Վանաձորը տոնում է Եվրոպայի օրը

Եթե ինչ-որ մեկը, օրինակ ես, մի քիչ պարապ լիներ, ու որոշեր հեռուստացույցից հնչող բառերի արտաբերման հաճախականության վիճակագրություն կազմել, իմ կարծիքով դիագրամի ամենաբարձր սյունը կզբաղեցներ «Եվրամիությունը»։ Դրան հակառակ շատերը, այդ թվում նաև ես, առ այսօր միգուցե շատ աղոտ պատկերացում ունեն Եվրոպական միության ինչ կամ ով լինելու վերաբերյալ։ Ես միայն այսօր կարողացա մի քիչ ավելի հստակ պատկերացնել դրա էությունը, փորձել պարզել, թե ինչ է իրենից ենթադրում Եվրամիության գործունեությունն ու ինչ օգուտներ կարող ենք մենք քաղել դրանից։

Որևէ երևույթի էությունը լավ ընկալելու, չհասկացվածը պարզաբանելու համար մարդկանց հորինած ամենաբնական ու ամենաարդյունավետ մեթոդը հարցուպատասխանն է, ինչից էլ հենց ցանկանում եմ մեջբերել.

«Ո՞րն է ԵՄ-ի առաքելությունը։

Այն է. խաղաղություն հաստատել իր անդամ պետությունների միջև և պահպանել այն, միասնական գործնական համագործակցություն հաստատել եվրոպական երկրների միջև, ստեղծել Եվրոպայի քաղաքացիների ապահով կյանքի երաշխիքներ, տարածել այն արժեքներ, որոնց կրողն են եվրոպացիները։

Ի՞նչ է անում ԵՄ-ն։

ԵՄ-ի գործունեությունը ներառում է նորարարական քաղաքականությունը, որը ժամանակակից նորագույն տեխնոլոգիաները ներդնում է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են շրջակա միջավայրի պաշտպանությունը, հետազոտություններն ու զարգացումը, էներգիան։ Մյուս կողմից այն ներառում է միասնության քաղաքականությունը կամ համերաշխության քաղաքականությունը տարածաշրջանային, գյուղատնտեսական և հասարակական գործերում։

 Ի՞նչ է նշանակում լինել Եվրոպայի քաղաքացի։

ԵՄ երկրների քաղաքացիները կարող են ճանապարհորդել, ապրել և աշխատել ԵՄ տարածքում ցանկացած վայրում։ ԵՄ-ն խրախուսում և ֆինանսավորում է ծրագրեր, մասնավորապես կրթության և մշակույթի ոլորտում, որպեսզի ավելի համախմբի իր քաղաքացիներին»:

Հայաստանը դեռևս Եվրամիության անդամ 28 պետությունների շարքում չէ, սակայն այս կառույցի գործունեությունը լայն մասշտաբների է հասնում նաև այստեղ։ Քանի որ ես եվրոպական որևէ երկրի քաղաքացի չեմ, ուստի հակված եմ մտածելու, որ ԵՄ գործունեության նշված ոլորտներից ինձ (կամ էլ քո) հետ առնչություն կարող են  ունենալ կրթության և մշակույթի ոլորտում իրականացվող ծրագրերը։

Այսօր Վանաձորը տոնում էր Եվրոպայի օրը, ինչի առթիվ Հայքի հրապարակում ներկայանում էին ԵՄ աջակցությամբ ու ֆինանսավորմամբ իրականացվող մի շարք ծրագրեր ու պատմում էին իրենց գործունեության մասին, որոնք էլ հիմնականում վերաբերում էին ինձ ու քեզ հետաքրքրող կրթությանն ու մշակույթին։

Այստեղ էին Թումոյի ներկայացուցիչները, ովքեր ունեն համատեղ ծրագիր ԵՄ-ի հետ, որի շրջանակներում ստեղծում են հակակոռուպցիոն խաղ և կոմիքս։ Ոչ խաղը, ոչ կոմիքսը դեռևս հանրայնացված չեն, նախատեսվում է հունիս ամսից սկսած ամեն շաբաթ թողարկել կոմիքսի նոր համար, իսկ խաղի վերջնական տարբերակը թողարկել սեպտեմբերին։ Ըստ հեղինակների՝ թե՛ խաղը, թե՛ կոմիքսը հորինված աշխարհ են, բայց ներկայացնում են իրական խնդիրներ և փորձում տալ այդ խնդիրների լուծումները։ Կոմիքսի գլխավոր հերոսը ձգտում է շարունակել իր պապիկի գործը և պայքարել տեղի ունեցող անարդարությունների դեմ, որոնցից մեկի պատճառով էլ մահացել է իր պապիկը։ «Փորձել ենք մաքսիմալ հետաքրքիր դարձնել, բավականին բարդ պատմություն է. ինչքան երեխան խորանա, այնքան նոր բաներ կբացահայտի։ Բավականին դժվար է նման թեմայով հետաքրքիր, գրավիչ բան ստեղծելը, չնայած որ շատ կարևոր թեմա է»,- ասում է զրուցակիցս։ Տաղավարում հավաքված երեխաներին սովորեցնում էին կոմիքսներ կարդալու ձևը, թույլ էին տալիս փորձարկել խաղի դեմո տարբերակը։

Մյուս տաղավարն զբաղեցրել էր ԿոլբաԼաբ (Kolba Innovations Lab)-ի ներկայացուցիչը, ով պատմեց ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող «Նորարար առաջընթաց» ծրագրի մասին, որն իր մեջ նորարարության երեք ուղղություն է ներառում. աջակցություն քաղաքացիներից ստացված ստարտափների գաղափարներին, ստարտափների աջակցություն պետական ոլորտում և հանրային ոչ ֆորմալ միջոցառումների շարքի իրականացում։ Այս ծրագիրը տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն, ֆինանսական աջակցություն կամ էլ թիմի մասնագետ-անդամներ այն բոլոր ծրագրերին, որոնք գնահատվում են որպես լավ, օգտակար ու իրականանալի նորարաարկան գաղափարներ։ Քաղաքացիների կողմից ստացվող սթարթափների համար չկան թեմատիկ կամ ժամկետային սահմանափակումներ, չկան հայտադիմումների ստանդարտ ձևեր. եթե կա որևէ սոցիալական խնդիր, ու դու դրա համար լուծում ես գտել, ուղղակի պետք է այցով կամ նամակով պատմես քեզ անհանգստացնող խնդրի մասին ու առաջարկես քո արդյունավետ լուծումը։ Սթարթափների հիմնական կարգախոսը հետևյալն է. օգտագործողն ինքն ամենալավը գիտի առկա խնդրի մասին։

-Ո՞րն է եղել ձեզ հանդիպած ամենավառ գաղափարը։

-Երբ ասում ենք նորարարություն, պարտադիր չի որ դա լինի տեխնոլոգիական ոլորտում։ Երկու տարի առաջ «Տեղական ինքնակառավարման համակարգ» թեմայով մրցույթ էին հայտարարել, Գյումրիում մի տղա առաջարկել էր բակերը լուսավորել արևային լուսասյուներով։ Սա էլ նորարար չէ, ամբողջ աշխարհում կիրառվում է, բայց իրական գաղափարն այլ է. տեղադրված սյուների մոտ թաղապետարանը նստարաններ էր տեղադրել, հետո մարդիկ սկսել էին դրանց շրջակայքը մաքուր պահել, հավաքվել նստարանների մոտ, այդպիսով ամբողջ միջավայրի նկատմամբ վերաբերմունքը փոխվել էր։ Իրականում այս օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է շրջապատն ու մարդկանց վարքագիծը փոխել, իսկ ստարտափը լիովին համապատասխանում է «Աշխարհին խաղաղություն» թեմային, որին, թվում է, ոչ մի կերպ չես կարող հասնել, բայց այսպիսի փոքրիկ միջամտությունը մի քիչ մոտեցնում է դրան։

Ես, իհարկե, ավելի երկար զրուցեցի տեխնոլոգիական ոլորտում իրականացված ստարտափների մասին, բայց դրանք դժվար թե հետաքրքիր գնահատվեն քո կողմից, այնպես որ, արի ուղևորվենք դեպի ԵվրոՔլաբ (EuroClub): Այստեղ միավորվում են Հայաստանի բոլոր ակտիվ երիտասարդները տարբեր մարզերից և, որպես կամավոր, իրենց բոլոր ջանքերն են ներդնում իրենց համայնքների զարգացմանն ուղղված աշխատանքներում։ Ակումբ ինտեգրված երիտասարդները այլևս չեն սպասում որևէ ծրագրի օգտին աշխատելու, այլ սեփական նախաձեռնությամբ կազմում են նպատակաուղղված նոր ծրագրեր ու միջոցառումներ և ձեռնամուխ լինում դրանց կատարմանը։ Ներգրավված յուրաքանչյուր երիտասարդ ունի իրեն հետաքրքրող կամ հուզող հարցերի շրջանակը, որն էլ հիմնականում պայմանավորված է այն մարզում, համայնքում կամ բնակավայրում առկա խնդիրներով, որտեղ ինքը բնակվում է։

Հաջորդ տաղավար գնալուս ճանապարհին ինձ իրենց հատկացված տաղավար տարան մեր քաղաքի ավագ դպրոցներից մեկի աշակերտները, որոնք, ինչպես պարզվեց, ևս կազմում են ԵՄ-ի հետ իրականացվող ծրագրերի մի մասը։ «Ճանաչենք Եվրոպան» ծրագրի շրջանակներում տարբեր դպրոցների ուսումնասիրության առարկան են դարձել Եվրոպայի տարբեր երկրներ, իսկ նրանց բաժին էր հասել Ռումինիան, որի պատմությունը, մշակույթը, ԵՄ-ը անդամակցությունն ու Ռումինիայում ապրող հայտնի հայերին ներկայացրել էին երկրի քարտեզի ձևն ու դրոշի գույներն ունեցող մեծ պաստառի տեսքով։

Հաջորդ կանգառս «Օրգանական սնունդ առողջ կյանքի համար» կարգախոսով մի համեղ սեղանի մոտ էր։ ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի «օրենսդրական ուժ» տալ օրգանական սննդի սերտիֆիկացմանը։ Օրգանական սննդի սերտիֆիկացումը բավականին ծախսատար է, ինչի արդյունքում Հայաստանում շատ քիչ արտադրողներ են անցնում սերտիֆիկացում, իսկ ներկայումս հայկական շուկայում ապրանքների մինչև հինգ տոկոսն է օրգանական։ Սերտիֆիկացման համար ծախսվող գումարի հետևանքով օրգանական սննդի ինքնարժեքը բարձրանում է, օրգանական սնունդ արտադրող գործարանը կորցնում է ստացված բերքի մոտ երեսուն տոկոսը, քանի որ վնասատուների դեմ պայքարում քիմիական նյութեր չի օգտագործում, իսկ վնասված բերքը դառնում է անպետք՝ արտադրանք կազմակերպելու համար, ինչի պատճառով էլ օրգանական սննդի արժեքը գերազանցում է ոչ օրգանականին (ես կարծում եմ՝ ավելի ճիշտ է ասել չսերտիֆիկացված, քանի որ հնարավոր է, որ սերտիֆիկացնելուց հետո այն ևս արժանի համարվի օրգանական սննդի կոչմանը) մոտ երկու անգամ։ Զրուցակիցս նշում է, որ Հայաստանում ժողովուրդը տեղյակ չէ օրգանական և ոչ օրգանական սննդի տարբերություններից, համարում է, թե ամենամաքուր ու օրգանական սնունդը գյուղացու արտադրանքն է, սակայն իրականում դրանց մեջ քիմիական նյութերի քանակը կարող է գերազանցել թույլատրելի շեմը մի քանի անգամ, ինչպես, օրինակ, կարտոֆիլի ու սոխի դեպքում է։

Մեր կյանքն ու առողջությունը կասկածի տակ դնող փաստեր են, ինչ խոսք, բայց քանի դեռ ամեն ինչ կորած չէ, մենք շարժվենք առաջ ու հանդիպենք Armenian Progressive Youth ծրագրի ներկայացուցիչների հետ։ Ծրագրի նպատակն է՝ Հայաստանի մարզերի գյուղական և քաղաքային համայնքներում բնակվող երիտասարդների հզորացումն ու նրանց կարողությունների զարգացումը։ Դասընթացների, տեղեկատվական հանդիպումների և քննարկումների միջոցով ծրագիրը խթանում է մասնակիցների անձնային և մասնագիտական զարգացումը՝ ծանոթացնելով նրանց ավելի ներգրավված և ակտիվ քաղաքացիներ դառնալու հնարավորությունների հետ և խրախուսելով նրանց ակտիվ մասնակցությունը համայնքի կյանքին։ Ծրագրի շրջանակներում կազմակերպիչներն արդեն հասցրել են աշխատել շուրջ 14.000  հայ երիտասարդների հետ։ Միջազգային ծրագրերի օգնությամբ երիտասարդներին հնարավորություն է տրվում մասնակցել Եվրոպական երկրներում իրականացվող տարբեր ծրագրերի, իսկ ճանապարհածախսն ու կացության բոլոր ծախսերը հոգում է ծրագիրը։

Ամենավերջին տաղավարում փայտիկներից փորձում էին կառուցել Հայաստան-Սփյուռք կամուրջը։ Այստեղ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ուներ մտորելու, թե ինչ կտա մեզ՝ հայությանս, Հայաստանի ու սփյուռքի համախմբումը։ Ինչ ասեցի ե՞ս։ Մի քիչ երկար մտածեցի, ինձ համար անսպասելի հարց էր։ Հետո եզրակացրի. թվապես ավելացումն ու մեզնից հեռու մեր հայրենակիցների հետ համախմբումը մեզ միջազգային ավելի նպաստավոր դիրք գուցե ընձեռի, ինչը հիմա Հայաստանին շատ խիստ անհրաժեշտ է։ Երևի միջազգային լայն ճանաչում կբերի։

Ավարտվեց օրվա ճանաչողական մասը, բայց հասցրեց առիթ ընձեռել իրարից տարբեր թեմաների շուրջ զրուցելու իրենց գործի գիտակ մարդկանց հետ, սեփական խղճի հանգստության համար տարբեր հարցերի պատասխաններ բացահայտելու, մտածելու, նոր հետաքրքրություններ գտնելու։ Չգիտեմ, քեզ գուցե շատ էլ ձանձրալի թվաց մինչև այստեղ կարդալ-հասնելը, գուցե այդպես էլ չհասար, բայց իմ էությամբ մարդկանց համար, ովքեր երբեք չեն կարողանում մի բնագավառի, մի ոլորտի պատերի ներսում մնալ ու ամենածայրահեղ հեռու թեման էլ մեծ սիրով են ընդունում ու փորձում տրամաբանորեն ավելի խորքերը գնալ, աննախադեպ հնարավորություն էր։

Ինքս ինձ բացահայտեցի։ Վերջին տաղավարից հեռանալուց հետո հաճելիորեն զարմացա, երբ ինքս իմ մեջ նկատեցի, որ բոլոր թեմաներով էլ կարողանում եմ զրույց վարել, իսկ ես միշտ ուզեցել եմ, որ ամենից առաջ ցանկացած մասնագիտության տեր մարդու հետ լինեմ լավ զրուցակից։ Ամենակարևորը, առանց գոնե նախապես իմանալու, թե ում հետ ու ինչ թեմայով եմ զրուցելու, առանց գոնե մեկ հարց նախապես պատրաստելու լավ էլ տակից դուրս եկա։ Գրածիցս երևի չես էլ զգա, որովհետև  ամբողջը գրել չի լինի, որովհետև հետաքրքիր զրույցները մնացին այնտեղ՝ մեր մեջ ու սփռոցների ծայրերից կախված, մնացին հավաքածս թռուցիկների թղթերի մեջ ներծծված։

Բազմազբաղ օրվանից հետո սպասվող համերգը ծանրացած ուղեղների համար իսկական հանգստություն ու լիցքաթափում բերեց։ Ի՜նչ խոսք, դիջեյը լավն էր։

Վիդեոն՝ Մերի Անտոնյանի, Մարատ Սիրունյանի

Հոդվածից հեռու ու թեմայից դուրս՝ հետգրության կարգով. կարծում եմ մեր կյանքում «Մանանայի» դերի մասին հոդված գրելն արդեն ավելորդ է, որովհետև այդ դերը, մեր հաղթանակներից բացի, մեր  հոդվածներում բացահայտ գրված կամ տողատակերում պատկերված անձնական բացահայտումներն էլ են, մնացած խոսքերն ու շնորհակալություններն արդեն արհեստական են հնչում (ի դեպ, երևի արդեն գիտես, որ «Մանանան» էլ հենց Եվրամիության ֆինանսավորմամբ կարողացավ իրականացնել «Երիտասարդների արտահայտման ազատության խթանումը քաղաքացիական լրագրության միջոցով» ծրագիրը, որի լավագույն արդյունքը Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի ձևավորումն էր ու մեր 17.am կայքը)։