«Պարտադրված» հաղթանակ

Ես լսեցի հեռախոսի զանգը. ուսուցչուհիս էր: Նա ասաց, որ ես գրանցաված եմ  «Հայաստանի խորհրդանիշեր» խորագրով նկարների մրցույթում: Կիրակի էր: Չէի ցանկանում գնալ դպրոց, բայց քանի որ գրանցված  էի, ստիպված գնացի: Ինձ հետ էին նաև համադասարանցիներիցս մի քանիսը: Ուսուցչուհիս մեզ հանձնեց թերթիկներ, որոնց վրա գրված էին մրցույթի պայմանները: Մենք սկսեցինք քննարկում, որը ինձ նույնիսկ ձանձրալի թվաց:  Դուրս գալուց հետո ես ասացի ընկերներիս.

-Օֆ՜, ձանձրալի է: Չեմ սիրում պարտադրված բաները…

Բարկացած գնացի տուն: Սկսեցի նկարել: Նկարը չէր ստացվում, զայրանում էի: Շուտով ամեն ինչ թողեցի և դուրս եկա բակ: Չգիտեմ, մաքուր օդից էր, թե երևակայությունս խաղաց, մտքիս եկավ մի հրաշալի տեսարան: Վազեցի տուն, արագ վերցրի մատիտներս ու անցա գործի: Նկարեցի ծիրան, դեղձ, նուռ ու խաղող, նրանց ետևում հոսում էր Արաքսը, երկնքում երևում էր արևը և Հայաստանի քարտեզը` ներկված եռագույնով, իսկ երկնքի ու երկրի միջև վեր էր խոյանում վեհափառ Արարատը:

Նկարը պատրաստ էր: Մենք այն ուղարկեցինք քննարկման: Մի քանի օրից պարզվեց , որ իմ նկարը անցել է երկրորդ փուլ՝ ֆեյսբուքյան քվեարկության, և ես ինքս սկսեցի հետևել դրան: Քվեարկության ժամկետը լրանալուց հետո տևական լռություն էր: Մի օր էլ, ճիշտ այնպես, ինչպես առաջին օրը, հեռախոսիս զանգ եկավ, և ուսուցչուհիս ասաց , որ ես հաղթել եմ մրցույթում:

Դրանից  հետո ինձ հրավիրեցին Երևան` Կամերային երաժշտության տուն, այնուհետև նախագահի նստավայր, և ես հասկացա, որ երբեմն պարտադրված գործերը հաղթանակներ են բերում: