laura sekoyan

Սոլակում հետտոնական օրեր են

Արդեն բոլորիս տներում հետտոնական տրամադրություն է։ Մինչև տոները հնչող բողոքներին նորերն են եկել փոխարինելու։ Բայց այս անգամ եկեք այդ բողոքներից չխոսենք, որովհետև տարին նոր է սկսվել, և համոզված եմ, այդ բողոքների մասին դեռ կհասցնենք խոսել։

Պետք է նշեմ, որ ամեն տարի յուրովի են անցնում տոները թե գյուղում, թե մեր տանը։ Ինչպես միշտ տան միջավայրը ջերմ է և տոնական։ Այդ օրերին խոհանոցի համեղ ու գրավիչ բույրերը չեն պակասում։ Միայն պակասում է ժամանակը, քանի որ հյուրերը երբեմն չափից շատ են լինում։ Գյուղում տարեցտարի   հրավառությունները շատանում են։ Իհարկե, կան այնպիսի ընտանիքներ, որոնք քաղաքում էին տոնում Ամանորը, բայց միևնույնն է, գյուղացիները այն համարում են ընտանեկան տոն և աշխատում են ամեն կերպ նշել իրենց տանը։

Ամեն տարի բոլորը ասում են, որ քիչ են ծախս անելու, բայց չգիտես ինչու, չի ստացվում։ Այդ ինչու-ն էլ ամոթն ու պատիվն է։ Ամեն դեպքում այդ օրերին թեկուզ առաջին անգամ մենք տեսնում ենք մեր վաղեմի ծանոթներին, բարեկամներին, որոնց չենք տեսել, բայց իրենց պատմելով, այնքան արկածների միջով ենք անցել միասին։ Երեկոյան ժամերին, երբ հյուր ենք գնում, կարելի է նկատել մի առանձնահատկություն։ Տարվա վերջին օրվանից մինչև տոների ավարտը բոլորի տան բակի լույսերը վառ են։ Գյուղացիները կարծում են, որ տարին պետք է վառ լույսով ճանապարհել, որ նոր եկող տարին իր հետ լույս բերի։ Սեղան գցելիս ևս մոմ են վառում, որ տան ճրագը միշտ վառ լինի։

Այդքան լեցուն ու զբաղված օրերից հետո մենք արդեն դպրոց ենք գնում, և աշակերտների միակ բողոքն այն է, որ չեն հասցրել հանգստանալ, քանի որ տոները իրենց տանը դեռ չեն ավարտվել։ Եվ իրոք, բոլորը սպասում են Հին Նոր տարվան։ Այդ օրը երեկոյան մարդիկ սեղան են գցում ու ընտանեկան շրջապատում փոքրիկ խնջույք կազմակերպում։

Մեր տանը ևս այդ օրը յուրովի է նշվում, քանի որ տատիկս ասում է, որ դա ևս մի լավ առիթ է տան անդամներին համախմբելու մի տանիքի տակ ու մի սեղանի շուրջ։