serine harutyunyan

Վերջին անգամ

Վերջին անգամ… Ինչքա՜ն բաներ ենք մենք վերջին անգամ անում: Երբեմն ցավով, կարոտով, երբեմն էլ՝ ուրախությամբ: Բոլոր տասներկուերորդցիների համար այս տարի այդ վերջինները շա՜տ են լինելու: Վերջին դպրոցական արձակուրդիս վերջին օրն է: Վերջին անգամն եմ որպես աշակերտ անհամբերությամբ սպասում սեպտեմբերի 1-ին: Վերջին անգամ եմ այդ օրը որպես աշակերտ ոտք դնելու երկրորդ տունս՝ հարազատ դարձած դպրոցս: Հետո, գուցե դպրոցն էլի սպասի ինձ՝ իր ակտիվ աշակերտուհիներից մեկին, բայց արդեն ոչ որպես աշակերտուհի: Գուցե ուսուցիչներս էլ սպասեն ինձ՝ իրենց հարցասեր աշակերտուհուն, կարոտեն ինձ ու իմ մեկը մյուսից տարօրինակ ու անվերջանալի հարցերը:  Այ, իսկ ուսուցիչներիս համար ես միշտ նույն հետաքրքրասեր, հարցեր տվող աշակերտուհին եմ մնալու: Վերջին անգամ մեզ կհարցնեն, թե ինչպես անցան ամառային արձակուրդները, ով, ուր գնաց երեք ամիսների ընթացքում: Դե, դա պարտադիր հարց է, չէ՞: Վերջին անգամ եմ սեպտեմբերի 1-ին նյարդայնացած իմ աթոռն ու սեղանը փնտրելու, որոնց վրա միշտ ինչ-որ նշան եմ անում: Վերջին անգամ, էլի չեմ գտնելու: Վերջին անգամ, էլի մեկ ուրիշն եմ վերցնելու: Ու կապ չունի, որ մյուս տարի դրանք էլ ինձ պետք չեն գան, միևնույն է, վերջին անգամ, վերջիններիս վրա, էլի ինչ-որ նշան եմ անելու:
Ախր, ո՞նց անցան,  է՞…  Հիշում եմ, մորս ձեռքից բռնած, առաջին անգամ ամաչկոտ հայացքով մանկապարտեզ մտնելս: Հետո` առաջին դասարան: Հիշում եմ առաջին զանգս: Հիշում եմ առաջին ուսուցչուհուս՝ երիտասարդ, գեղեցիկ, իսկ հիմա՝ արդեն մի քիչ մեծացած: Ինչքա՜ն շատ բան ունեմ հիշելու… Հիշում եմ, թե ինչպես էինք ճաշարանից բերած հացը տաքացնում վառարանի վրա: Միշտ մի փոքրիկ կտոր պահում էի դպրոցի ճանապարհին հանդիպող մի շան համար: Տաքացնելիս երբեմն վառում էինք, երբեմն էլ՝ վառարանի դուռը բաց թողնում՝ դե, դաս չանելու առիթ էր:

Հիշում եմ առաջին քննությունս, վախից դողում էի: Հետո, հաջորդ սեպտեմբերի 1-ը: Հիշում եմ դասղեկիս, առաջին անգամ մեր դասարանում, մեզ հետ ծանոթանալիս: 7 տարի առաջ էր: 7 տարին 7 օրվա պես անցավ, իսկ հիմա այդ տարիներս լուռ, կարոտով հիշում եմ: Տարիներ առաջ ուզում էի, որ այս վերջինը շուտ գա: Իսկ հիմա, հիմա այդ տարիներ առաջն եմ ուզում: Հիշում եմ 12.12.2012-ին ամբողջ դպրոցով դասից փախչելը, պատուհանով պայուսակները շպրտելը: Հիշում եմ ու կարոտում:
Վերջին անգամ գրավորների տետրեր կհավաքենք: Վերջին անգամ  օրագրիս մեջ բոլոր ուսուցիչներիս անուն ազգանունները կգրեմ: Վերջին անգամ դասագրքեր կստանամ ու ծանրությունից դժգոհելով տուն կգնամ: Վերջին անգամ ուսուցչանոցից դասամատյան ու կավիճ կբերեմ: Վերջին անգամ, էլի ինչ-որ հարցով կթակեմ տնօրենի սենյակի դուռը, որն այնքա՜ն հարազատ է դարձել: Վերջին անգամ, էլի կբողոքենք ցրտից:

Ինչքա՜ն բան ունեմ հիշելու, կարոտելու ու վերջին անգամ անելու համար:
Իսկ հետո՝ ամենավերջում, երբ ավարտված կլինեն բոլոր վերջիններս, կհնչի դպրոցական վերջին զանգս: