lia avagyan

«Սահմանապահ գյուղի իրականությունն արտացոլելու համար»

Երևի ճիշտ կլինի՝ սկսեմ սկզբից: Երբեք չեմ պատմել, թե ինչպես ենք ես և նյութերս հայտնվել 17.am-ում: Համարյա երկու տարի առաջ էր. մեր դպրոցը վերանորոգել էին, բացումն էր: Մեզ՝ աշակերտներիս, ասացին, որ գնանք շախմատի սենյակ: Բոլորը գնացին, իսկ ես մի քիչ ուշացա, չեմ հիշում՝ ինչ պատճառով: Ուշացած հասա շախմատի սենյակ: Դուռը կիսաբաց էր. ճեղքից ներս նայեցի, տեսա ահագին մարդ ու ահագին տեսախցիկ: Անկեղծ ասած՝ ամաչում էի ներս մտնել: Անգամ արդեն հետ էի դառնում, բայց մի անհասկանալի ներքին ուժ ինձ ձգեց ներս: Երբ ներս մտա, ֆիլմերի մասին էին խոսում: Հետո մեզ թերթեր բաժանեցին, հանձնարարեցին «Ինչն է ինձ հուզում» թեմայով ինչ-որ բան գրել: Դա իմ առաջին նյութը պետք է լիներ: Այնքան ոգևորվեցի. արագ էի գրում, որ հասցնեմ գրել կյանքիս տարիների կուտակվածը: Մի քիչ էլ ջղայնացած էի գրում, դա էլ չեմ հիշում՝ ինչու: Անկեղծ էի գրում, «է»-ի փոխարեն՝ «ա»: Հետո՝ երբ վերջացրի, բոլոր սխալներն ուղղեցի ու նյութս հանձնեցի: Հետո մի քիչ էլ ֆոտոներից ու ֆիլմերից խոսեցինք ու գնացինք տուն: Գնացի տուն ու նամակ գրեցի 17.am-ին, որ ուզում եմ թղթակցել: Հաջորդ օրը նյութս տպագրել էին: Դրանից էլ ավելի ոգևորվեցի:

Մի քանի շաբաթ հետո գնացի «Մանանա» կենտրոնի կազմակերպած մեդիա ճամբարին: Այնտեղ սովորեցինք ֆիլմերի, ֆոտոների «լեզուն»: Շատ մարդկանց հետ ծանոթացա և նոր ընկերներ ձեռք բերեցի: Կյանքիս ամենահիշվող շաբաթներից մեկն էր, որի յուրաքանչյուր օրը դետալ առ դետալ հիշում եմ: Ճամբարից հետո էլ շարունակում եմ գրել: Հիմնականում գրում եմ սահմանի, իմ առօրյայի, տատիկիս պատմած պատմությունների մասին: Բայց, անկեղծ ասած, երբ գրում էի, չէի մտածում, որ իմ նյութերը կկարդան, նույնիսկ կսկսեն սիրել: Ամեն նյութից հետո արձագանքները տարբեր են լինում՝ թե՛ դրական, թե՛ բացասական: Բայց այդ երկու կարծիքներն էլ ինձ ստիպում էին ավելի պարտավորված գրել:

Ընդամենը երկու օր առաջ մասնակցեցի առաջին մրցանակաբաշխությանը: Ծանոթ դեմքեր, հետաքրքիր ու հարազատ մարդիկ: Ինձ զգում էի ինչպես տանը՝ հարազատներով շրջապատված: Այնքան ոգևորված էի եկել մրցանակաբաշխությանը, անգամ նկարագրելու չէ: Ստացա մրցանակ՝ «Սահմանապահ գյուղի իրականությունն արտացոլելու համար»: Մրցանակն էլ տրամադրել էր «Արփի Սոլար ընկերությունը», ինձ ու էլի մի տավուշցի աղջկա: 16 տարիներիս ամենամեծ ձեռքբերումս էր: Այսպիսի փայլուն սկիզբ երևի չէի կարող ինձ համար պատկերացնել: Ամեն կողմից փայլուն աչքեր էին, որոնք շնորհավորում էին: Այս խառնաշփոթի մեջ մտածում էի, թե ինչպես հայտնվեցի այստեղ, այս բեմում, այսքան հարազատ դարձած մարդանց մոտ: Հիշեցի շախմատի սենյակի կիսաբաց դուռն ու այն անհասկանալի ներքին ուժը, որն ինձ ստիպեց մինչև վերջ բացել դուռն ու ներս մտնել: