seda mkhitaryan

Սիրո և հանդուրժողականության դրվագներ

Ցույցերը նոր-նոր էին սկսվում Վանաձորում։ Չէի մասնակցում։ Էդ օրը որոշել էինք քաղաքում հարցում անել` ընդհանուր մթնոլորտը ճշտելու համար։ Քայլում ենք, հարցնում, մարդիկ հուսահատ պատասխաններ են տալիս։ Մենք էլ ենք հուսահատվում։ Մոտեցա մի տղամարդու։ Հարցնում եմ, արդյո՞ք ցույցերին մասնակցում է, ի՞նչ կարծիք ունի։ Պարզվեց Ռուսաստանից նոր է եկել, ու իր խոսքով ասած, «պալիծիկայով» չի հետաքրքրվում։ Մի քանի օր հետո, էդ մարդուն ամեն օր տեսա ցուցարարների շարքում։ Հուսամ` արդեն հետաքրքրվում է «պալիծիկայով» ու էլ Ռուսաստան չի գնա։

Ընդվզում էինք էլի։ Վանաձորի փողոցներով քայլում էինք` հայտնի լոզունգները վանկարկելով։ Տեսնեմ` մի կին հեռվից ժպտալով ինձ է նայում։ Երբ մոտեցանք իրեն, առաջ եկավ ու գլուխս շոյեց, ասաց` ապրես։ Էլ էդ կնոջը չհանդիպեցի, բայց ինքը ինձ համար հեղափոխության սիմվոլներից դարձավ։

Մերժման երկրորդ փուլում էինք արդեն։ Փակ փողոցում կանգնած խոսում ենք։ Շատ մարդ կա` ծանոթ-անծանոթ։ Մի աղջիկ ուզում էր գրախանութ գնալ, խնդրեց միանամ իրեն։ Ճանապարհին բարձր երգելով գնում ենք։ Հասանք գրախանութ։ Նվեր էր ուզում գնել իր ընկեր Անահիտի համար։ Միասին մի սիրուն գրիչ ընտրեցինք։ Խանութում բարձր խոսում ենք, վաճառողը նկատողություն արեց, թե` խուլ չեմ, մի քիչ կամաց խոսեք։ Մենք էլ ասեցինք, թե բարձր խոսելը սովորություն է դարձել։ Հետ դարձի ճանապարհին էլի երգում էինք։ Էդ աղջկա անունն անգամ չիմացա։

5-6 հոգով ընկած բաց փողոց ենք փնտրում, որ փակենք։ Դժվար էր, բայց գտանք։ Երջանիկ դեմքով նստեցինք մի կտոր բաց փողոցի վրա ու դա էլ փակեցինք։

Ես ու Անուշը փողոցում վազվզում ենք, կռվում` թե ով ավելի սիրուն կադր կստանա։ Անուշը հաղթում է։

Մարզպետարանի դիմաց նստած ենք։ Պահանջում ենք, որ աշխատակազմը մեզ միանա։ Դե, սոված ենք։ Արսինեն պայուսակից մի կոնֆետ գտավ։ Բաժանեցինք երեք մասի ու կերանք։

Հրապարակի պապիկները խնդրում են, որ ինտերնետով տեսնեմ, թե Նիկոլն ինչ նոր հայտարարություն է արել։ Կապերը ծանրաբեռնված են, ինտերնետից օգտվել չի լինում։ Բացատրեցի պապիկներիս, որ չեմ կարող օգտվել։ Ժպտացին։ Հասկացան։

Հեղափոխությունը, լոռեցու ասած, կրեցինք։ Գյուղ ենք գալիս գազելով։ Մեքենայի մեջ թեժ քննարկում է. «Որ Նիկոլին Նարեկացու պես սրբերի շարքն էլ դասեն` ես համաձայն եմ», «Սա պատմության մեջ չլսված բան էր», «Ինչ անըմա ժողովրդին աչոտ ա տալի, լա տենանք մինչև վերջ սհե շարունակվըմ ա՞» …