Սիրուն կինո գալի՞ս ես

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

-Բարև ձեզ, սա ի՞նչ տաղավար է:

-«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն է: Ծրագիրը կարող եք վերցնել:

-Շնորհակալություն:

-Օրաթերթն էլ կարող եք վերցնել:

Ինֆոկենտրոնի կամավորներին մոտեցող մարդիկ բաժանվում են մի քանի խմբի:

Եթե դուք շատ եք գնում մշակույթի հետ կապված միջոցառումների, ապա հաստատ գիտեք Մաշա տատիկին: Անհայտ պատճառներով՝ նա ուներ բեյջ և կարող էր անվճար նայել բոլոր ֆիլմերը:

-Երեխեք, օրաթերթը ստացե՞լ եք,- ամեն օր հարցնում էր նա:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Իսկ երբ հարցրեց, թե ինչ ֆիլմ ենք դիտել, ու ես պատասխանեցի, նա սկսեց այդ ֆիլմի մասին այնքան երկար խոսել, որ փոշմանեցի:

Այս տարի ինֆոկենտրոններում տեղի էր ունենում նաև վաճառք: Վաճառվում էին պայուսակներ, արջուկներ, վերնաշապիկներ և այլ բաներ «Ոսկե ծիրանի» լոգոտիպով ու դիզայնով:

Մարդիկ հիմնականում գալիս էին ու հարցնում.

-Ի՞նչն է անվճար:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Հիմնականում սփյուռքահայերն ու զբոսաշրջիկներն էին գնումներ կատարում:

Հետո մենք ստացանք հրավիրատոմսեր: Եթե գնեին ինչ-որ բան, կստանային հրավիրատոմս: Այդպես գնորդները շատացան:

Կային նաև տարօրինակ մարդիկ:

-Երեխեք, ես պարսկական դպրոցում եմ սովորում,- ասաց մի կին,- ինձ պարսկական կինոյի հրավիրատոմս կտա՞ք:

Մենք պետք է համբերատար բացատրեինք, որ այդ ֆիլմի հրավիրատոմսից չունենք:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Իմ օրը անցնում էր մարդկանց ծրագրեր բաժանելով, հարցերին պատասխանելով և ինչ-որ բան վաճառելով: Այդքան էլ ձանձրալի չէր, ինչպես պատկերացնում եք: Կամավորները նույնպես կարող էին անվճար ֆիլմեր դիտել: Ինձ հաջողվեց միայն մի ֆիլմ դիտել: Նաև հաջողվեց սքեյթ քշել սովորել, որովհետև կամավորներից մեկը սքեյթ ուներ, և իհարկե, «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց շախմատ խաղալ:

Իսկ այն միակ ֆիլմը, որ դիտեցի, «Անհետացած քաղաքների հավաքածուն» էր: Ֆրանսիական ֆիլմ էր՝ անգլերեն և հայերեն սուբտիտրերով: Լսում էի ֆրանսերեն, կարդում՝ անգլերեն: Ֆիլմն ինձ այնքան էլ դուր չեկավ: Փոխարենը՝ այն ֆրանսերեն էր: