Պատուհաններ

Գարնան նորածիլ օրերը ինչ-որ անսովոր թեթևությամբ քեզ կանչում են դուրս՝ ապրելու, քայլում ես փողոցով, անցնում աղմկոտ հոսանքի միջով, նայում շուրջդ, նայում մարդկանց, քայլում ես մտացիր, մտածում, էլի մտածում և երբեմն մոռանում ես շրջվել՝ պարզապես պատուհանին նայելու…

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Կիսաբաց, կիսափակ… Սրանք մարդիկ են, որոնց մենք, թվում է, ճանաչում ենք՝ մի քանի անգամ հանդիպելով, նրանց մասին կարդալով, լսելով: Իրականում ոչ մեկը և ոչինչ չի պատմում մեր մասին այնպես, ինչպես մեր պատուհանը, որովհետև նրա ներսում է սկսվում և նրանից դուրս շարունակվում մեր ամենաիրական կյանքը:

Պատուհաններ կան, որոնց դժվար է չնայել: Դրանք մարդիկ են, ում կարոտում ես երբեմն և փորձում գտնել նրանց ստվերը, որ առաջ քայլում էր քեզ հավասար, տեսնել իրերը, որոնք կհուշեն նրանց կյանքը արդեն առանց քեզ: Պատուհաններ կան, որոնք տխրեցնում են: Դա տունն է, որտեղ անցել են քո գիտակից և անգիտակից կյանքի՝ քամու պես թեթև օրերը: Բայց և կան պատուհաններ, որոնք անմտածել ժպիտ են բերում, և դու հիշում ես, հիշում, էլի հիշում…

Կան ու չկան՝ մարդկանց նման ուրախ կամ անուրախ, մեկը՝ գարուն, մյուսը՝ ձմեռ, բոլորը՝ ժամանակավոր…

Քայլում եմ ու անկախ ինձնից շրջվում: Մի անծանոթ ծեր մարդ նայում է պատուհանից և ինչ-որ բան մտմտում: Չգիտեմ՝ ինչ է ասում, թերևս կարևոր էլ չէ: Գարնան թարմությունը կարծես նրան էլ է վարակել, անհասկանալի ժպտում է, թե՞ ինձ է թվում, չգիտեմ:

Ասում են՝ մարդ չի կարող ապրել թաքուն, ինքն իր մեջ փակված, մարդ միշտ կարիք ունի ուրիշներին իր կյանքը պատմելու, դրա համար էլ կռվել է պատերի հետ և լուսամուտներ բացել: Իսկ այ, շենքերը չեն պատմում, շենքերը լուռ են: Մենք ինքներս ենք հյուսում մեր պատմություններն ու լռությունները, ընտրում բացն ու փակը, լույսեր գտնում ու կորցնում մեր կամ գուցե ուրիշի լուսամուտից:

Իսկ դու երբևէ մտածե՞լ ես՝ ինչպիսին է քո պատուհանը անծանոթի աչքերին…