Anush abrahamyan

Ջրի հերթը մերն է․․․

Աշխարհի ստեղծումից ի վեր ոչինչ կանգ չի առել մինչև այսօր: Ես լավատեսորեն վստահ եմ, որ ոչ մի լավ բան երբեք կանգ չի առնի… Կա մի լռություն, որ ոչ թե տխրություն է քարոզում, իր գրկի մեջ հավաքելով միայնակների վախեցած ազատությունը, արցունքները, այլ, տարածվելով օդում, թիկնոցի պես իջնում է ուսերիդ` լրացնելով քեզ: Լիության ուրվականն է դա, բախումն է քո ու էջերի, որտեղ ուզում ես պարտվել: Ամեն ինչ քաղցր քնի մեջ էր: Կարդալիս համոզվում էի,  որ դատարկությունը սպանում է այնքան, որքան զգացումները կախաղանից առաջ: Դեռ չէի ավարտել, բայց լույսը մարեց: Մութն անմիջապես կատաղած շան նման հաչեց երեսիս, թվում է՝ հիմա կմաղվեմ վախի ուժից: Օգնության կանչելով բանականությանը՝ հազիվ հասա պատուհանի մոտ: Բացեցի պատուհանը ու ձեռքս մեկնեցի՝ սպասելով, որ աստղեր կընկնեն: Հենց այդ ժամանակ երկնակամարը աքսորեց մի քանի աստղերի ու ես զգացի հրաշքի բույրը: Եվ, առհասարակ, ի՞նչ է հրաշքը: Մենք պատրաստ ենք ճչալ, որ հավատում ենք հրաշքների, բայց երբեք ի զորու չենք ճանաչել նրանց: Ես ճանաչեցի այն, թեև հազար անգամ նայել էի երկինք: Նրանցից ոչ մեկն ափիս մեջ չընկավ, եթե ընկներ էլ, միևնույն է, չէի նկատի։ Ես մոռացել էի ինքս ինձ, իրենց առաքելությունը կատարում էին միայն աչքերս: Օդը կատարյալ հանգիստ էր, ոչ մի դող չէր համարձակվում մոտենալ ինձ, մոտ մեկ ժամ չէի կարողանում կտրվել այն աշխարհից, որը ժամանակավորապես երկիր էր իջել: Գիշերվա ժամը 4-ն էր, երբ հայրս թխկոցով բացեց դուռը: Ես արագ փակեցի պատուհանը, բայց չկարողացա գլուխս կախել ու լռել, այլ սկսեցի ինձ հատուկ շատախոսությամբ նկարագրել գիշերը…

-Ջրի հերթը մերն է, մայրդ ու դու հողամասում կսպասեք, որ ջուրը գա, իսկ ես ու եղբայրդ կգնանք` ուժեղացնելու:

Բայց ես համառեցի ու, վերցնելով բահը, ճանապարհ ընկանք: Քայլում ենք, ու լուսինն ինձ համար ավելի պայծառ է դառնում: Խոսում էինք ամենատարբեր թեմաներով՝ մասնագիտությունից, երկնքից, կեղծիքից: Հանկարծ՝ մի տուն իմ  ուշադրությունը գրավեց: Գիշերվա այդ ժամին մի սենյակում լույսը դեռ վառված էր: Ինչո՞ւ ես երջանկացա այն տեսնելով, ինչո՞ւ այն ինձ այդքան խորհրդավոր թվաց: Միգուցե ես հանդիպեցի ինձ մի այլ վայրում, չէ՞ որ, հավանաբար, մեկ ուրիշի մտքում էլ է խորհրդավորությունը բնակվել, երբ անցել է իմ պատուհանի կողքով:

Մի որոշ ժամանակ անց հասանք այն վայր, որտեղ սարերից եկող ջուրը բաժանվում էր 2 գյուղի միջև: Հորիզոնը ամայի էր, ու քամին իրեն զգացնել տվեց: Մի կողմում կանաչ սարերն էին, իսկ մյուսում՝ սպիտակ երեսով լեռները: Հենց այդ ժամանակ ես նկատեցի հեռավոր սարերի լուսաբացը՝ ամենաչքնաղ լուսաբացը: Հորիզոնը թույլ կապտեց, իսկ հետո դարձավ վարդագույն, որը դանդաղ իջավ լեռներից: Հետզհետե աստղերը խամրեցին, դրան զուգակցում էր բահի ու քարի բախումից առաջացած ձայնը: Լույսը տարածում էր իր իշխանությունը, և մենք վերադառնում էինք:

Երբ հասանք տուն, եղբայրս ու մայրս հողամասն էին ջրում, ջուրը մեզնից առաջ էր ընկել: Հատկապես հետաքրքրական էր այն պահը, երբ փորձեցի հասնել մորս մոտ ու տեղ հասա ցեխոտ երեսով ու առանց կոշիկների, քանի որ կոշիկներս ցեխի պատճառով մարգերի մեջ էին խրվել, մնացել։ Տուն մտա: Վերցրի Աստվածաշունչը, որ կարդացել էի գիշերը ու, համոզվելով, որ այն, ինչ եղավ ինձ հետ գրքի պատճառով էր, մեկ անգամ ևս համոզվեցի, որ բազում հիասթափություններից հետո էլ լավը կշրջանառվի աշխարհով մեկ: Չէ՞որ աշխարհի ստեղծումից ի վեր ոչինչ կանգ չի առել մինչև այսօր…

Փետրվար, 2017