Սիրիր, սիրիր, բայց գլուխդ մի կորցրու

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

Դուռը բացվեց, և փոխտնօրենի հետևից մտավ մի տղա, որն առաջին հայացքից ինձ թվաց գեղեցիկ: Նոր աշակերտին նստեցրին իմ կողքին: Բոլոր աղջիկները շրջվեցին և նախանձոտ հայացքով նայեցին ինձ: Դասամիջոցին մոտեցան և հարցրին նրա մասին:

-Կոպիտ տղա է, ի՞նչ եք վրան աչք դրել:

-Հնարավոր չի, որ այդքան սիրուն տղան կոպիտ լինի:

-Ի՞նչ ես կանգնել դռան մոտ, մի կողմ քաշվի, անցնում եմ,- բղավեց նոր տղան, և բոլոր աղջիկները շրջվեցին:

-Տեսա՞ք,- ասացի ես և նստեցի տեղս:

Տուն գնալիս Աննան համոզված էր, որ նոր տղան իրեն կուղեկցի տուն: Ճանապարհին նա անընդհատ հետ էր նայում` հույս ունենալով, որ կտեսնի նրան: Մեկ անգամ ևս հետ նայեց և տեսավ. տղան վազում էր իր ուղղությամբ, բայց հավասարվելով իրեն` ուշադրություն էլ չդարձրեց: Հաջորդ օրը դասարանի աղջիկները փորձում էին տղայի հետ խոսել, բայց նա միայն կոպիտ պատասխանում էր բոլորին.

-Ուզածդ ի՞նչ ա,- կամ,- դրանով ի՞նչ ես ուզում ասել:

Աղջիկները բարկանում էին և հեռանում, իսկ մեկ շաբաթ հետո դասընկերուհուս հուշատետրի մեջ «սիրած էակ ունե՞ք» հարցին բոլորը պատասխանում էին` ոչ:

Լուսինե Հարությունյան 14տ.

 

Այսպիսի սեր

-Լուս, արի, բան ունեմ ասելու:
-Հա, ասա:
-Լսիր, գիտես, էսօր ինձ մնգոյի Նորոն կոնֆետ տվեց: Կլինի՞, ես էլ իրեն տանեմ տամ,- ասաց քույրս:
-Կլինի, կլինի:
Այդ պահին մտքումս ասացի. «Չորս տարեկան է, էլի»: Հաջորդ օրը նորից.
-Գիտե՞ս, էսօր կողքիս ա նստել, իմ հետևի մահճակալին ա պառկել, ընենց որ…
-Ի՞նչ, ասա:
-Որ ասեմ` չես ջղայնանա՞:
-Չէ:
-Լավ, ոնց որ ինձ սիրում է:
Հիմա քույրս վեց տարեկան է, բայց երբ հարցնում եմ, թե ում է սիրում, ասում է` Նորոյին:

Լուսինե Հովհաննիսյան 11 տ.
Շեքսպիրյան ժամանակների ոճով

-Ինքը քո կյանքում առաջի՞նն ա:
-Չէ, յոթերորդը:
-Պահո, էդ կարո՞ղ ա շեքսպիրական ես:
-Լավ, արդեն կատաղում եմ:
-Լավ, լավ հանգստացիր:
-Խոստացիր, որ էլ ձեռ չես առնելու:
-Հա, հա:
-Թորոս, գիտես, չէ՞, այսօր Էլենի հետ պարելու եմ:
-Գրա՞զ ես գալիս:
-Հա:
Եկավ պարելու ժամանակը: Ռուբենը և Դավիթը միաժամանակ մոտեցան Էլենին և հրավիրեցին պարելու, և իհարկե, կռիվն սկսվեց:
Ես ու ընկերս մոտեցանք, որպեսզի բաժանենք, սակայն Ռուբենը հուժկու հարվածով բաժանվեց առաջին բաժանողից և անցավ ինձ:
-Թորոս, ուրեմն դու էլ ե՞ս սիրում Էլենին:
-Չէ, ես ուզում եմ…
Բայց երկու սիրահարները` Ռուբենն ու Դավիթը, մոռացած Էլենին, հարձակվեցին վրաս: Եվ եթե մեզ չբաժանեին, ապա ինձնից միայն ոսկորներս կմնային:

Թորոս Իսկուդարյան 11տ.

 

Հետաքրքիր բան

Մեր դասարանում իրարանցում էր: Հասմիկը և նրա ընկերուհին, ինչպես միշտ, պատրաստվում էին ինչ-որ հայտարարություն անել.
-Երեխաներ, «Միսս աշակերտուհի» մրցույթ ենք անցկացնում: Տղաներին կբաժանենք թղթեր, որոնց վրա նրանք կգրեն աղջիկների անունները:
Հասմիկը հավանաբար համոզված էր, որ ինքն է ընտրվելու, այլապես չէր կազմակերպի այս մրցույթը: Բոլորս գրեցինք անունները: Եկավ հաջորդ օրը: Հիասթափված դեմքով Հասմիկը մտավ դասարան: Նա իմացել էր, որ դասարանի ամենագեղեցիկ աղջիկը ինքը չի: Իսկ հետո հրապարակեց արդյունքները: Ձայների մեծամասնությամբ առաջին, երկրորդ և երրորդ տեղերը գրավել էին համապատասխանաբար` Լևոնը, Լևոնը և Լևոնը:

Մուշեղ Բաղդասարյան 15տ. 

 

Ախ, ո՞ւր ես

Սեպտեմբերի մեկն էր: Առաջին անգամ ես պատրաստվում էի գնալ դպրոց: Մենք հավաքվել էինք մեր դպրոցի բակում: Բաց թողեցինք փուչիկները և գնացինք դասարան: Հանկարծ մի աղջիկ վազելով մոտեցավ մեզ: Ես նայեցի նրան և քարացա: Ես դեռ չէի տեսել այդպիսի սիրուն աղջիկ: Մենք մտանք դպրոց, նա նստեց իմ կողքին: Դասատուն խոսում էր, երեխաները մոտենում էին գրատախտակին և ներկայանում, իսկ Ռոզան (այդպես էր նրա անունը) անընդմեջ ինձ էր նայում: Այդ պահին ես հասկացա, որ նրա նկատմամբ անտարբեր չեմ: Դասը վերջացավ: Երկուսով գնացինք տուն: Պարզվեց, որ նա մեր հարևանուհին է: Մեկ տարի մենք միասին էինք: Ապրիլին ես նրան սեր խոստովանեցի և ստացա դրական պատասխան: Մայիսին պարզվեց, որ նրանք Մոսկվա են մեկնում: Ռոզան ինձ տվեց իրենց նոր տան հասցեն և ասաց, որ եթե Մոսկվայում լինեմ, անպայման հյուր գնամ իրեն: Նրանք գնացին: Ուղիղ մեկ տարի մենք նամակ էինք գրում իրար: Իսկ երբ պատրաստվեցինք հյուր գնալ Մոսկվա, պարզվեց, որ նրանք տեղափոխվել են, իսկ ո՞ւր, չգիտեմ:

Տիգրան Մուրադյան 13տ.

 

Լուսանկարը` Հայկ Սարգսյանի

Լուսանկարը` Հայկ Սարգսյանի

Հեռու չես փախչի

Սամը դպրոցից տուն էր գնում: «Վայ, արա…,- ասաց ինքն իրեն և ոտքը հանեց ցեխաջրի միջից: Էս ո՞ւր եմ ընկել»,- բորբոքվեց Սամը և ընկավ ուրիշ ցեխաջրի մեջ: Բայց վայրկենական փոխվեց և հիշեց, թե ինչի համար է այդտեղ: Մինչև ծնկները կեղտոտ էր: Սամը շարունակեց ճանապարհը: «Արդեն ժամը երկուսն եղավ,- անհանգիստ ժամացույցին նայեց նա,- բայց դեռ կեսն էլ չեմ անցել»:

Արդեն մեկ ամիս էր` Սամը դասից հետո տուն էր գնում այդ ցեխոտ և երկար ճանապարհով, և ամեն անգամ ցեխոտ տուն էր վերադառնում: Ամեն առավոտ դասերից ուշանում էր` կոշիկները մաքրելու պատճառով:

Սամը հասավ Լիլիթենց տան մոտ: Լիլիթն այգում նստած գիրք էր կարդում: Սամը կախարդվել էր աղջկա գեղեցկությամբ և ընկել երազների գիրկը: «Հաֆ, հաֆ… »,- հանկարծ լսվեցին շների հաչոցներ: Սամը հանկարծ քար կտրեց: Նա սարսափում էր շներից: Իրար խառնված` սկսեց վազել, ոտքը սայթաքեց և ընկավ հսկա ցեխաջրի մեջ: Նա, ցեխաջրի մեջ խրված, լսում էր հռհռոցներ Լիլիթենց տնից: Լիլիթի փոքր եղբայրները դիտում էին «Թոմ և Ջերրի» մուլտֆիլմը և ծիծաղում Թոմի վրա, թե նա ինչպես էր խելակորույս փախչում կատաղած շներից, որոնց հաչոցը բարձր լսվում էր: «Թոմին էլ նմանվեցի»,- մրթմրթաց Արամը, թափ տվեց շորերն ու գնաց տուն:

Հրանտ Պետրոսյան 14տ.

 

Սպիտակ վերարկու և սև վերնաշապիկ

 

«Հիմա որտե՞ղ գտնեմ ես քեզ, սեր իմ կորած…»

Արսեն Սաֆարյանի երգերը լսելով` ընկերուհիս սկսում էր լաց լինել.

-Այստեղ եմ: Ես այստեղ եմ, իմ սեր:

Եվ եթե մի քանի օր հեռուստացույցով չէին հաղորդում նրա երգերը, բարկանում էր.

-Ինչո՞ւ, այ հեռուստացույց, ես քեզ ի՞նչ եմ արել…

Մի օր էլ նրան մի տղա զանգահարեց.

-Ալո, բարև, Սյուզի, ինչպե՞ս ես:

-Լավ եմ, իսկ ո՞վ է:

-Վանիկը:

-Իսկ ո՞վ է Վանիկը:

-Քո սերը:

-Ոչ, կներես, իմ սերն Արսեն Սաֆարյանն է:

-Ի՞նչ, այն երգի՞չը:

-Այո, այն երգիչը:

Նա լսափողը ցած դրեց: Տղան մի պահ տխրեց, ապա ուրախացավ` հասկանալով, որ Արսեն Սաֆարյանը Սյուզիին երբեք չի սիրի: Վանիկի մազերը երկար էին: Բայց քանի որ նա ցանկանում էր նմանվել Արսեն Սաֆարյանին, կտրեց մազերը, հագավ սպիտակ վերարկու և գնաց Սյուզիենց տուն: Տեսնելով նրա կարճ մազերը և սպիտակ վերարկուն, Սյուզին ասաց.

-Արսեն Սաֆարյանի նման էլ հագնվել ես… Ես էլ նրան չեմ սիրում, Անդրեին եմ սիրում:

Տղան քար կտրեց` գոնե մազերը չկտրեր, հիմա ինչպե՞ս է Անդրեին նմանվելու…

Վիկտորյա Ավետիսյան 13 տ.

 

Իսկ նա կսպասի

Անցյալ ամառ ես գնացի տատիկիս տուն` վեցամյա զարմիկիս տեսնելու, քանի որ հիվանդ էր: Նա առանց բարևելու սկսեց պատմել ինչ-որ մեկի մասին.

-Գիտե՞ս ինչ սիրուն ա, հեսա մենք ամուսնանալու ենք, կգաս, չէ՞, մեր հարսանիքին:

-Ո՞ւմ մասին ես խոսում, Պերճ:

-Վարդուշի:

-Վարդուշն ո՞վ ա:

-Մեզնից մի քանի շենք վերև ա ապրում,- ասաց նա,- էսօր էլ ամուսնանալու ա:

-Քեզ հե՞տ:

-Չէ, իրա ընկերոջ:

-Բա որ ինքը ամուսնանա, ո՞նց ես դու հետն ամուսնանալու, հը՞, Պերճ,- հարցրի ես:

-Հա ի՞նչ անենք, հեսա կբաժանվի, ինձ հետ կամուսնանա: Համ էլ` ես իրան մատանի եմ նվիրել: Ու ասել եմ, որ իրան սիրում եմ:

-Բա ինքը քեզ ի՞նչ ասաց:

-Ոչ մի բան չասաց, տարավ խանութ ու մի կոնֆետ գնեց:

-Բայց ինքը քանի՞ տարեկան ա:

-27:

-Այդքան մե՞ծ, գոնե սիրո՞ւն ա:

-Չէ հա, որ սիրուն լիներ, հո տանը չէ՞ր մնա:

-Բա էն մանկապարտեզի աղջիկը,- հարցրի եղբորս,- նրա հետ չես ամուսնանալո՞ւ:

-Նրա հետ էլ կամուսնանամ:

Այսպես եղբայրս ամեն օր մի նոր աղջկա է հավանում և որոշում ամուսնանալ, բայց նախկին «սերերին» էլ չի մոռանում:

Թագուհի Գևորգյան 12 տ. 

 

Լուսանկարը` Հայկ Սարգսյանի

Լուսանկարը` Հայկ Սարգսյանի

Անսահման սիրո «գերին»

Աղջիկն ուշադիր շուրջը նայեց, ապա փակեց դուռը, դիմացը մի աթոռ դրեց, որպեսզի ոչ ոք չկարողանա ներս մտնել, հետո պահարանի հեռավոր անկյունից մի արկղ հանեց, բանալիով բացեց ու միջից հանեց ծաղիկներով, աստղիկներով ու սրտիկներով զարդարված մի տետր: Այդ պահին միջանցքում ոտնաձայներ լսվեցին: Աղջիկն արագ տետրը շպրտեց մահճակալի տակ, իսկ ինքն ամենաանմեղ տեսքով նստեց գրասեղանի մոտ և կռացավ քիմիայի դասագրքի վրա:

-Արի հաց ուտելու,- լսվեց մայրիկի ձայնը:

-Գալիս եմ,- ստեց աղջիկը:

«Ծերուկ,- ինքն իրեն դիմեց (ինչ-որ ֆիլմի մեջ էր լսել այդ բառը և շատ էր հավանել),- չէ՞ որ չի կարելի մայրիկին խաբել»:

«Սիրո համար ամեն ինչ կարելի է անել»,- մխիթարեց ինքն իրեն, հանեց մահճակալի տակից տետրը և բացելով` հիացած նայեց էջերից մեկի վրա փակցված նկարին: «Երբ մենք ամուսնանանք,- երևակայության գիրկն ընկած` երազում էր նա,- որոշ ժամանակ անց ես նրան ցույց կտամ այս տետրը և կասեմ, որ դեռ փոքր ժամանակվանից սիրել եմ իրեն»:

Դուռը ծեծեցին: Աղջիկը վախեցած թաքցրեց տետրը, բայց իզուր: Դուռը ծեծողը փոքր քույրն էր` միակ մարդը, որին նա վստահում էր իր անսահման, վիթխարի սերը:

-Հենց նոր սիրելիիդ տեսա,- ինքնագոհ հայտարարեց քույրը,- հա, հեռուստացույցով ցույց տվեցին, ասացին` ամուսնացել է ինչ-որ երգչուհու հետ: Ցավակցում եմ:

Քրոջ գնալուց հետո դեռ մի քանի վայրկյան ապշած կանգնեց տեղում, այնուհետև լաց լինելով նետվեց դեպի տետրը, պոկեց էջը, պատռեց նկարը և շպրտեց լուսամուտից դուրս: Հետո սրբեց արցունքները, պահարանի միջի արկղից հանեց մի ուրիշ կինոդերասանի նկար, փակցրեց տետրում և մի քանի րոպե հիանալուց հետո գնաց քրոջը հայտնելու, որ այսուհետև ինքն ուրիշինն է:

Լուսինե Հակոբյան 15 տ.

 

Ծանոթացեք

Նա շատ սիրուն էր, համենայն դեպս, ինձ այդպես էր թվում չորս տարեկանում: Նրա անունը չեմ հիշում, բայց հիշում եմ, որ մեր կողքի շենքից էր: Նա ինձ դուր էր գալիս, որովհետև ուներ գեղեցիկ գանգուր մազեր:

Մի օր ես հրավիրեցի նրան մեր հարևան Նառա մորաքրոջ տուն:

-Ծանոթացեք, իմ ապագա կինն է,- ասացի ես:- Մենք շուտով ամուսնանալու ենք:

Մորաքույր Նառան ասաց.

-Գնացեք սենյակ, ես հիմա կգամ:

Նա գնաց խոհանոց և սկսեց բարձրաձայն ծիծաղել: Քիչ անց եկավ և հյուրասիրեց մեզ թեյով ու խմորեղենով: Մենք կերանք, շնորհակալություն հայտնեցինք և իջանք բակ` խաղալու: Երբ դուռը փակվեց, լսվեց մորաքույր Նառայի ձայնը.

-Ալո, Մագդա, լսիր, Արամը նոր հարսի հետ դուրս եկավ…

Արամ Զատիկյան 11 տ. 

 

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Սիրուց` ատելություն

Մի անգամ, երբ գնացի ընկերուհուս տուն, նա ասաց.

-Չես գա՞ դպրոց-դպրոց խաղանք:

-Կարելի է:

-Իսկ տետր ունե՞ս:

-Հա, բա ո՜նց, հիմա գնամ բերեմ:

Հանկարծ տեսա մի տետր: Տեսնես` ի՞նչ կա մեջը:

Վերցրի, նայեցի, վրան գրված էր Հայկ, և լիքը սրտեր էր նկարած:

-Էլլա, հո սիրահարված չե՞ս:

-Ի՞նչ ես խոսում:

-Ես ամեն ինչ կարդացի:

-Սուտ է:

-Եթե սուտ է, ինչի՞ ես գրել:

-Որ գրած է` սիրում եմ, պարզապես մոռացել եմ «չ» ավելացնել:

-Բա որ չես սիրում, ինչի՞ ես վրան սրտեր նկարել:

-Էդ էլ պիտի «ղառ» դարձնեմ:

-Ասա, խնդրում եմ, ոչ ոքի չեմ պատմի:

-Խո՞սք ես տալիս:

-Հա:

Նա ասաց, որ սիրում է: Հաջորդ օրը, երբ մտա դասարան, բարևեցի նրան, բայց նա չպատասխանեց: Դասամիջոցին ասաց.

-Ախր, դու խոսք էիր տվել, որ ոչ ոքի չես պատմի:

-Մոռացել էի, մենակ Վարդուշին եմ պատմել…

Նա շատ վիրավորված էր ինձնից: Բայց երբ հնչեց զանգը, մենք արդեն հաշտվել էինք:

Էլեն Քամալյան 10 տ.

 

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Մատանու տիրակալը

-Արի ամուսնանանք,- ասաց տղան:

-Արի,- ասաց աղջիկը:

Նրանք երեք տարեկան էին:

Հաջորդ օրը տղան ասաց պապիկին.

-Պապիկ, ես իմ մատանին ուզում եմ, կտա՞ս:

-Չէ, կմեծանաս, այն ժամանակ էլ կտամ:

Բայց տղան նպատակադրվել էր և չէր ուզում նահանջել: Համարձակ բացեց զարդատուփը և վերցրեց մատանին: Շրջվեց դեպի պապիկը և ասաց.

-Պապ, տենց էլ չհասկացա՞ր, էսօր եմ նշանվում:

Մատանին շատ մեծ էր և ծանր, ընկնում էր մատից: Դրա համար էլ քիչ հետո մոռացան մատանու մասին և խորասուզված շարունակեցին խաղը: Տղայի մայրն ու հայրը, տեսնելով, որ մատանին տեղում չէ, մի ուրիշ, սովորական մատանի գնեցին և բերեցին, որ տան աղջկան: Հետո սկսեցին փնտրել ոսկյա մատանին: Զարդատուփի մեջ չէր: Ոչ էլ պահարանի գլխին էր` մյուս թանկարժեք իրերի մոտ: Վերջապես գտան, խաղալիքների մեջ էր: Մատանին դրեցին տեղը, որ սպասի իր տիրոջ մեծանալուն:

Ծովինար Տալյան 15 տ. 

2006 թվական