serine harutyunyan

Վերջ, ոչինչ էլ նույնը չի լինի

Վերջ… Մի զանգ, ու կավարտվի մանկությունս, իր մեջ այդքան քաղցրություն ունեցող մանկությունս… Չէ՛, չնայած զանգը չէ, որ պետք է մեր մանկության ավարտն ազդարարի: Հարյուրավոր զանգեր լսելուց հետո էլ կարող ենք նույն մանուկը մնալ, հարյուրավոր զանգեր լսելուց հետո էլ կարող ենք ինչ-որ բանի սպասել սրտի նույն, մանկական թրթիռով …

Զանգ է, էլի… Կմտածեն շատերը, բայց չէ՛, դա ոչ զարթուցիչիդ զանգն է, որ լսում ես ամեն առավոտ, ոչ էլ ուղղակի հեռախոսազանգի ձայն…
Զանգ է, էլի… Կմտածեն շատերն ու երևի չեն էլ հասկանա, որ դա հասարակ զանգ չէր…
Զանգ է, էլի… Կմտածեն շատերը, ու երևի շատերի համար ոչ մի բան էլ առանձնապես չի փոխվի…
Դե, զանգ է, էլի, սովորական զանգ… Չէ՛, սովորական չէ, ամենաանսովորն է…
Մտածում եմ, փորձում եմ հասկանալ, այդ հնչող զանգը դասամիջոցինը կլինի՞, թե՞ դասինը… Չի հասկացվում ոչ մի կերպ, տարօրինակ է, տարօրինակ ու անսովոր մի զանգ… Դպրոցում զանգը հնչում է կամ դասի, կամ էլ մեր այդքան սիրելի դասամիջոցի համար… Բայց մի վայրկյան, այդ զանգը կիրակի օրն է հնչելու… Հը՜մ, կիրակի օրը դպրոց չեն գնում, չէ՞… Բա էլ ի՞նչ զանգ, ի՞նչ դաս, ի՞նչ դասամիջոց… Անսովոր է, տարօրինակ…
Կհնչի զանգը, ու կապ չունի ուզում ենք դա, թե՝ ոչ…
Երբ դեռ հինգերորդ կամ վեցերորդ դասարանում ես, անվերջ երազում ես այդ զանգի, քո համար հնչող զանգի մասին… Բոլորն էլ գոնե մի պահ երազում են շրջանավարտ լինելու, դպրոցն ավարտելու մասին: Չգիտեմ՝ ինձ մոտ ոնց է ստացվել, բայց երբեք նման բան չեմ երազել:
Մի քանի օր էլ, ու վերջ… Չգիտեմ, չեմ պատկերացնում, որ էլ դպրոց չեմ գնալու: Էլ շատ բաներ նույնը չեն լինելու իմ կյանքում:
Էլ մաթեմատիկայիս ուսուցչին տարօրինակ հարցեր չեմ տալու, ու հետո ասեմ, որ մեկ է, մաթեմատիկան լավ առարկա չէ…
Էլ հայոց լեզվիս ուսուցչուհուն չեմ ասելու, որ երանի 10 հատ անգլերեն սովորեմ, մի հատ հայոց չսովորեմ…
Էլ աշխարհագրության ժամին պատուհանի մոտ նստած գրավոր չեմ գրելու:

Էլ պատմության ուսուցչուհուն չեմ համոզելու, որ դասը իրոք սովորել եմ, ուղղակի չեմ հիշում:
Էլ ռազմագիտությանս ուսուցչի Շուշիի գրավման մասին պատմությունները չեմ լսելու ամեն դասի…
Էլ հասարակագիտությանս ուսուցիչը չի ասելու. «Այ աղջիկ, մի քնի, զարթնի, այ քնած»…
Էլ դասերի ժամին թաքուն շտեմարան չեմ գրելու…
Էլ ամեն անգամ ուսուցչանոցի կողքով անցնելուց դասարանի համար կավիճ չեմ բերելու: Չնայած, էլ ուսուցչանոցի կողքով անցնելու առիթ չեմ էլ ունենալու…
Չգիտեմ, չեմ հավատում, որ մյուս սեպտեմբերին էլ դպրոց չեմ գնալու ու փնթփնթալով իմ ճռճռացող աթոռն ու սեղանը չեմ փնտրելու:
Վերջ, մի քանի օրից կհնչի վերջին զանգը: Ոչ մեկիս մանկությունն էլ չի ավարտվի, էլի ինչ-որ տեղ մանկության գոնե մի նշույլ անպայման կմնա:
Կհնչի, զանգը կհնչի, ծաղիկներով, մի քիչ թաց աչքերով…
Մանկությունը չի ավարտվի, բայց գիտեմ, ոչինչ էլ նույնը չի լինի…

Մայիս, 2017