Ջրափի

Գյուղը ինձ համար եղել ու մնում է գեղեցիկ ու հետաքրքիր մի նկար, որը լիովին տարբերվում է քաղաքային միապաղաղ ու հոգնեցնող կյանքից: Հիշում եմ, երբ փոքր էի, հաճախ այցելում էինք մեր մարզի Ջրափի գյուղը, որտեղ մեծ տուն ու հողամաս ունեինք: Ես միշտ անհոգ խաղում էի մեր այգում, թաքնվում մասրենու թփերի տակ, հաճախ ծաղիկներից փնջեր կապում ու խնդրում մեծերին, որ ծաղկեպսակներ պատրաստեն ինձ համար: Ու ինձ թվում էր, թե ինչպես իմ, այնպես էլ գյուղում ապրողների առօրյան շատ հետաքրքիր է, և նրանք շատ գոհ են կյանքից: Եվ իրոք… Ինձ թվում է, որ առաջ գյուղացին ուրախ էր, նրա համար կյանքը հեքիաթային էր թվում, չնայած՝ առավոտից մինչ իրիկուն կամ իր կենդանիների հետ էր, կամ էլ դաշտում՝ իր գործին: Երևի դա նրանից էր, որ, չնայած իր՝ դժվարություններով լի առօրյային, նրա դեմքին ժպիտ կար, նրա համար երջանկություն էր թվում հացահատիկի առատությունը: Շատ լավ եմ հիշում, որ երբ փոքր էի, գյուղացիները շատ էին սիրում մեզ, միշտ մեր տուն էին գալիս ու զրուցում մերոնց հետ:

Այս գունեղ ու հեքիաթային կյանքը ինձ համար ավարտվեց 2005 թվականին, երբ մենք վերջնականապես քաղաք տեղափոխվեցինք, ու ես այլևս չկարողացա իմ սիրելի գյուղ գնալ: Չգիտես ինչու, մերոնք եղբորս հաճախակի էին տանում, իսկ ինձ՝ ոչ: Այսպես, ես մինչև վերջերս էլ կարոտով էի հիշում իմ անցկացրած լավագույն պահերը ու չէի էլ ուզում մտածել, որ իմ գյուղը կարող է փոխվել, որ այն դասարանը, որտեղ ես որոշ ժամանակ սովորել եմ, կարող է առաջվանը չլինել…

Մոտ երկու շաբաթ առաջ մերոնք վերջապես ինձ էլ գյուղ տարան: Երբ հասանք, արդեն երեկո էր, ու ես ենթադրում էի, որ ինչպես նախկինում, հիմա նույնպես գյուղի երեկոն անզուգական է լինելու: Բայց ես սխալվեցի: Կայարանից մինչև մեր տուն երկար ու քարքարոտ ճանապարհ էր, որի նախկին տեսքից ոչինչ չէր էլ մնացել: Մինչ տուն  հասնելը միայն մի երեխայի հանդիպեցինք, ով, ի սարսափ ինձ, առանց վախի խաղում էր մի հսկա շան հետ այնպես, ասես գրկել ու շոյում էր իր փափուկ խաղալիքը: Ինձ համար շատ տարօրինակ էր այն ամենը, ինչը տեսնում էի ես այդ պահին: Նախկին կահավորված ու գործող բուժկետից մնացել էին միայն չորս պատերը՝ առանց տանիքի, պատուհանների ու սանդուղքների…

Իմ այն հարցին, թե ինչու են քանդել բուժկետը, տատս ասաց.

-Է՜, բալես, ո՞վ գիտի…

Ու ես սկսեցի մտածել, որ նույն վիճակում է նաև դպրոցը, բայց հետո իմացա, որ այն դեռևս գործում է, բայց, ինչպես գյուղացիներն ասացին. «Դասարանների կեսը մեռած է, էն կեսի բերանումն էլ ըսկի շունչ չկա…»:

Առաջվանից գրեթե ոչինչ չէր մնացել. նախկին աշխույժ գյուղը գրեթե ամայի էր դարձել, իրար հարևան չորս տներից երեքը անբնակ էին, այնինչ առաջ այստեղ մեծ ու ավանդական ընտանիքներ էին ապրում, բուժկետը չէր գործում, դպրոցի երեխաների թիվը վաթսունը չէր գերազանցում, մարդիկ էլ տխուր էին ու հիասթափված…

Միակ բանը, որ ուրախացրեց ինձ ու հույս տվեց, այն էր, որ նախկին փլված եկեղեցին այսօր նորոգված էր ու դարձել էր գյուղի երիտասարդների միակ տեսարժան վայրը, ուր կարելի էր գնալ շաբաթ-կիրակի օրերին:

Հիմա, երբ այլևս այնտեղ չեմ ապրում, մտածում եմ. տեսնես կգա՞ մի ժամանակ, որ Ջրափին կամաց-կամաց նորից դառնա այն գյուղը, որտեղ մարդիկ երջանիկ էին իրենց պարզ ու հասարակ կյանքով: