seryoja arakelyan

Սարվորները

Գնացինք սար` Վարդավառի: Երևի բոլորը մտածում են` ի՞նչ կապ ունի, թե որտեղ են նշում Վարդավառը՝ կարևորը նշենք: Բայց ասեմ, որ միջավայրը նույնպես մեծ նշանակություն ունի: Միշտ քննարկման թեմա է եղել գյուղի ու քաղաքի միջև տարբերությունը, թե որտեղ է ավելի հաճելի ժամանակը անցնում: Բնականաբար պարզ է, որ գյուղում ավելի հաճելի է անցնում ժամանակը, որովհետև չկա աղմուկ և անտանելի շոգ: Բայց ասեմ, որ գյուղից ավելի հաճելի վայր կա, որը կոչվում է սար: Այստեղ չկա թեկուզ այդ չնչին տրանսպորտը, որը գյուղերում է: Չկա էլեկտրականություն, ինտերնետ և անգամ կապ` հեռախոսով խոսելու համար: Այդ իսկ պատճառով սար գնալուց մի քանի օր առաջ, բարեկամներին կամ ծանոթներին տեղեկացնում են, որ չզանգահարեն և չանհանգստանան, սարում ենք լինելու: Միակ տեղեկատվական աղբյուրը դա ռադիոն է, որը պարտադիր իր է յուրաքանչյուր սարվորի տնակում: Փոխարենը կա թռչունների գեղեցիկ ձայներ, մաքուր օդ և երեկոյան լռության մեջ լսվող քամու և ծառերի բախման աղմուկ: Ճիշտ է, գյուղից 35կմ հեռավորության վրա է գտնվում, անցնում ենք երկա~ր ճանապարհ,բայց արժե՝ իսկապես, որ արժե: