Վայքի ավագ դպրոցի թխկին

Թեև Վայքը չի փայլում անտառապատ սարերով և կանաչապատ մարգագետիններով: Բայց կան ծառեր, որոնց միշտ ուշադրություն են դարձրել: Այդ ծառերից մեկը Վայքի ավագ դպրոցի դիմաց գտնվող թխկենին է: Ո՞վ է իրականում տնկել ծառը, ոչ ոք չգիտի, բայց հիմա, երբ ծառը դարձել է հայտնի, բոլորը ասում են, թե իրենք են տնկել: Միայն գիտեմ, որ տնկվել է 1977-78 թվականներին, երբ կառուցվել է այն ժամանակվա Ազիզբեկովի անվան միջնակարգ դպրոցը: Հիմա կասեք` սովորական ծառ է, գրեթե բոլոր դպրոցներում էլ կան նմանատիպ ծառեր, բայց այդ թխկենին Վայքի ավագ դպրոցի խորհրդանիշն է:
Շատ քիչ տեղերում կգտնես այնպիսի ծառեր, որոնց ճյուղերը այդպիսի համաչափ փռվածք ունենան: Իսկ տերևների զարմանահրաշ երանգի մասին էլ չեմ խոսում: Թխկենին գրավիչ տեսք ունի ցանկացած եղանակի: Նույնիսկ ձմռանը, երբ տերևները թափվում են, և մնում են միայն մերկ ճյուղերը, ծառը չի կորցնում իր գեղեցկությունը:
Վայքի ավագ դպրոցում չես գտնի մի դասարան, որը միասնական գեթ մեկ նկար չունենա այդ ծառի տակ: Այն ժամանակ, երբ դպրոցը դեռ միջնակարգ էր, առաջին դասարանցիները դասարանական նկարի համար շարվում էին ոչ թե աստիճանների վրա, այլ այդ ծառի տակ:
Ճապոնացի բանաստեղծ Ռյոկանի բանաստեղծությունն ասում է.

Ի՞նչ կմնա ինձնից հետո.

Ծաղիկներ գարնանը, կկուն՝ լեռներում

Եվ թխկիի տերևները աշնանը:


Մեր թխկենին տեսնելիս ես միշտ հիշում եմ այս տողերը:

Այսպես էլ Վայքի ավագ դպրոցում ամեն տարի գալիս են ու կյանք գնում նորանոր սաներ, իսկ ծառը մշտախոհ դիրքով կանգնած է դպրոցի դիմաց: Երբ դպրոցի դռնից դուրս ես գալիս, ծառը միանգամից աչքի է ընկնում իր մեծությամբ ու վեհաշուք պահվածքով: Կարծես հսկում է աշակերտներիս սովորելը:
Ի դեպ, հայրիկս ու հորաքույրս նույնպես սովորել են այդ դպրոցում: Հորաքույրս այսպես է պատմում այդ ծառի մասին.
-Երբ որ մենք էինք սովորում, էդ ծառը շատ փոքր էր ու անշուք, բայց հիմա շատ սիրուն ա:


Մեկ է` ինչքան էլ փոքր ու անշուք լիներ, նկարվում էին: Հայրիկս, հորաքույրս նույնպես նկարներ ունեն ծառի ֆոնին: Մեզ՝ աշակերտներիս համար ծառը շատ թանկ ու հարազատ է: Նրա մեջ ինչ որ խոր իմաստ կա, ու միշտ մտածելու առիթ է տալիս: Նրա տակ նստելիս սկսում ես մտածել ժամանակի մասին: Համեմատում ես անցյալդ ու ներկադ ու սկսում կառուցել ապագադ: