Sabina Davtyan

Վերջինը կամ վերջինիս…

Ես քեզ հրաժեշտ չտվեցի… 

Ես չեմ սիրում հրաժեշտ տալդա իմը չէ… 

Երեկոն քամոտ էր, անձրևոտ ու անհանգիստ ինչպես ես: Չգիտեմ, թե ինչպես է ստացվում, որ հոգեվիճակս եղանակին միշտ համահունչ է լինում, բայց հարազատ բան եմ միշտ զգում, հանգստություն ու նմանություն եմ զգում…  Եղանակն էլ ինձ նման շփոթված, փոփոխական ու տարօրինակ է: Այնքան արագ է փոխվում, չես հասկանում, թե ինչ հագնել, վերարկու վերցնել քեզ հետ, թե կարճաթևով ման գալ, եթե վերարկու վերցնես, միգուցե ամբողջ օրը քեզ նեղություն ու անհարմարություն պատճառի, իսկ եթե չվերցնես, միգուցե մրսես: Քչերը կհասկանան, թե ինչ է իրականում թաքնված այս տողերի տակ, ինչևէ չեմ ցանկանա, որ այս բառերի տողատակը ձեզ ծանոթ լինի, բայց չգիտեմ անգամ ձեզ ինչ խորհուրդ տալ. Մրսե՞լ, թե՞ ինքներդ ձեզ նեղություն տալ, ինչպես անում էի ես, բայց մի օր խելքի եկա:

Հա, հա, սիրելիս, խելքի եկա…  Չե՞ս հավատում, չէ՞…  Շփոթված ես հիմա, գիտեմ… Անգամ գիտեմ, թե հիմա ինչպես ես ծխախոտի գլանակները իրար ետևից նյարդային հանգցնում, անգամ կարող եմ ասել, թե քանի տուփ զգացմունքներիդ զոհ կգնա, իսկ պակասության դեպքում խանութի ճանապարհը լավ գիտես, կհագնվես, մազերդ կսանրես (դու մազերիդ հանդեպ միշտ ուշադիր ես եղել, միգուցե ինձանից շատ) երկար կնայես հայելուն, հետո դուռը կփակես ու մտամոլոր խանութ կգնաս:

Ծխախոտը կգնես, կհանգստանաս, բայց սիրելիս, իմ պակասը ո՞նց ես լրացնելու:Արդյո՞ք խանութներում կամ փողոցներում, քաղաքներում ու գյուղերում, ակումբներում կամ համալսարաններում, միգուցե ուրիշ երկրներում փոխարինող գտնելո՞ւ ես, թե միշտ շողքս հետապնդողի դերում կլինի:

Այնքան անսովոր է քո մասին անցյալով խոսել, անունդ չտալ, քեզ գաղտնի պահել: Գիտե՞ս, ասում են սիրելու դեպքում հանգամանքները բաժանման պատճառ չեն դառնում: Ստում են հանգամանքնե՞րը, թե՞ մարդիկ: Ստում են,   բոլորն են ստում, ու դու ես ստել ինձ միշտ: Դու բացառություն չես: Դու ուղղակի կրկնվող երևույթ ես: Դժվար է չստել ինքդ քեզ, բայց ավելի դժվար է խոստովանել, որ ամենամոտ մարդն է  քեզ ստում…

Ասա, նայիր աչքերիս ու ասա, թե ինչպես ես համարձակվել  ստել քո ունեցած կամ չունեցած, կիսատ թողած սիրավեպերի մասին:

Ստիր ինձ ու ասա, որ այս անիծյալ քաղաքում ամեն քայլափոխիդ դավաճանություն տեսնելով գլուխդ բարձր ես անցել, քանի որ մտքումդ ես էի՝ ընտրությունդ, իսկ քո ընտրությունը միշտ անդավաճան պետք է լինի:

Լինի՞, թե՞ լիներ, կլինի՞, թե՞ եղավ…

Չգիտեմ` ներողություն խնդրե՞մ, թե՞…

Իսկ ո՞րն է իմ մեղքը:  Միգուցե մեղավոր եմ, որ չափից շատ բան եմ արել քեզ համար, որ հիմա միակ հնարավոր հաջորդ քայլը՝ կանգ առնելն է: Հանգիստ թողնել քեզ: Հեռանալ:

Միգուցե հեռանալուցս հետո սկսել տեսնել, գնահատել, գիտակցել, հասկանալ, ափսոսել ու փոշմանել…

Միգուցե պետք է մոռանալ այն, ինչ զգում ես, և հիշել այն մասին, թե ինչին ես արժանի…