Պատերազմների ժամանակաշրջան է…

Մեր գյուղի ծայրում է գտնվում մեր մեծ տունը…

Մե՜ծ…

Տեսնես ինչի՞ համար են մեծ տները, երբ բավական է աշխարհում պարզապես մի փոքրիկ անկյուն ունենալը, այն էլ, երբ այն քո հայրենիքում է լինում։ Հավատացնում  եմ, աշխարհում ոչ մի տեղ ինձ այնպես լիարժեք չեմ զգում, ինչպես մեր գյուղի ծայրում գտնվող մեր մեծ տանը:

Հիմա մի փոքր այլ է…

Ես նստած եմ մեր բակի հին նստարանին, ուր այն ժամանակ տատս էր նստում ինձ հետ, խոսում ամեն ինչից ու երբեք չէր հոգնում մանկական անմիտ հարցերիս պատասխաններ տալուց։ Հիմա երկինքն էլ անգամ տխուր է ու մռայլ, հիմա  մարդիկ են անգամ մռայլ։

Երբ գարնան առաջին ձնծաղիկներն արդեն ծաղկում էին` սառը հողը ճեղքելով,  մենք մեր դասարանցիներով  գնում էինք հավաքելու, մայրիկներին և ուսուցչուհիներին նվիրելու համար։

Հիշում եմ… Ոչինչ չեմ մոռացել…
Մենք ժպտում էինք, մենք երջանիկ էինք, որովհետև աշխարհում այդ օրը բարի գործ էինք կատարել, բայց իրականում միայն հիմա եմ հասկանում, որ մենք ծաղիկներին  կյանքից էինք զրկում:

Հիմա մի քիչ ուրիշ է… Պատերազմների դարաշրջանն  է։ Հիմա միայն հեռվից կարող ենք դիտել այն, ինչ առաջ մերն էր, ինչ առաջ հասանելի էր ու հաճելի։ Տեսնես ո՞վ զրկեց մեզ մեր մանկությունը մի օր նորից վերապրելուց։ Տեսնես` ի՞նչ եղավ։
Չեմ հիշում երբ էր, բայց հիշում եմ, թե որքան նրբանկատ էինք մենք… Բակում խաղալիս ընկերներիս հետ քանի վիրավոր թռչուն ենք գտել, քանիսը` մեռած… Թաղում էինք, ոնց կարգն էր, ու տխրում, լացում, մինչև հիմա հիշում եմ, չեմ մոռացել…
Այդ ինչպե՞ս մարդուն հողը դնելը մեզ համար սովորական դարձավ, այդ ինչպե՞ս կարողացանք ամեն մեկս մեծանալ ու հողի համար արցունք թափել, այդ էլ քիչ էր` մարդիկ կորցնել… հերոս մարդիկ։

Չգիտեմ, արագ անցան ժամանակները, ընկերներ չկան, բակը չկա, թռչունները մեռնում ու մնում են` որտեղ պատահի, ծաղիկներն այլևս չեն պոկվում: Պատերազմների ժամանակաշրջան է…
Հիմա մի քիչ ուրիշ է…