Սովորական օր

Հուլիսի 23, գիշերվա 4:46

Զարթուցիչի անիմաստ ծնգոց… Սարում եմ, հետևաբար զարթուցիչս լրիվ բնական է… Ծընգ-ծընգ-ծընգ… Ընդամենը 2-3 ժամ առաջ եմ պառկել քնելու, բայց մի ժամ էլ չեմ քնել երևի… Ինչևէ, ես որոշել եմ, որ պետք է լուսաբաց դիմավորեմ… Մոռանում եմ ինձ բնորոշ քնկոտությունս, ինքս ինձ համոզում, որ քունս չի տանում, ու որ ես պետք է անեմ ուզածս… Դե, չմոռանամ իմ անսահման դանդաղաշարժության մասին ու ասեմ, որ տնից դուրս գալը 15-20 րոպե տևեց… Ինձ ասել էին, որ արևածագ դիմավորելու համար ժամը 6-ին արթնանալն էլ հերիք է, բայց չհամոզվեցի, վեր կացա ավելի վաղ, ինձ հետ արթնացնելով ևս 3 հոգու, ովքեր մի ժամ շարունակ ինձ ինչ ասես որ չէին ասում…

05:51

Արևն ինձ օգնության հասավ, ու «արևածագ դիմավորողներս» լուռ սկսեցին նայել հետզհետե ավելի շատ երևացող, փոքրիկ դեղին շրջանակին…

05:55

Սարածաղիկ եմ գտնում, ու մի քանի րոպե շարունակ փորձում հնարավորինս բնական նկարել արևածագի ֆոնին. կարծես թե ստացվեց…

06:08

Հարևանի շան նկարվելու ցանկությունն էլ պակաս չէր… Եկել է դիմացս կանգնել, թռվռում է, ես էլ վախից գոռում ու ոտքերս գետնին եմ խփում: Խեղճն էլ մտածում է, թե հետը խաղում եմ: Ի վերջո գնաց, հեռվում կանգնեց, նկարեցի, հետո պառկեց… Էնպես է նայում տեսախցիկին, ասես մոդել լինի…

Հետո, սովորությանս համաձայն թափառել, նկարել, թափառել… Մինչև մութն ընկնի, մի հատ էլ մայրամուտ նկարեմ ու վերջ… Հա, ի՞նչ անենք, թե Վարդավառի օրն էր, ում համար Վարդավառ, ում համար սովորական օր…