armine karapetyan

Սովորական գարուն է

Սովորական գարուն է: Իմ տեսած 17 մնացած գարունների պես: Նույն գիժ մարտն էր, որ կեղծ արևի տակ միշտ արցունքանման անձրևի կաթիլներ էր պահում ու մեկումեջ մաղում երկնքից: Նույն ապրիլն է, երբ մնացած բոլոր վայրերում եղանակը գնալով մեղմում է, իսկ մեր ափաչափ գյուղում դեռ շարունակում է ձյուն գալ:

Շատ հնարավոր է, որ ինձնից շատ առաջ գարունները բոլորովին տարբեր են եղել՝ տաք, արևոտ, առանց տանիքների, որոնք հետո պիտի կորցնեին իրենցից դուրս եկող ծուխը: Այնուամենայնիվ, ամեն ինչ հարաբերական է, ամեն բան փոխվում է ու միշտ է փոխվելու։

Չէ՜, կներե՜ք, պիտի ասեի՝ նախորդ 16 գարունների պես՝ իրար շատ նման ու գունավոր: 17-րդը տարբեր է, մի քիչ արտասովոր, նստակյաց ու անգույն: Միգուցե տարիներ հետո միմյանց հետ զրուցելիս կարոտով կհիշենք այս օրերը ու կասենք՝ 2020-ի գարունն էր…

Համոզված չեմ կարող ասել, որ կկարոտենք, բայց մենք, պատմության մի մասնիկ լինելով, ահռելի մարտահրավերներ ենք ընդունել ու պարտավոր ենք արժանապատվորեն հաղթահարել կյանքի տված փորձությունը:

Երևի սա ևս մեկ անգամ հնարավորություն է մեզ համար, որ արժևորենք յուրաքանչյուր վայրկյանն ու րոպեն, որ պատրաստ լինենք ամեն ինչի, պայքարենք ամենատարբեր ձևերով՝ տանը մնալով, միմյանց սիրտ տալով ու հուսալով, որ ամեն ինչ լավ է լինելու… Ու չնայած, որ սա դեռևս իմ ամենատխուր գարունն է, բայց այն դեռ շարունակվում է ու մեզ անգարուն չի թողնի։

Դրսում ծառերը կուչ են եկել, փողոցները կյանքին կարոտ են մնացել, բայց մարդիկ շարունակում են ապրել, շարունակում են սիրահարված մնալ հույսի այն փոքրիկ նշույլին, որ պիտի մեծանա ու հույսի ծով դառնա մի օր։

Ես հավատում եմ ու դու էլ հավատա: Հավատա, որ եկող ամառը այնքան տաք ու լուսավոր պիտի լինի, որ զգացնել չտա գարնան պակասությունը մեր ոսկորներում, այնքան հրաշալի, հագեցած ու ուրախ պիտի լինի, որ երանելության մեջ հայտնվենք: Անպայման կգա, հաստա՛տ, խոսք է տվել, իսկ խոստացածը չկատարելը անազնվություն է, ինչը երբեք մեր Մոլորակը չի անի։

Դե իսկ դու՝ մեր ամենասիրելի Մոլորակ, մեր Երկիր, շուտ ապաքինվի՛ր, դու արժանապատվորեն անցել ես ավելի դժվար ճանապարհներով ու հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտ, չընկճվե՛ս, չնահանջե՛ս։