Սահմանից հեռու և մոտիկ

Օրեր առաջ էր, որ ստացանք Լիլիթ Հարությունյանի «Սահմանից հեռու» հոդվածը: Կայքում տեղադրելուց առաջ որոշեցինք ուղարկել 17-ի մեր թղթակիցներ Սերինե Հարությունյանին (Տավուշի մարզ, գ.Կոթի) և Լիա Ավագյանին (Տավուշի մարզ, գ.Ներքին Կարմիրաղբյուր): Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում թե Լիլիթի հոդվածը, թե Սերինեի և Լիայի պատասխան հոդվածները:

Սահմանից հեռու

lilit harutyunyan lchshenՄիշտ ցանկացել եմ ապրել սահմանամերձ գյուղերից մեկում՝ թեկուզ կարճ ժամանակով: Գիտեմ՝ ծիծաղելի է թվում, բայց ինձ հետաքրքրում է այն մարդկանց կյանքը, ովքեր ապրում են այդպիսի վայրերում, թե ինչ են անում նրանք կրակոցների ժամանակ, ինչպես են պաշտպանվում…

Շատ-շատ եմ հեռուստատեսությամբ տեսել ու լսել այդ գյուղերի, այնտեղ ապրող մարդկանց և նրանց առօրյայի մասին, սակայն, ինչպես սիրում են ասել մեր մեծերը՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել: Երբ առաջին անգամ բարձրաձայնեցի այս համարձակ ցանկությանս մասին, շրջապատիս արձագանքն ինձ ամենևին էլ չզարմացրեց: Որոշ իմ հասակակիցներ էլ ասացին.

-Այ քեզ ցանկություն, ուզում է հայրենասեր երևալ:

Չգիտեի, որ ցանկությանդ մասին ինչ-որ մեկին հայտնելը հայրենասեր թվալու միջոց է: Ցանկությունս հաստատ իրականություն եմ դարձնելու. կարճ ժամանակով, բայց հաստատ ապրելու եմ սահմանամերձ վայրերից մեկում: Պետք է, չէ՞, մի օր ուղիղ նայենք թշնամու աչքերին:

Լիլիթ Հարությունյան

Գեղարքունիքի մարզ, գ.Լճաշեն

***

Սահմանին մոտիկ

serine harutyunyanՄայրաքաղա՞ք, տարբեր քաղաքներ ու գյուղե՞ր, թե՞ սահմանամերձ գյուղ…
Տարօրինակ սկիզբ էր: Եթե անկեղծ՝ մայրաքաղաքը և առհասարակ մեծ քաղաքները տանել չեմ կարողանում: Երևի դա նրանից է, որ սովոր եմ գյուղի հանգիստ ու լուռ կյանքին, բայց շատերի երազանքը հենց մայրաքաղաքում ապրելն է: Դե, նորմալ է, տարօրինակ ոչ մի բան չկա, շատերն են ծանոթ քաղաքում ապրող մարդկանց առօրյային. աշխույժ կյանք, երթևեկություն, խցանումներ, վառ ու գունավոր խանութներ, բազմահարկ շենքեր, վերելակ, հրավառություն, անթիվ-անհամար ավտոբուսներ ու կանգառներ, և այլն, և այլն… Թերևս ինձ համար անտանելի:
Պատմեմ նրա մասին, ինչի մասին քչերը գիտեն: Սահմանամերձ գյուղերում ապրողների կյանքն ու չարչարանքը միայն այնտեղ ապրողներին է հայտնի: Ի՞նչ է կատարվում այստեղ՝ սահմանին մոտ, քչերը գիտեն: Քչերն են ուզում այստեղ ապրել, ապրողների մեծ մասն էլ առաջին իսկ հնարավորության դեպքում հեռանում է: Հեռացողներին, ամեն դեպքում, մեղադրել պետք չէ. գնում են, որովհետև աշխատանք չունեն, որովհետև հոգնել են անվերջ կրակոցների ձայն լսելուց, հոգնել են երեխային խաբելուց, թե իբր փուչիկ էր, որ պայթեց, հոգնել են:
Այստեղ գրեթե աշխուժություն չկա, չկան խցանումներ, վառ ու գունավոր խանութներ, բազմահարկ շենքեր, հարյուրավոր ավտոբուսների փոխարեն այստեղ ընդամենը երկուսն են, հազարավոր կանգառների փոխարեն՝ մի քանիսը… Հրավառությո՞ւն, այստեղ հրավառություն ամիսը մեկ կամ լինում է, կամ՝ ոչ, դե, եթե չհաշվենք Նոր տարին ու ամառային և ձմեռային զորակոչերի օրերը: Այստեղ ամեն ինչ ուրիշ է: Սահմանին ապրողները մեկ-մեկ գնդակոծությանն էլ կատակով «հրավառություն» են կոչում, իրենց հույս տալիս:
Իսկ գնդակոծության ժամանակ ի՞նչ են անում սահմանին ապրողները, երբ ցանկացած հաջորդ փամփուշտը կարող է իրենց տանը դիպչել. թաքնվում են:

Իսկ ինչե՜ր են անցնում մտքովդ, երբ արդեն արձակված փամփուշտի կարմիր լույսը տեսնում ես քո իսկ աչքով, քո սենյակի լուսամուտից… Ինչե՜ր ես մտածում այն պահին, երբ գետինը ցնցվում է արձակված ինչ-որ հզոր զենքի ազդեցության տակ: Ինչքա՜ն ես աղոթում սահմանին կանգնած զինվորի համար, ինչքա՜ն ես վախենում նրանց կյանքի համար: Ինչպե՜ս էլ ոչ մի վախ չես ունենում՝ տանդ պատշգամբից ամեն օր դիրքերը տեսնելիս:
Մարդիկ կան՝ սահմանին ապրել են երազում: Իրոք որ, համարձակ ու զարմանալի ցանկություն է: Երազե՜ք ու անպայման իրականացրեք ձեր երազանքը, մի օր հաստատ ամեն ինչ լավ է լինելու, բոլորը հետ են գալու: Ես գիտեմ՝ լավ է լինելու՝ մեր տան դիմացի դիրքերում, Արցախի ու Հայաստանի այլ դիրքերում կանգնած մեր տղերքի շնորհիվ:
Հայրենիքը միշտ էլ սահմանից է սկսվելու, միշտ, բայց մի օր հաստատ սահմանը էլ չի տարբերվելու հայրենիքիս մնացած վայրերից: Մի օր էլ սահմանին կանգնելու կարիք անգամ չի լինելու, իսկ երեխաները վազվզելու են ու անվե՜րջ հպարտանալու են, որ էդ խաղաղությունը իրենց հայրիկների շնորհիվ է ձեռք բերվել:

Սերինե Հարությունյան, Տավուշի մարզ, գյուղ Կոթի

 ***

Սահմանին ապրելու ու միշտ ժպտալու բանաձևը

lia avagyanՀիմա դժվար կլինի գտնել ինչ-որ մեկին, ով ցանկանում է ապրել սահմանապահ գյուղում ոչ թե հանգստանալու, այլ թշնամուն մոտիկից տեսնելու ու նրա հետ «ծանոթանալու» նպատակով: Մոտիկից տեսնել դիրքերը, ապրել սահմանապահի կյանքով, համոզված եմ՝ քչերը կան, որ կցանկանային այդ կյանքը, քանի որ ինչ-որ տեղ քեզ զրկում ես որոշ «բարիքներից»: Բայց իրականում սահմանում ապրելը իր հետաքրքրությունն ունի, օրինակ՝ հաստատ ոչ մի ուրիշ ոչ սահմանամերձ գյուղում չի լսվի հարևան պետության գյուղերում անցկացվող հարսանիքների ձայնը, մարդկանց շարժը, նույնիսկ հեռադիտակ կամ սուր լսողություն պետք չէ այդ ամենը տեսնելու կամ լսելու համար:

Իսկ ինչ վերաբերվում է սահմանում ապրելուն, դա իրականում խիզախություն ու հայրենասիրություն է պահանջում: Երբ կարդացի Լիլիթի նյութը, փշաքաղվեցի, որովհետև մարդիկ կան, ովքեր միայն «սահման» բառը լսելիս «տաքություն են տալիս»: Ես նույնիսկ ճանաչում եմ այնպիսի մարդկանց, ովքեր արդեն գյուղ մտնելիս կքանստած ու թաքնվելով են քայլում փողոցներով՝ նույնիսկ չմտածելով, որ այդ քայլով վիրավորում են գյուղի բնակիչներին: Սահմանին առողջ ու կարևորը՝ խիզախ մարդիկ են պետք: Ինձ սահմանից հեռու ապրող մարդիկ հաճախ հարցնում են, թե մեր գյուղում արդյոք կքանստելո՞վ ենք ապրում, քայլում ու դպրոց գնում, ու ես միշտ նույն պատասխանն եմ տալիս՝ եթե սահմանի ժողովուրդը կքանստելով ու վախվխելով ապրեր, ապա վաղուց թշնամին ներսում կլիներ:

Այո, թշնամին հսկում է յուրաքանչյուրիս քայլը, բայց երբեք չի համաձակվի որևէ մեկիս վրա նշան բռնել՝ կրակելու նպատակով, և գիտե՞ք՝ ինչու, որովհետև մեր միջև կանգնած է ավելի հզոր հայ զինվորը:

Իրականում սահմանի կյանքը չի տարբերվում մնացած բնակավայրերի առօրյայից՝ դպրոց, տուն, տնային գործեր, դասեր, պարապմունքներ և հազար ու մի գործողություններ: Ուղղակի այս դեպքում կյանքդ ապահովագրված չէ թշամու գնդակից: Եթե ինչ-որ ուրիշ քաղաքներից ու գյուղերից մարդիկ մտածում են սահմանում ապրելու մասին, ուրեմն իրոք գնահատում են այստեղ ապրող մարդկանց, նրանց կատարած գործը, որովհետև այստեղ բոլորը զինվոր են՝ սկսած ամենափոքրից, վերջացրած տան մեծով:

Ու, վերջապես, սահմանում ապրելը իր առավելությունները ունի, այո, ճիշտ կարդացիր՝ առավելություն: Օրինակ՝ եթե ուզում ես զենքերի մասին տեղեկություն իմանալ, ապա կա՛մ պետք է ռազմական ինչ-որ դպրոցում սովորես, կա՛մ ապրես սահմանապահ գյուղում, որովհետև այստեղ, սկսած հինգ տարեկանից, երեխաները տիրապետում են զենքերի մասին նեղ մասնագիտական տեղեկությունների՝ առանց չափազանցության:

Բայց, անկախ ամեն ինչից՝ սահմանում կյանքը եռում է, գյուղը զարգանում է, իսկ երբ թշնամին իր հեռադիտակով նայում է գյուղին ու այնտեղ ապրող մարդկանց, միշտ տեսնում է ուրախ ու հայրենիքը սիրող դեմքեր:

Հ. Գ. Լիլիթ ջան, քեզ հրավիրում եմ մեր գյուղ՝ ծանոթացնելու այստեղի առօրյային, բնությանը ու այստեղ ապրող քո հասակակիցների հետ: Կարծում եմ՝ իրար պատմելու շատ բան կունենանք:

Լիա Ավագյան

Տավուշի մարզ, գ.Ներքին Կարմիրաղբյուր