«Պիտի այնպես քնքուշ ապրենք, որ աշխարհը մեզնից հետո ժպտա»

Մասնագիտությամբ՝ հնագետ, գործունեությամբ՝ դասախոս, ուսուցչուհի, զինվորական, հեղինակ-կատարող, ընտանիքում ` օրինակելի և հոգատար մայր, կյանքում՝ անհավանական լավատես: Այլ խոսքով՝ Արմինե Հայրապետյան

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

-Ինչպե՞ս ստացվեց երաժշտության մուտքը Ձեր կյանք:

-Հավանական է, որ երաժշտությունը ծնվել է ինձ հետ, որովհետեւ այն ոչ մի վայրկյան չի դադարել իմ մեջ հնչելուց: Ես մեծացել եմ երաժշտասեր ընտանիքում, փոքր հասակում մորս հետ զրույցներն անգամ «մյուզիքլային» էին: Ծնողներս, թեպետ այլ մասնագիտության տեր էին, բայց հակում ունեին դեպի երաժշտությունը, ու դա փոխանցվեց ինձ: Հինգ տարեկանում արդեն հեռուստատեսային համերգների մասնակից էի: Հիշում եմ՝ Արեգ Լուսինյանը մի հաղորդաշար ուներ՝ «Երաժշտական այբուբեն» վերնագրով, որի նկարահանումները մեր մանկապարտեզում էին անցկացվում: Հետաքրքիր էր նաեւ մանկական օպերետում Ոսկե ձկնիկի դերում հանդես գալս:

-Ո՞րն է Ձեր ներշնչանքի աղբյուրը:

-Մինչեւ մայրանալս մտածում էի, թե ինչ անիմաստ կլիներ իմ կյանքը, եթե զավակներ չունենայի: Այս առումով երկու որդիներս ինձ համար կյանքի մեծագույն իմաստն ու ուժն են: Բայց աշխարհում չկա մի բան, որ չներշնչի ինձ: Երբ դու սիրում ես երկինքը, արևը, անձրևը, սիրում ես կյանքը, դա քեզ ոգեշնչում է, բայց կյանքի բացասական կամ դժվար կողմերը ևս կարող են ոգեշնչել՝ ծնունդ տալով արդեն թախծոտ, բարկացկոտ կամ ցավի երգերի:

-Դուք ասում եք՝ երգերը Ձեր կյանքի փուլերն են: Ի՞նչ փուլում եք հիմա:

-Դժվար է տարանջել՝ որ երգը որ փուլինն է: Գուցե զգացմունքների տեսանկյունից լինեն փուլային որոշ աստիճաններ: Տասնութ տարեկանում գրած երգեր ունեմ, որոնք հիմա այնքան ծանր են թվում, որ հազվադեպ եմ երգում: Իհարկե, պատանեկան տարիներին էմոցիոնալ վայրիվերումները շատ բնական են, բայց տարիների հետ գալիս են իմաստնությունն ու պատկերային մտածողությունը: Մի ժամանակ հայրս մայրամուտին մի ամպ էր ցույց տալիս ու ասում՝ նայիր, այն ամպի բարալիկ, ոսկե երիզը քեզ եմ նվիրում: Մարդ պիտի ունենա այս զգացողությունը, ընկալումը, այս «աչքը»՝ տեսնելու գույներն ու պատկերները:

-Մի առիթով ասել եք, որ պատանեկության տարիներին շատ հոռետես էիք, հիմա դարձել եք անհավանական լավատես: Ինչպե՞ս ստացվեց սա հատկապես այն դժվարություններից հետո, որոնցով անցաք Դուք:

-Քսան տարեկանում ես առողջական շատ լուրջ խնդիրներ ունեի, նույնիսկ կլինիկական մահ տարա, ինը տարի առաջ ավիավթարի պատճառով կորցրի ամուսնուս, ով ռազմական օդաչու էր… ժամանակի հետ սկսեցի արժևորել կյանքի ամենատարրական երեւույթները, շնչելու, սիրելու կարողությունները ու հասկացա, որ անգամ կորուստներից հետո մարդ պիտի ամուր պահի իր ողնաշարը ու մի պահ հարցնի ինքն իրեն՝ սա կորցրի, նրանից զրկվեցի, իսկ ի՞նչ ունեմ հիմա: Պետք է գնահատել այդ ունեցածը ու գիտակցել, որ դու պատասխանատու ես ոչ միայն քեզ համար, այլև ու նախևառաջ, քո զավակների:

-Ինչպե՞ս ընտրեցիք հնագետի մասնագիտությունը:

-Մասնագիտության գծով իրարից տարբեր շատ երազանքներ ունեի, ու երբ եկավ ընդունելության տարին, չգիտեի՝ ավելի շատ հնագիտությո՞ւն եմ նախընտրում, արևելագիտությո՞ւն, թե՞ իրավագիտություն: Բայց ընտրեցի հնագիտությունը, որովհետև դա այն մասնագիտությունն էր, որ իրենում ներառում էր մյուս բոլորը: Այն մարդկության հնագույն ժամանակներում եղած բոլոր մշակույթների ուսումնասիրությունն ու պատմության վերակերտումն է:

-Տարիներ առաջ՝  Նարկացու անվան հ. 137 դպրոցում աշխատելիս, Ձեր աշակերտներին խոստացել էիք այլևս երբեք չդասավանդել: Փաստորեն, ԵՊՀ-ն ստիպեց խախտե՞լ խոստումը:

-Ես իրենց ասել էի, որ եթե մտնեմ լսարան, ապա դա կլինի միայն ուսանողական, որովհետեւ իրենք շատ ծանր էին տանում դպրոցից հեռանալս: Իրականում ես չէի էլ ծրագրել երկար մնալ այնտեղ, քանի որ հնագիտական դաշտային աշխատանքներս շատ ակտիվ էին: Համալսարանում եմ արդեն ինը տարի, դասավանդում եմ «Հայաստանի հնագույն մշակույթը Հին Արեւելքի մշակույթների համատեքստում» առարկան: Նաև հույս ունեմ, որ խոստումները վաղեմության ժամկետ ունեն, որովհետև այսօր՝ իմ այդ խոստումից գրեթե քսան տարի անց, ես աշխատում եմ նաև «Արեգնազան» կրթահամալիրում՝ դասավանդելով հայոց պատմություն առարկան: Ես շատ եմ կարևորում աշխատանքը աշակերտների հետ և կարծում եմ, որ գիտակից մասնագետները պետք է կենդանի շունչ հաղորդեն իրենց առարկային: Այսօր դպրոցը դրա կարիքը շատ ունի: Կարծում եմ՝ յուրաքանչյուրս հյուր է կյանքում, ուստի այնպես քնքուշ պիտի ապրի, որ աշխարհը ժպտա իրենից հետո, ու եթե ուզում է գեղեցկացնել կյանքը, պիտի անձամբ սկսի այդ գործընթացը: Չէ՞ որ հրաշքները կատարվում են այն ժամանակ, երբ ինքդ ես ստեղծում ու հավատում դրանց:

-Այդ դեպքում ո՞րն է Ձեզ պատահած ամենամեծ հրաշքը:

-Մայրս… (Հուզվում է) Ես չէի լինի այն, ինչ կամ, եթե նա չկերտեր ինձ այսպիսին: Դժվար է մայր լինելը, հատկապես այն ժամանակ, երբ չկային այսօրվա հնարավորությունները, ու դու, որպես մայր, պիտի առօրյա հոգսերի հետ հասցնեիր երեխայիդ համար լինել և դերասան, և հեքիաթասաց, և ուսուցիչ, և հոգեբան, և միջնորդ՝ կյանքի կամուրջը անցնելու համար:

-Իսկ ի՞նչ ակնհայտ տարբերություններ կամ նմաննություններ կան աշակերտների և ուսանողների միջև:

-Ամեն սերունդ յուրահատուկ է: Ուսանողների մեջ ներքին ես-ի արթնություն կա, սա անկախության սերունդ լինելու գիտակցումից է, ինչը չկար խորհրդային տարիներին: Իսկ աշակերտը դեռ ընկալման փուլում է, ու նրա վրա ազդեցություն թողնելը ավելի հեշտ է: Հետևաբար շատ ավելի դժվար ու պատասխանատու է դպրոցահասակ երեխաների հետ աշխատելը:

-Ի՞նչ կպատմեք Ձեր զինվորական աշխատանքի մասին:

-Իմ ծառայությունը ԶՈւ-ում պայմանավորված էր կյանքիս հանգամանքների կտրուկ ու դրամատիկ փոփոխությամբ, բայց միևնույն ժամանակ, դա ապրածիս տրամաբանական շարունակությունն էր: Իմ ընտանիքում եղել են ու կան ռազմական օդաչուներ, զինվորականներ, ես մանկուց սիրել եմ համազգեստը և ընտանիքիս հետ միասին կապված եմ եղել հայոց ժամանակակից պետության կայացման բուռն գործընթացներին ոչ քաղաքական իմաստով: Սա յուրաքանչյուր քաղաքացուս բնական պարտքն է: Այս իմաստով ես փորձում եմ գիտելիքներիս ողջ պաշարը ի սպաս դնել բանակին՝ լինի դա վերլուծության, հաշվետվության, թարգմանչության, թե մեկ այլ աշխատանքի տեսքով:

-Ինչպե՞ս եք կարողանում համատեղել ու հասցնել այդ բոլորը:

-Դժվար է ասել: Օրվա վերջում՝ սպառված տուն հասնելիս, մի պահ մտածում եմ` չէի՞ կարող մի բան էլ պակաս անել: Բայց չէ, հասկանում եմ, որ չէի կարող, որովհետև այն ոլորտներում, որտեղ ներգրավված եմ, չկա անկարևոր բան: Շատերն արդեն գիտեն ձեռքիս ժամացույցը, որը մշտապես ինձ հետ է: Ես սարսափելի ճշգրիտ փորձում եմ համակարգել իմ գրաֆիկը, թեպետ երևանյան իրականության մեջ դա բարդ է, որովհետեւ մենք խնդիր ունենք առնվազն երթևեկության հետ: Հետևաբար սա ևս պետք է հաշվի առնել և նոր միայն համակարգել քո օրը, շաբաթը, ամիսը, տարին, երբեմն նույնիսկ երեք տարին: Բնական է՝ միշտ չի հաջողվում մնալ այդ գրաֆիկի մեջ, բայց պետք է փորձել հնարավորինս մոտ լինել դրա սահմաններին և իհարկե, դասավորել անելիքները ըստ կարևորության, իսկ ինձ համար ամենակարևորը ընտանիքն է: