elen suqiasyan erevan

Սիրե՛ք և եղե՛ք սիրված

Նոր տարի։ Նոր մտքեր, նոր երազանքներ ու նոր հնարավորություններ։ Այս ամենի հետ ենք կապում բոլորս Նոր տարին։ Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ինչու պիտի մենք սպասենք Նոր տարվան մեր երազանքներն ու նպատակներն իրագործելու համար, մի՞թե ինչ-որ բանի հասնելու համար պետք է սպասել։ Կարծում եմ, որ մենք ուղղակի փորձում ենք շատ դեպքերում խուսափել պատասխանատվությունից և մեղքը գցում ենք ժամանակի վրա, որ իբր չենք հասցրել կամ ուշացել ենք որևէ բանից։ Բայց ոչ, նպատակների իրագործումը ժամանակ չունի, մենք ենք որոշում՝ գործն այսօ՞ր սկսենք, թե՞ թողնենք վաղվան։

Հետաքրքիր է, չէ՞, բոլորս մտածում ենք, որ առաջնայինը մեր պարտականություններն են կամ ծրագրերը, իսկ եթե մտածենք, որ եկող տարում ուղղակի պետք է երջանի՞կ լինել։ Մտածենք, որ Նոր տարում պետք է սիրել իրար, հարգել, անմնացորդ նվիրվել ու չցավեցնել։ Այդ ժամանակ իրոք կլիներ Նոր տարի ու նոր կյանք, իսկ մնացած ծրագրերն ակամա կիրագործվեն։

Ինքս չունեմ որևէ լուրջ երազանք, որով ապրում եմ, բայց երբ նայում եմ, շուրջս այնքան լուսավոր մարդկանց եմ հանդիպում, ովքեր ուղղակի սիրում են կյանքը, երազների աշխարհը տեղափոխել են իրական կյանք և ապրում են այնտեղ։ Մարդիկ այնքան տարբեր են երազում, որ չես կարող գտնել նմանություններ այդ երազանքների մեջ։ Մեկը երազում է լավ կյանքի մասին, մյուսը՝ կայացած մասնագետ լինելու, իսկ երրորդն ուղղակի երազում է ամեն օր արթնանալ ու լսել, թե ինչպես է ծիծաղում իր մայրիկը։

Ուզում եմ, որ մի պահ բոլորս դուրս գանք ավանդական Նոր տարի նշելու արարողակարգից և ուղղակի վայելենք այն, ինչ ունենք ու պայքարենք ավելին ունենալու համար, ձգտենք օգնել իրար ու տաքացնենք բոլոր այն զգացմունքները, որոնք որևէ տարում սառել են։

Ուղղակի փորձենք ամեն տարի ավելի ու ավելի շատ հուշեր ձեռք բերել, հաճախ հանդիպենք մեր ընկերներին ու մտերիմներին։ Նվերներ փոխանցենք իրար առանց որևէ պատճառի կամ առիթի սպասելու, հաճախ գրկենք իրար ու լավ խոսքեր ասենք։

Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը, սիրե՛ք և եղե՛ք սիրված։