anna gasparyan aragats

Սարերում

Ուզում եմ ձեզ մի բան պատմել մանկությունիցս: Երբ փոքր էի, 4-5-րդ դասարան, ատում էի ամեն մի օրս, ատում էի, որ գալիս էին ամառային արձակուրդները: Հիմա կմտածեք, թե ինչու, չէ որ բոլոր երեխաներն անհամբեր սպասում են արձակուրդներին:

Երբ փոքր էի, ամառային արձակուրդների սկսվելուն պես ես, եղբայրս, հորեղբորս երեխաները տատիկիս և պապիկիս հետ բարձրանում էինք սար`այնտեղ մնալու: Երեք ամիս մնում էինք սարերում, պահում էինք անասուններին`կովերի, ոչխարների:

Մեր օրը սկսվում էր այսպես: Առավոտյան արթնանում էինք ժամը 6-ին: Տատիկս և պապիկս գնում էին գոմ, որպեսզի տատիկս կթի կովերին, իսկ պապիկս էլ կովերին տանի սարը արածեցնելու, հետո կթում էր ոչխարներին, ոչխարներին էլ եզդի հովիվներն էին տանում ավելի բարձր սարը և իրիկունը բերում: Իսկ մենք խաղում էինք և օգնում նրանց: Ի դեպ, այդ երեք ամիսներին մենք մնում էինք վրանի մեջ:

Հետաքրքիր է, չէ՞: Այո’, իհարկե, կարդացողի համար ամեն ինչ հետաքրքիր է ու հեշտ, իսկ այդ ամենը ապրողի համար ուղղակի տառապանք ու չարչարանք: Մի հետաքրքիր քար կար այնտեղ: Մենք նստում էինք այդ քարի վրա և սահում`խաղում էինք, խաղում, որ այդ օրերը շուտ անցնեն: Այնտեղ կար մի լքված ավտոբուս: Ավտոբուսի մեջ էլ խաղում էինք տուն-տունիկ: Երբ գալիս էր օգոստոս ամիսը, մենք երեխաներով իջնում էինք սարից, որ պատրաստվենք դպրոց գնալուն:
Սեպտեմբերի 1-ին դասղեկս երեխաներին հարցնում էր, թե ինչպես ենք անցկացրել մեր ամառային արձակուրդները: Բոլորը պատմում էին, թե ինչ են արել, ինչով են զբաղվել, ուրախ-ուրախ պատմում էին, թե ուր են գնացել հանգստանալու, իսկ ես լուռ նստում էի: Ուսուցչուհիս  հասկացել էր, որ ես ոչ մի տեղ էլ չեմ գնացել հանգստանալու, այլ գնացել եմ սար՝ օգնելու տատիկիս ու պապիկիս: Ուսուցչուհիս բոլորին լռեցրեց, և ինձ կանչեց իր մոտ: Անկեղծ ասած, մի պահ զարմացա, բայց գնացի կանգնեցի ուսուցչուհուս կողքին: Ուսուցչուհիս ասաց, որ արձակուրդները ամենալավը անցկացրել եմ ես: Ինքս ինձ հարց տվեցի՝ ե՞ս, ինչո՞ւ: Ու շարունակեց՝ ասելով, որ ես գնացել եմ սար, ուր կար մաքուր օդ է, բնություն, օգնել եմ ընտանիքիս անդամներին: Այդ ամենը ասում էր, որ ես ինձ վատ չզգամ, դա ես հասկանում էի և լուռ լսում: Ուսուցչուհիս վերջացրեց և գնաց: Դասընկերներս մոտեցան ինձ և սկսեցին հարցեր տալ: Ես պատմեցի ամեն ինչ, ինչ կատարվել էր սարերում: Պատմելիս ինքս էլ հասկացա, թե ինչ հետաքրքիր էր սարերում:

Հիմա ես չեմ ատում մանկությունս, այլ կարոտում եմ: Կարոտում եմ սարերում անցկացրած ամեն մի օրս: Մեր խաղերը, մեր կատարած ամեն հիմար արարքները: Արդեն 4-5 տարի է, չեմ գնացել սար, չեմ տեսել այն վայրը, որտեղ մնում էինք, այն քարը, որի վրայից սահում էինք, ավտոբուսը, որ մեր տուն-տունիկի թագավորությունն էր…

Հիմա արձակուրդներս այլ կերպ են անցնում, մի տեսակ շրջանակի մեջ…