Ani asryan

Սարուն

-Մա՜մ, կաթիկ եմ ուզում:

Արտահայտություն, որը ասում էի մանկությանս ընթացքում: Ես կաթ շա՜տ էի սիրում: Դեռ նորածին հասակից  սնվել եմ Սարուի կաթով: Կովը շատ գեղեցիկ էր՝ սպիտակ, մեծ պոզերով: Կեսօրին արոտից գալու ժամանակ դրսում կանգնում ու սպասում էի նրան, այնքան էի սպասում մինչև գար, մայրիկս կթեր, ու կաթը տանեինք տուն: Երբ տանում էինք տուն, լացում էի, չէի համբերում, որ եփեր:

Մի օր Սարուն սատկեց, որովհետև թել էր կուլ տվել: Հայրս նոր կով գնեց, բայց ես չէի կարողանում նրա կաթը խմել: Ինչքան համոզում էին, որ կաթ խմեմ, որ շուտ մեծանամ, միևնույն է, չէր ստացվում: Այն պահը, որ տեսա, թե ինչպես սատկեց իմ Սարուն, այնպես էր ցավ պատճառել ինձ, որ էլ կաթ չէի ուզում: Ես նրա համար շատ լացեցի:

Տարիներ անցան, այդ ընթացքում շատ կովեր գնեցինք և վաճառեցինք, սակայն նրանց համար չարտասվեցի: Անգամ լինում էին պահեր, որ  մտածում էի` մենք ենք մեղավորը կովիկիս  սատկելու համար: Մեծանալու հետ զուգընթաց հասկացա, որ կովը արդեն մեծ էր: Ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիները ունեն կյանքի տևողության որոշակի սահման: Այս ամենը գիտակցելով ցավը կարծես մեղմացավ:

Սա էլ իմ մանկության երջանիկ ու տխուր պատմությունը: