռոզ թալեց ցած. մեկը գիդամ, մեկը` չէ: Անձրև էր իկյալ, տրիմ քարի տակ, ասիմ` թո չօռնը, հաջորդ իկյալուն կվեկալեմ»: Այնպես է պատահում, որ հաջորդ անգամ իր ընկերներից մեկի հետ է գալիս դաշտ: Ասում է ընկերոջը. «Գնա էս ինչ քարի տակ պապիրոզ կա, քել` վեկալ, բեր»: Գնում է, վերցնում, բերում, հարցնում, թե որտեղից, պապիկը ամբողջ պատությունը պատում է: Երբ գնում են գյուղ, այդ մարդը սկսում է գյուղի մարդկանց պատմել ամբողջ պատմությունը և ավելացնում, թե սրանից հետո Հայկազը ինչ ասի` կհավատաք, սաղ ճիշտ ա ասում:

Իսկ հիմա իսկական պատմությունը լսեք: Իրականում այդ օրը, որ պապիկը գնացել էր դաշտ, ուժեղ անձրև էր  եկել, և ամեն ինչ թրջվել էր, պապիկը կրակ է վառում, վերարկուն հանում է դնում չորանալու: Սիգարետները լինում են գրպանում, ևս թրջվում են: Պապիկը դա գցում է մի քարի տակ: Իսկ մնացածը արդեն ճոխացրած պատում է համագյուղացուն:

Մի անգամ իր վարորդ ընկերոջ հետ նարդի է խաղում: Այնպես  է պատահում, որ պապիկին մնում է մեկ խաղաքար, իսկ ընկերոջը` չորս խաղաքար: Ընկերոջ հերթն է գալիս, որ պիտի զառերը նետի: Նետում է և ուզում է բոլոր խաղաքարերը հանի և հաղթի, պապիկը ասում է. «Ստոպ, ետ ի՞նչ ես անում: Պիտի երեք խաղաս, մեկ հանես»: Այդ մարդը լսում է պապիկին և այդպես էլ անում: Պապիկը նետում է զառը, հանում միակ խաղաքարը և հաղթում: Խաղից հետո ընկերը գնում է Երևան և ճանապարհին մտածում խաղի մասին  և իվերջո հասկանում է, որ պապիկը խաբել է իրեն: Հաջորդ օրը պապիկը հերթական անգամ ուղևորներ է տեղափոխում Երևան և սպասում ավտոպարկում, որպեսզի ավտոբուսը ետ գա Ազիզբեկով(Վայք): Հանկարծ բարձրախոսից լսվում է. «Ազիզբեկով-Երևան երթուղու վարորդ Վաչիկ Կուրեխյանին խնդրում ենք բարձրանալ դիրեկտորի սենյակ»: Պապիկը բարձրանում է, տեսնում է` այնտեղ նստած են տնօրենը, տեղակալները և այն ընկերը, որի հետ ինքը նարդի էր խաղացել: Սեղանին դրված էին նարդու խաղաքարերը և զառերը նույն դասավորությամբ: Պապիկին մի հատ խաղաքար, իրեն`չորս: Պապիկը, իհարկե, հասկանում է, թե ինչ է կատարվում: Ըկները նորից հարցնում է. «Հըն, Հայկազ, հիմա ի՞նչ անեմ»: Պապիկը նորից պատասխանում է. «Իրեքը խաղա, մեկը հանի»: Այդ մարդը կատաղում է և երդվում, որ էլ պապիկի հետ նարդի չի խաղա:

Հաջորդիվ կներկայացնեմ մյուս պատմությունները: