Սուրճի մեքենան

Լուսանկարը` Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը` Լիլիթ Կարապետյանի

(«Ուղեկիցներ» շարքից)

«Ուղեկիցներ» շարքը ուղևորությունների ժամանակ ինքնաթիռներում կամ օդանավակայաններում ինձ հանդիպած մարդկանց ճեպանկար-գրառումներն են։

Լուսաբացի արևով լվացված օդանավը դանդաղ սահեց բետոնի շերտի վրայով՝ թույլ, հազիվ զգալի գվվոցով հեռանալով օդանավակայանի ապակեպատ շենքից։

Սպասասրահից ինքնաթիռն ահռելի էր թվում, ինչպես կետ ձուկը մանկական լողավազանում։ Փոքրիկ, կլոր լուսամուտների մեջ երևում էին ինքնաթիռի շարժման ուղղությանը հակառակ քայլող ուղեկցորդուհիները՝ պատկերին կոմիքսային ու անիրական տեսք հաղորդելով։ Թեք, սպիտակ լույսը բեկվեց ապակե պատի բազմաթիվ շերտերի մեջ ու մանր նետերի խրձով ցրվեց սպասասրահով։ Ճառագայթներից մի քանիսը հպվեցին սուրճի մեքենայի մետաղե ծորակին։ Վերջինս ջերմ շողաց, թշթշաց ու գոլորշու մի քանի անվստահ քուլա փնչացրեց դուրս։

Կիսադատարկ սրճարանում աշխատող աղջիկը շտապ-շտապ գոլորշու հոսանքի տակ դրեց սպիտակ գավաթները՝ պարբերաբար ձեռքը կտրուկ հետ քաշելով ու կպցնելով ականջին, կծելով շրթունքն ու կլորացնելով մուգ կանաչ աչքերը, ասես հիմա լաց կլինի։ Նրա շտապ շարժումները շատ զգույշ էին ու անվարժ, ասես նա կանգնած էր ոչ թե հատակին, այլ սառույցի վրա, ու վախենում էր ամեն վայրկյան սայթաքել։ Նրա ծղոտագույն մազերը համառորեն փորձում էին դուրս պրծնել կարճ պոչի միջից, և մատուցողուհին ստիպված էր պարբերաբար նորից կապել դրանք։

-Կարո՞ղ եք, վերջապես, տալ իմ սուրճը, հարցրեց իմ կողքին նստած երիտասարդը։ Նա արմունկներով հենվել էր բարին ու մատով պտտում էր իր առջև դրված արևային ակնոցը։ Տղան պարբերաբար տրորում էր չսափրած դեմքն ու խառնում կարճ, անկանոն մազերը։ Նրա ոտքերի մոտ՝ բարձր աթոռի կողքին հենված էր սև պայուսակի մեջ պահված կիթառը, կողքին՝ քառակուսի, ոչ մեծ ճամպրուկ էր դրված, որի վրա էլ տղան հենել էր մի ոտքը։ Նրա կարճ կաշվե վերարկուն ընկած էր ուղիղ հատակին։

Աղջկա այտերը զգալիորեն կարմրեցին, ինչը, հաշվի առնելով նրա մաշկի չափազանց սպիտակ լինելը, նկատելի էր նույնիսկ սպասասրահով անցնողների համար։ Նա թույլ սեղմեց ձեռքի սրբիչը՝ կարճ հայացք նետելով տղայի կողմը՝ դեմքով միաժամանակ խնդրանք, բարկություն ու հուսահատություն արտահայտելով։

Տղան ուսերը թոթվեց ու ցույց տվեց ժամացույցը։

Սեղաններից մեկի մոտ նստած տարեց տղամարդը իջեցրեց կիսալուսնաձև ակնոցն ու թերթի վրայով նախատինքով նայեց երիտասարդին, բայց վերջինս չնկատեց դա։

Աղջիկը սկսեց ինչ-որ բան փնտրել դարակների վրա՝ միաժամանակ փորձելով տեղավորել ձեռքում բռնած կաթի շիշն ու շաքարի տուփը։ Իրարանցման մեջ նա արմունկով հրեց սեղանի անկյունում դրված գիրքն ու էջերի արանքից դուրս նայող մատիտը, որոնք ինքն էր մի քիչ առաջ այդտեղ դրել։

Երիտասարդը հազիվ լսելի փռթկաց՝ փորձելով թաքցնել դա ձեռքի ափով։ Աղջիկը բարկացած նայեց նրան՝ հոնքերը վրդովված կիտելով։

-Ես ուշանում եմ, հասկանո՞ւմ եք,- բարձր ձայնով ասաց տղան՝ փորձելով թաքցնել ժպիտը,- քիչ հետո իմ թռիչքն է։

Սրճարանի ևս մեկ-երկու այցելու զարմացած բարձրացրին գլուխները՝ հայացքներով շանթելով հանդուգն երիտասարդին ու կարեկցելով մատուցողուհուն։

-Կտամ ես քո սուրճը,- կիսաձայն փնչացրեց աղջիկը՝ ոտքով թույլ հարվածելով հատակին։ Նա կրկին շրջվեց դեպի սուրճի մեքենան, որն արդեն շոգեքարշի պես աղմկում ու գոլորշու զայրացած շիթեր էր կրակում երկու ծորակներով։ Մատուցողուհին մի պահ կանգ առավ՝ ցուցամատը հպելով կճատ քթին, հետո սկսեց ինչ-որ կոճակներ սեղմել։

-Միգուցե օգնե՞մ Ձեզ,- հեգնանքով առաջարկեց երիտասարդը։

-Շնորհակալ եմ,- բարկացած վրա բերեց աղջիկը՝ սուրճի վրա լցնելով հարած կաթն ու բաժակի կողքին դնելով շաքարավազի թղթե փոքրիկ փաթեթները։

-Վերջապես,- հառաչեց տղան՝ կրկին ցուցադրական նայելով ժամացույցին։

-Սա քո սուրճը չի,- քմծիծաղ տվեց աղջիկը՝ բաժակը զգուշությամբ տանելով թերթ կարդացող տղամարդուն, որը հայացքը չէր հեռացնում երիտասարդից։

-Խնդրեմ, կներեք ուշացման համար,- մեղավոր ձայնով քրթմնջաց աղջիկը։

-Ես չեմ շտապում,- ժպտաց տղամարդը՝ դանդաղ աչքերին հրելով ակնոցն ու վերադառնալով թերթին։

-Ձեզ, ի՞նչ է, թվում է, թե ես պատրաստվում եմ ծերությունս այստեղ դիմավորել,- վրդովվեց երիտասարդը՝ սովորականից ուժեղ պտտելով սեղանին դրված ակնոցը։

-Եթե այդքան շտապում ես, կարող ես գնալ,- փոքր –ինչ ավելի բարձր պատասխանեց աղջիկը՝ զայրույթից թափ տալով սրբիչն ու կնճռոտելով ճակատը, ասես պատրաստվում է արտասվել։

Տղան բարձրացրեց հոնքերը։

-Եթե չէիք պատրաստվում իմ պատվերը կատարել, պետք է ժամանակին ասեիք։

Աղջիկն առանց մի խոսք ասելու լցրեց սուրճն ու դրեց տղայի դիմաց, ուղղեց գոգնոցն ու հեռացավ սրճարանի մյուս անկյունը՝ փորձելով թաքցնել հուզմունքը։

Երիտասարդն անշտապ կռացավ բաժակի վրա ու առանց այն բարձրացնելու՝ համտեսեց գավաթի վրա կանգնած կաթի փրփուրը։ Հետո կնճռոտեց դեմքն ու թույլ շարժումով հեռու հրեց գավաթը։

-Մի րոպե, կարելի՞ է,- մատը բարձրացրեց նա՝ նայելով աղջկան։

Վերջինս շրջվեց դեպի տղան, այնքան ուժեղ սեղմեց շրթունքները, որ երևացին այտի փոսիկները, հետո վճռական քայլերով մոտեցավ տղային՝ ձեռքերը խաչելով կրծքին։

-Ի՞նչ է ուզածդ,- ցածրաձայն, բայց շատ խիստ ձայնով հարցրեց նա՝ մի փոքր առաջ կռանալով։

-Զզվելի սուրճ է, ես չեմ պատրաստվում սրա համար վճարել,- չափազանց հանգիստ ձայնով և նույնիսկ թույլ ժպիտով արտասանեց երիտասարդը,- կաթը լավ հարած չէ, սուրճից վառված համ է գալիս։

-Կարող ես չվճարել,- ատամների արանքից նետեց աղջիկը, իսկ հետո, ձայնն ավելի իջեցնելով, ավելացրեց,- զզվելի, լկտի, ինքնահավան ապուշ։

Սրճարանում քար լռություն տիրեց։ Լսվում էր միայն իր թեյը խառնող կնոջ գդալի ձայնը, որն ամբողջ գործողության ընթացքում գիրք էր կարդում ու ոչինչ չէր նկատում։

Տղան դանդաղ վեր կացավ, ուղղվեց տեղում, հետո կտրուկ առաջ թեքվեց, ճարպկորեն գրկեց աղջկա ուսերն ու համբուրեց։

Լռեց նույնիսկ աղմկող գդալը։ Կանգ առան դեպի իրենց դարպասները շտապող ուղևորները։ Սպասասրահում տարածվեց հեռավոր գոտիներից մեկի վրա վայրէջք կատարող ինքնաթիռի թույլ աղմուկը։

Մատուցողուհին վերջպես ուշքի եկավ և անվստահ հետ հրեց տղային։

-Ի՞նչ ես անում, հիմար,- շշնջաց նա՝ շփոթված ուղղելով մազերն ու վախենալով բարձրացնել հայացքը։ Նրա այտերը թռիչքի գոտու լույերի պես բռնկվեցին։

-Ամեն ինչ լավ կլինի, դու շատ լավ ես աշխատում,- շշնջաց տղան՝ ժպտալով։

-Դու գիտես, որ ես նոր եմ ստացել այս աշխատանքը, ուզում ես, որ ինձ հեռացնե՞ն,- արագ-արագ սկսեց շշնջալ աղջիկը,- ինչո՞ւ ես եկել ու ծաղրում ինձ։

-Ուզում էի՝ շատ չլարվես։

-Խոզի մեկը։

Տղան կրկին առաջ թեքվեց ու համբուրեց աղջկան, բայց վերջինս այս անգամ շտապեց հետ-հետ գնալ։ Սպասասրահի տարբեր անկյուններից արդեն հավանության բացականչություններ լսվեցին։

-Շո՞ւտ ես վերադառնալու։

-Երկու օրից, դու գիտես։

-Զգույշ կլինես։

-Սուրճը շատ համով էր։

Աղջիկը սրբիչով թույլ հարվածեց տղային՝ չհամարձակվելով նայել այցելուներին։

Տղան դրեց ակնոցը, հագավ վերարկուն, վերցրեց պայուսակներն ու ձեռքով արեց աղջկան։

-Գնա, գնա դե։

Տղան ժպիտը դեմքին շրջվեց ու քայլեց լույսով ողողված միջանցքով՝ ուշադրություն չդարձնելով իրեն հետևող հայացքներին։

Մատուցողուհին սկսեց եռանդով մաքրել բաժակները՝ խուսափելով շրջվել դեպի սպասասրահը։ Քիչ հետո նա մի պահ կանգ առավ, ուղղեց մազերի անկանոն պոչը, ցուցամատը դրեց կճատ քթին, նայեց առաստաղին։

Լույսի հերթական բաժինը բեկվեց ու ցաքուցրիվ եղավ օդանավակայանով մեկ։ Դրանցից մի քանիսը հազիվ լսելի զրնգոցով հպվեցին սուրճի մեքենային։ Մետաղե մակերեսը ուրախ շողաց՝ լուսավորելով այնտեղ արտացոլվող աղջկա ամաչկոտ ու լուսաբացով լցված ժպիտը։