emma miqayelyan-2

Պատանեկան երազանքից մինչև իսկական թանգարան

Հարցազրույց թանգարանագետ, մանկավարժ, Հրազդանի համայնքապետարանի մշակույթի և սպորտի բաժնում գլխավոր մասնագետ Արմեն Այվազյանի հետ

-Ե՞րբ սկսեցիք հետաքրքրվել մշակույթով և պատմությամբ

-Եթե գնամ հետ հիշողությամբ, մանկուց սիրել եմ պատմությունը, մշակույթը, հուշարձանները, և պատահական չէ, որ սկսած 12-13 տարեկանից` ինչ հին առարկա ընկնում էր ձեռքս, հավաքում էի: Սկզբում հավաքում էի մեր բակից, հողամասից, հետո հարևանների բակերից, տներից: Աստիճանաբար դա դարձավ զբաղմունք: Դե, այդ տարիքում ի՞նչ պետք է իմանայի, թե տվյալ առարկան գիտականորեն կամ մշակութաբանորեն ինչ է նշանակում: Պարզապես սիրողական մակարդակով հավաքագրում էի կժերի, կարասների կտորտանքներ, թղթադրամներ տարբեր տարիների, մանրադրամներ, մետաղադրամներ: Հավաքում էի փոքր առարկաներ, որ հնարավոր լիներ տանը պահել: Մանկուց սիրում էի պատմությունը: Սկսած 15-16 տարեկանից` արդեն նյութեր էի հավաքում գրավոր աղբյուրներից, որտեղ հիշատակված է իմ ծննդավայրի մասին: Թեկուզ մի գիրք, մի ամսագիր, որ գտնում էի մեջը թեկուզ մի տող, հավաքում էի, որպեսզի հետագայում ընդհանրացնեի իմ ծննդավայրի պատմությունը: Երեք տարի հավաքելուց հետո մոտավորապես 70 առարկա ունեի: Երբ 2005 թվականի հուլիսի 10-ին տեղի ունեցավ Ջրառատի պատմության թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը, ես 15 տարեկան էի, իմ հավաքած 70 նմուշները տեղ գտան թանգարանում: Շատ հետաքրքիր աշխուժություն էր առաջացրել մեր թաղամասում, մեծից փոքր եկել էին, կազմակերպել էի գեղարվեստական մաս՝ երգ ու պար, բանաստեղծություններ, կարմիր ժապավեն կտրեցինք: Մեծահասակները խանդավառված էին։ Այնպիսի բաներ կային, որոնց նշանակությունը ես խորապես չէի գիտակցում, բայց ավելի շատ մեծերի համար էր ուրախություն, որ տեսնում էին իրենց կենցաղից, գյուղատնտեսության մեջ գործածությունից դուրս մնացած առարկաներ, որոնք իրենք փոքր հասակում՝ 15, 16, 17 տարեկանում են գործածել։ Ընկնում էին հուշերի գիրկը, անգամ հուզվում էին, արտասվում, մեծ սիրով պատմում էին իրենց թոռնիկներին, թե. «Ազիզ ջան, բալիկ ջան, սա կեմար է, սա բանոկի է»: Շատ հետաքրքիր էր: Երբ գործը կատարում ես, չես մտածում, թե ինչ շրջան կվերցնի, կշարունակվի այդ գործը։ Կարելի է ասել՝ սիրողական էի անում, գիտականորեն դեռ այդպես չէի խորացել, բայց գիտեի՝ իրենից ինչ է ներկայացնում հավաքածուն, ինչ նյութերից է: Ինձ մոտ նախանշել էի, թե ինչ պետք է հավաքագրեի ես: Հավաքածուն հավաքագրվեց, հետո հաջորդ տարի տեղափոխվեց ուրիշ շենք: Արդեն մեկ ամյակը նշեցինք 2006 թվականի հուլիսի 10-ին։ Ավելի ընդգրկուն միջոցառում էր, մարդիկ էին եկել նաև Հրազդանի շրջանից, մեր մտավորականները, հեռուստաընկերություններն էին եկել: Ես էլ իմ ներդրումը ունեի, մեկ ամյակին արդեն 6000 նմուշ էի հավաքել, ինձնից էլ էին հարցազրույց վերցնում։ Այդ ժամանակ, որ փոքր ես լինում, ուրախանում ես, լավ ես զգում, որ լրագրողները գալիս հարցեր են տալիս, ռադիոյից էին գալիս, հարցուփորձ էին անում, հեռուստացույցով քեզ են ցույց տալիս, հարևանները տեսնում ասում են. «Մեր Արմենն ա, մեր երեխեքն են»:

Այդ ժամանակ մեջս ոգևորություն կար, իհարկե, հիմա էլ չի մարել: Առհասարակ, թանգարանային ոլորտի աշխատողները պիտի էնտուզիաստ լինեն, այսինքն՝ շատ բաներ պետք է անեն առանց նայելու՝ գործը հետագայում շահույթ կբերի, թե ոչ: Ուղղակի պետք է անեն, հոգով, սրտով նվիրվեն այդ աշխատանքին, որովհետև այն ամենավեհ գործն է իմ կարծիքով: Քո սեփական պատմությունը, քո մշակույթը պահպանում ես՝ այդ նյութեղեն առարկաները պահելով։ Դե, իհարկե, կա ոչ նյութական մշակութային ժառանգություն, որը այսօր ավելի դժվար է պահել՝ մեր բարքերը, մեր սովորույթները, ավանդույթները, ծեսերը, բայց այդ իրեղեն առարկաները՝ ապացույցները, ինչքան հնարավոր է՝ պետք է պահենք: Այստեղից էլ սկսվեց իմ հետաքրքրությունը վերածվել սիրո, և հետո տարավ ինձ դեպի Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի թանգարանային գործ և հուշարձանների պահպանում բաժինը, որտեղ ոչ միայն ավարտեցի բակալավրիատը, այլ նաև մագիստրոսի աստիճան ստացա:

-Գիտենք, որ աշխատում եք համայնքապետարանում։ Արդյոք սա ձեր գործունեության սկի՞զբը կարելի է համարել

-Այո: Առաջին աշխատանքային հաստատությունը, որտեղ ես սկսել եմ աշխատել, Հրազդանի համայնքապետարանն է: Մինչև բանակ զորակոչվելը մեկ տարի աշխատել եմ որպես կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնում առաջատար մասնագետ: Առաջին անգամ այստեղ եմ աշխատել, ինձ հոգեհարազատ բաժին էր: Եվ ոչ թե կարելի է, այլ պետք է համարել, որ իմ աշխատանքային մկրտությունը այստեղ եմ ստացել։ Թվում է, թե ադմինիստրատիվ աշխատանք է, շենքային պայմաններ են, բայց շատ բազմազան են մեր բաժնի աշխատանքները, և՛ հետաքրքիր, և՛ դժվարին: Բանակից հետո նորից այստեղ եմ աշխատում:

-Ի՞նչ արձագանք ստացաք համագյուղացիներից, երբ բացվեց թանգարանը ձեր աջակցությամբ

-Դե, դեռ երեխա ես, չես տառապում աստղային հիվանդությամբ, բայց քեզ լավ ես զգում, երբ մեծից փոքր ճանաչում են՝ «վայ, թանգարանի Արմենը», մինչև հիմա էլ այդպես ասում են: Սկզբում չէին ընդունում այնպես, ինչպես պետք է ընդունեին, այսինքն՝ խորթ էր: Լավ, ինչ թանգարան է, ինչ հնություն, 15 տարեկան երեխեն ինչ ա, որ թանգարան հավաքի: Ասում էին՝ դե լավ, երեխայական զբաղմունք ա, 1 տարի կզբաղվի, 2 տարի: Հետո աստիճանաբար կյանք ես ոտք դնում, դպրոցն ավարտում ես, գնում ես համալսարան: Մեծանում ես մի աստիճան, նաև հայացքներն են փոխվում: Բոլորն ասում էին՝ երեխա է, զբաղվում է, էլի: Մեկը նամականիշ է հավաքում, մյուսը՝ դրամներ, մյուսը՝ շքանշաններ, սա զբաղմունք է: Բայց հետո, երբ տեսան, թե ես ինչ սիրով եմ անում, հետո փոխանցում եմ իմ հասակակիցներին, տեսան, որ իրենց փոքրերը հետաքրքրված էին, ոգևորում էին:

Առաջին տարվանից հետո այսպես որոշեցի՝ ով ինչ տա, ներքևում անունը գրեմ։ Նաև գրում էի ազգատոհմի անունը: Դե, դա շահագրգռում էր, գալիս էին ասում. «Վայ, իմ հարևանի անունը կա գրված էդ կարասի տակը, բա ես մի բան չտա՞մ՝ իմ անունն էլ գրվի»:

Երբ աշխատանքի ճակատը մեծանում է, զգում ես աջակցություն: Միայն համագյուղացիների ու ժողովրդի աջակցությունը քիչ է, բայց նրանք նվիրվում են: Ասեմ, որ շատերը կարող է նույնիսկ Ջրառատի թանգարանը թանգարան չանվանեն։ Բայց ով ինչպես ուզում է՝ թող անվանի: Իմ 27 տարվա կյանքի գլխավոր ձեռքբերումն է, ինչին շատերը թերահավատորեն էին մոտենում: Այդ անհամաձայնությունները ինչքան էլ դժվար են եղել, ես չեմ ընկրկել ու մինչև վերջ շարունակել եմ, մինչև հիմա էլ շարունակում եմ այդ գործը: Ճիշտ է, թանգարանը գիտականորեն չի կառուցված, ցուցադրությունը լավը չի, բայց կարևորը՝ ես հասա այն եզրագծին, որ այդ հավաքածուն թանգարանում տեղադրվի: Ես դրանով կարողացա փոքրերի մեջ հետաքրքրություն առաջացնել պատմության, իրենց ծննդավայրի նկատմամբ:

Ես ամառները, թեկուզ՝ դասերի ժամանակ էլ, ցուցադրական դասեր էի անցկացնում թանգարանում, ու դրանից հետո երեխաները գնում էին տուն ու հարցնում. «Պապիկ, մեր պապերը որտեղի՞ց են եկել, տատիկ, քո ծնողները որտեղացի՞ են, մենք ունեցե՞լ ենք նշանավոր մարդիկ մեր տոհմի մեջ»: Մեծահասակները զարմացել են, թե երեխայի մեջ որտեղից է այդ հարցը ծագել։ Երեխաները հողամասում աշխատելիս մի կարասի կտոր են գտնում, բերում ասում են. «Արմեն ապեր, տես հլը ինչ եմ գտել»: Երեխաների մեջ այդ հետաքրքրությունը կա։

-Իսկ դասավանդո՞ւմ եք

-Երկրորդ տարին է, ինչ աշխատում եմ Հրազդանի բժշկական քոլեջում: Ես այնտեղ հիմնական աշխատող չեմ, ժամավճարով եմ աշխատում: Դասավանդում եմ միայն առաջին կուրսեցիներին: Այն առաջին կուրսեցիներին, որոնք իններորդ դասարանի բազայով են եկել, ավարտել են հիմնական դպրոցը: Դաս եմ տալիս միայն նրանց՝ 10-րդ դասարանի ծրագրին համապատասխան: Իհարկե, փորձ ունեի դասավանդելու:

Ջրառատի Սբ. Կարապետ եկեղեցուն կից ստեղծել էի կիրակնօրյա դպրոց, շրջակա հանրակրթական դպրոցների երեխաներին դասեր էինք տալիս՝ կրոնական վարքաբանության, քրիստոնեական արժեքների, տոմարագիտության մասին:

Հիմա աշխատանքը քոլեջում իր դժվարություններն ունի: Էլի սովորողներ կան, չսովորողներ կան, բայց տարբերվում են: Իմ ուսուցիչների օգտագործած մեթոդները հիմիկվա սերնդի վրա չենք կարող օգտագործել, իրենց նորարարություն է պետք: Իմ՝ այս աշխատանքը ընտրելու մեջ ամենամեծ դերն իմ ուսուցիչներն են ունեցել, հատկապես՝ պատմության ուսուցիչ Համլետ Բակլաչյանը, ով մեր տարածաշրջանի լավագույն ուսուցիչներից մեկն է, վաստակաշատ մանկավարժ, ՀՀ Մովսես Խորենացի մեդալակիր: Այն ժամանակ ուրիշ էին ուսուցիչները: Հիմա կարծես ուսուցիչներն էլ են անտարբեր դարձել, ասում եմ. «Սովորում են՝ սովորեն, չեն սովորում՝ թող չսովորեն»: Այն ժամանակ մի սխալ բան կար՝ ծնող էին կանչում: Հիմա ավելի շատ թողնում են ուսանողի, աշակերտի հայեցողությանը: Շատ քիչ մասնագետներ են, որ սրտացավ են:

Շատ դժվար է ծրագիրը, սեղմված, երեխեքը չեն հասցնում սովորել, ընկալել այդ ամենը: Ես կարծում եմ՝ պետք է թե՛ համալսարանում, թե՛ քոլեջում գոնե 2 տարի ոչ մասնագիտական առարկաներ անցնեն, շատ են կաղում: Կան լավագույնները, ես ուրախ եմ, որ 15, 16 տարեկանները, հատկապես՝ տղաները, շատ համեստ են, խելացի, առանձնահատուկ են:

-Քոլեջի երեխաներին ձեր կազմակերպած նախագծերին մասնակից դարձնո՞ւմ եք

-Անպայման, անպայման: Քոլեջից դուրս շատ ենք այցելում թանգարաններ, պատկերասրահներ, հուշարձաններ: Տուրեր են կազմակերպվում «Միասնական Հրազդան» հասարակական կազմակերպության նախագծով՝ դեպի Հրազդանի եկեղեցական համալիրներ: Հիմնական նպատակը տեղի բնակչությանը՝ սկսած դպրոցականներից, ծանոթացնելն է սեփական պատմությանը։

-Առաջիկայում ի՞նչ նախագծեր ունեք և Ձեր քայլերը դեպի ո՞ւր են նպատակաուղղված

-Իմ նպատակը եղել է ու մնում է այն, որ իմ հավաքածուն պատշաճ կերպով ցուցադրվի: Իհարկե, հիմա շնորհիվ Հրազդանի քաղաքապետարանի կա տարածք, որտեղ տեղակայված է հավաքածուն, բայց ուզում եմ գիտականորեն, գեղեցիկ ցուցադրվի՝ ցուցափեղկերով, բացատրագրերով, ցուցասրահներով և այլն: Մյուս նպատակս այն է, որ այդպիսով առաջ տանեմ իմ այն պատանեկան երազանքը, որ իմ կառուցածը, ստեղծածը դառնա հասարակության համար հասանելի, վերջնականապես ձևավորված, իրական գրանցված կարգավիճակ ունեցող թանգարան լինի: Երկրորդ կարևոր նպատակս իմ ծննդավայրի մասին պատմող փաստավավերագրական, տոհմագրական, ազգագրական բնույթի գրքիս հրատարակումն է: Հիմնականում օգտվել եմ կենդանի մարդկանց հուշերից, քանի որ գրավոր աղբյուրներում մանրամասն գրված չէ: